ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ՈՒղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ՈՒղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
20.04.2026 | 17:51

Ապրիլի 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն:

Մայր Տաճարի ղողանջների ներքո Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքին թափորով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարվեց «Հրաշափառի» արարողություն։

Տաճարում երկու Հովվապետերը խոնարհվեցին Իջման Սուրբ Սեղանի առջև: Միասնական աղոթքից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հանուն Մայր Աթոռի միաբանության, ողջունեց և իր բարեմաղթանքները հղեց Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Պատրիարքին:

Իր հերթին Եփրեմ Բ Պատրիարքը գոհունակություն հայտնեց Աստծո կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղոթք վերառաքեց Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Ապա Վեհարանում տեղի ունեցավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ