Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

«Ֆիլոկալիա»՝ կենդանի զենք ընդդեմ հոգևոր կուրության և «բարոյազրկման բիզնեսի»

«Ֆիլոկալիա»՝ կենդանի զենք ընդդեմ հոգևոր կուրության և «բարոյազրկման բիզնեսի»
18.02.2026 | 14:34

«Նորօրյա» Հայաստանը գտնվում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև գոյաբանական խոր ճգնաժամի մեջ։

Այն, ինչ ներկայում կատարվում է մեր երկրի շուրջ և երկրի ներսում, սովորական իշխանազանցության կամ քաղաքական վայրիվերումների դրսևորում չէ։

Դժբախտաբար, մենք ժամանակակիցն ու ականատեսն ենք համակարգված այնպիսի ողբերգության, երբ օտարի շահերը սպասարկող ուժերի մի խմբավորում փորձում է կազմալուծել հայ մարդու հոգևոր դիմադրողականությունը, կտրել նրան իր պատմական արմատներից և վերածել հիշողությունը կորցրած անդեմ ու անանցյալ զանգվածի։

Այս համատեքստում Եկեղեցու դեմ սանձազերծված հալածանքները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ իրականացվող աննախադեպ սահմանափակումները և հոգևոր հայրերի թիրախավորումը ոչ թե պատահականություն է, այլ դրսից կազմակերպված և ներսի դավաճանների ձեռքով իրականացվող դիվերսիա։

Սա հարված է այն միակ ինստիտուտին, որը դարեր շարունակ եղել է մեր պետականության պահապանն ու բարոյականության չափանիշը։ Երբ պետական մեքենան իր ողջ հզորությամբ պատերազմ է հայտարարում Սրբությանը, դա նշանակում է, որ չարիքն այլևս չի թաքնվում և բացահայտ փորձում է հաստատել իր «բարոյազրկման բիզնեսը»։

Հենց այս մռայլության մեջ, որպես հույսի ու լույսի շող և սթափության կոչ, ղողանջում է քրիստոնեական իմաստնության մեծագույն գանձարանը՝ «Ֆիլոկալիան»։

Սուրբհայրական այս ժառանգությունը մեզ հուշում է, որ ցանկացած բռնապետություն և անիրավություն սկսվում է տգիտությունից և ավարտվում այնտեղ, որտեղ արթնանում է մարդու գիտակից հոգին։

Այսօրվա իրականությունը հիշեցնում է վաղ քրիստոնեական շրջանի հալածանքները։ Հոգևորականներին շինծու մեղադրանքներով բանտարկելը, նրանց ազատությունը սահմանափակելը և Կաթողիկոսի դեմ իրականացվող հարձակումները «Ֆիլոկալիայի» լեզվով կոչվում են «հոգևոր կուրություն»։

Երբ իշխանավորը կորցնում է ներքին խաղաղությունը, նա սկսում է պատերազմել Սրբության դեմ։

Բայց ճշմարտությունը հնարավոր չէ բանտարկել, իսկ ով պատերազմում է Աստծո տան դեմ, նա պատերազմում է սեփական ժողովրդի գոյության դեմ։

«Ֆիլոկալիա»-ն՝ «Բարեփառություն» կամ «Սիրականություն» (հունարեն՝ Φιλοκαλία, թարգմանաբար՝ սեր դեպի գեղեցիկը կամ բարին) համաքրիստոնեական մտքի այն բացառիկ կոթողն է, որն ամփոփում է 4-15-րդ դարերի Արևելյան Եկեղեցու սուրբ հայրերի հոգևոր փորձառությունը։

Սա սոսկ կրոնական տեքստերի ժողովածու չէ, այլ մարդկային հոգեբանության, ներհայեցողության և բարոյագիտության ամբողջական հանրագիտարան։ Գրականության պատմության մեջ քիչ են գործերը, որոնք այսպիսի խորությամբ և գեղարվեստական վավերականությամբ են նկարագրում մարդու ներքին աշխարհը, մտքի զգոնությունը և կամքի կայացման ուղին։

«Ֆիլոկալիայի» հայերեն սույն հրատարակությունը՝ Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի թարգմանությամբ (ձոնված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75–ամյակին, մեկենասությամբ՝ տեր և տիկին Գրիգոր Մովսիսյանի

և Նաիրա Կարապետյանի) մեծագույն պատասխանատվությամբ և մասնագիտական հմտությամբ շնչավորված աշխատանք է, որը կատարվել է պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։

Սրբազան հայրը՝ արքեպիսկոպոս Գլնճյանը, արժեքավոր այս հանրագիտարանը՝ «Ֆիլոկալիան», ընթերցողին է ներկայացրել հայկական աստվածաբանական և փիլիսոփայական հարուստ բառապաշարով։

Գրքի լեզուն զերծ է օտարաբանություններից ու արհեստական ձևակերպումներից, ինչը ընթերցումը վերածում է ոչ միայն հոգևոր, այլև գեղագիտական վայելքի։

Հայերեն այս թարգմանությունը վերակենդանացնում է հայ թարգմանչական դպրոցի լավագույն ավանդույթները՝ ապացուցելով, որ հայերենը շարունակում է մնալ այն հզոր լեզուն, որն ունակ է կրելու և վերարտադրելու համաշխարհային իմաստնության ամենաբարդ շերտերը։

Սույն թարգմանությամբ «Ֆիլոկալիան» դադարում է լինել լոկ հույն կամ բյուզանդական հայրերի ժառանգություն, այն դառնում է հայ հոգևոր և գրական դաշտի բաղկացուցիչ մասը։

Սրբազան հոր այս աշխատանքը գրական բարձրարժեք նմուշ է, որը պատիվ կբերեր ցանկացած լեզվի և մշակույթի։

Իսկ հայ ընթերցողին ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մայրենի լեզվի ողջ հմայքով ու զորությամբ հաղորդակցվելու բացարձակ Ճշմարտությանը։

Անդրադառնանք «Ֆիլոկալայի» առաջաբանի շատ կարևոր մի հատվածի․

«Նրանք, ովքեր առանց Աստծոյ երկիւղի,

առանց Սուրբ Հոգու օգնութեան, այլ պարզապէս

վստահելով իրենց մտային սեփական կարողութեանը՝ փորձում են լոկ ուսումնառութեան ճանապարհով իմաստութեան հասնել, ձախողւում են եւ

ընկնում որոգայթի մէջ, քանզի «գիրն սպանում է,

իսկ հոգին՝ կենդանացնում» (Բ Կորնթ. Գ 6): Այս խօսքը վերաբերում է յատկապէս նրանց, ովքեր Աստծոյ սրբազան երկիւղը մէկ կողմ թողած, զբաղւում են աստուածաբանական դատարկ վէճերով

կամ ցանկանում են փառաւորուել իբրեւ աստուածաբան կամ եկեղեցու «դոկտոր», մինչդեռ այդպիսիք չեն հասկանում, որ մեծագոյն աստուածաբանը հէնց ինքը՝ սատանան է, որը որեւէ մէկից աւելի լաւ գիտէ, թէ Ով է Աստուած եւ ի՛նչ է կամենում, թէեւ սարսում է Նրանից, սակայն այդ երկիւղը ստրկական է, որի մէջ սէր չկայ, եւ դրանից է գալիս նրա կործանարար չարութիւնը»։

Խորքային և սթափեցնող խոսք է, որ ասես գրված է հենց մերօրյա «ինտելեկտուալ» դեգերումների և հոգևոր դասալիքների մասին։

ՈՒղղակիորեն մերկացվում են այն «երևելիները», ովքեր գիտելիքն օգտագործում են որպես զենք կամ դեկորացիա, բայց զուրկ են հոգևոր բովանդակությունից։

«Ֆիլոկալիան» զգուշացնում է, որ լոկ ուսումնառությունը՝ ակադեմիական գիտելիքը, տիտղոսները, լեզուների տիրապետումը, առանց հոգևոր երկյուղի հանգեցնում է ձախողման։ Սա հենց այն դասական նենգափոխումն

է, երբ մարդը վստահում է միայն իր մտքին՝ դառնում է սեփական եղած կամ չեղած «ինտելեկտի» գերին։

Նմանը կարող է թարգմանել Նիցշե կամ Հայդեգեր, բայց չունենալով Սուրբ Հոգու օգնությունը՝ հայտնվում է որոգայթում։

Որն է այդ որոգա՞յթը։

Աներկբայորեն՝ «ես»-ի պաշտամունքը։

Երբ անձը սեփական «տիտղոսն» ավելի է կարևորում, քան Ճշմարտությունը։

«Գիրն սպանում է, իսկ հոգին՝ կենդանացնում»։

Սա առանցքային միտք է։

Մերօրյա բազմազան ու բազմագույն «վարպետները» տիրապետում են գրին՝ նրանք գիտեն բառերի ստուգաբանությունը, հրեշտակների դասերը, պատմական թվականները, բայց նրանց մատուցած «գիրը» սպանում է ազգային ոգին։

Նրանք օգտագործում են սուրբ տերմիններ՝ պետություն, սակրալ, հրեշտակ, որպեսզի սպանեն Եկեղեցու և Հավատքի կենդանի հոգին։

Սա աստվածաբանական դիվերսիա է, որտեղ բառը ծառայում է ոչ թե լուսավորությանը, այլ խավարին։

Սրբազան հոր՝ «․․․մեծագոյն աստուածաբանը հէնց ինքը՝ սատանան է» փաստումը ամենասուր բանաձևումն է։

«Ֆիլոկալիան», ըստ էության, արձանագրում է հայտնի փաստը՝ սատանան ամենից լավ գիտի աստվածաբանությունը, նա «դոկտոր» է, նա գիտի Աստծո կամքը, բայց նա զուրկ է Սիրուց։

Երբ մենք տեսնում ենք մտավորականների, ովքեր իրենց գիտելիքով փորձում են հիմնավորել չարիքը, Եկեղեցու հալածանքը կամ հայրենիքի հանձնումը, մենք գործ ունենք հենց «սատանայական աստվածաբանության» հետ։

Դա գիտելիք է, որը սարսում է ճշմարտությունից, բայց չի սիրում այն։

Դա ստրկական երկյուղն է, որը դրդում է սպասարկել օրվա բռնապետին՝ սեփական հարմարավետությունը չկորցնելու վախից։

Այնտեղ, որտեղ չկա սեր առ Աստված և առ Հայրենիք, գիտելիքը վերածվում է կործանարար չարության։ Չարին ծառայող գործիչների «իմաստնությունը» կործանարար է, որովհետև զուրկ է հայ մարդու հանդեպ սիրուց և ունի միայն «իբրև աստվածաբան կամ դոկտոր» փառավորվելու ցանկություն։

Իսկ այդպիսիք մեծարվում են ոչ թե ստեղծածի, այլ իշխանությանը սպասարկելու համար։

Ասել է՝ տիտղոսների հետևում թաքնված մարդիկ իրականում հոգևոր սնանկներ են։

«Ֆիլոկալիան» վստահեցնում է՝ ոչինչ և ոչ մեկն անպատիժ չի մնալու։

Սա հոգևոր օրինաչափություն է։ Նրանք, ովքեր այսօր իրականացնում են անիրավ հրամաններ, և նրանք, ովքեր կուրորեն ծափահարում են սեփական կործանմանը, պետք է գիտակցեն՝ արդարությունը կարող է դանդաղել, բայց չի ուշանալու։

Կեղծիքով վերարտադրվելու հույսը կործանվելու է հենց այն ժողովրդի ոտքերի տակ, ում հավատն ու արժանապատվությունն այսօր փորձում են բանտարկել։

Կրակը, որ կուտակվում է անիրավների գլխին, արդեն իսկ սկսել է այրել նրանց լեգիտիմության վերջին մնացորդները։

Այսօր, երբ բարոյազրկումն ու հոգևոր հայրերի հալածանքները լցրել են համբերության բաժակը, «Ֆիլոկալիան» մեզ կոչում է սթափություն և դիմադրություն։

Գրքի տողատակերից հնչում է Ձայնը․

- Հեռացե՛ք, Հավատք ու Հայրենիք ուրացողներ, քանի դեռ ձեր թողած ավերակների վրա վերջնականապես չի մարել հույսի լույսը։ Հայաստանը պետք է մաքրվի ստորությունից և վերադառնա իր աստվածատուր արմատներին։

«Ֆիլոկալիան», որը մեր հոգևոր ավանդույթի մեջ հայտնի է որպես «Բարեփառություն», միայն մատենագիտական հազվագյուտ նմուշ չէ, այլ նաև ազգային ու հոգևոր դիմադրողականության կենդանի զենք։

Այսօր, երբ հայ մարդու միտքը պղտորված է քարոզչական կեղծիքով, Սուրբ Հայրերի այս ժառանգությունը մեզ է վերադարձնում ամենակարևորը՝ սթափությունը։ Սա հոգու այն զգոնությունն է, որը թույլ է տալիս զատել լույսը մթից և հավերժականը՝ անցողիկից։

Այս թարգմանությունը կամուրջ է քրիստոնեական Արևելքի հզոր իմաստնության և մեր Ոսկեդարյան թարգմանչաց ոգու միջև՝ ապացուցելով, որ Նարեկացու և Շնորհալու լեզուն այսօր էլ կենդանի է և զորեղ։

Այն հիշեցնում է, որ արտաքին ազատությունը սկսվում է ներքին ազատագրումից։

«Ֆիլոկալիան» մեր հոգևոր զրահն է. ով զինված է այս իմաստնությամբ, նա անպարտելի է «ես»-ի պաշտամունքի և չարիքի դեմ մղվող պատերազմում։

Այս հրատարակությունը ոչ թե անցյալի արձագանքն է, այլ ապագայի հիմքը, որտեղ հայը պետք է վերագտնի իր տեղը՝ որպես բարու և գեղեցիկի՝ «Ֆիլոկալիայի», մշտարթուն պահապան։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ