Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Սինոդը՝ Հայ եկեղեցուն խորթ մարմին

Սինոդը՝ Հայ եկեղեցուն խորթ մարմին
04.04.2026 | 13:28

Անանիա արքեպիսկոպոսի և Զավեն եպիսկոպոսի հայտարարությունը Գևորգ Ե Կաթողիկոսին Սինոդը իբրև Հայ եկեղեցուն խորթ հաստատություն վերացնելու առաջարկությամբ

4 հունիսի, 1918 թ․,

Սուրբ Էջմիածին

Նորին Սուրբ Օծության Ծայրագույն Պատրիարք-Վեհափառ Հայրապետ և Սրբազնագույն Կաթողիկոսի Ամենայն Հայոց

Ամենախոնարհ Հայտարարություն

Որովհետև Ձերդ Վեհափառության Բարձր հրամանով դիվանի խորհրդի քննության և պարզաբանության են տրվում ամեն տեսակ հայտարարություններ և գրություններ, որոնցից մի քանիսներն սովորությամբ Դիվանը հղում է Սինոդի տնօրինության, որպիսի գործերն ու խնդիրները Սինոդի հետ ոչ մի կապ չպիտի ունենային որպես եկեղեցական և զուտ սկզբունքային խնդիրներ, ուստի թույլ ենք տալիս այս առթիվ գրավոր մի քանի խոսք ասելու, խնդրելով Ձերդ Վեհափառության բարեհաճ տնօրինությունն արծարծված սկզբունքային խնդիրների նկատմամբ։

Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, որ տասնյակ տարիների ընթացքում կրել է բռնության և անարդարության ծանր հարվածներ և երկար դարեր մաքառել է ներքին և արտաքին ձախորդությունների դեմ, պահպանելով եկեղեցական ինքնավարության և ժողովրդապետության իրավունքը, մոտ ութսուն տարի է ինչ պետության կողմից զրկվել է իր ինքնավարության հիմունքներից «Հայ լուսավորչական Սինոդ»-ի հաստատությամբ։ Հաստատություն, որի նպատակներից առաջինը եղել է սահմանափակել Հայոց Ընդհանրական Հայրապետի իրավունքները, քանդելով նաև մեր Առաքելական ինքնավար եկեղեցու հիմնական կարգերը։ Սինոդը որպես հաստատություն չի համարվել և համարվում Կանոնական, այսինքն չի սահմանված և հաստատված Հայաստանյայց Առաքելական եկեղեցվո կանոններով և ոչ էլ եկեղեցական ժողովներով, այլ պոլոժենիայի զորությամբ, քաղաքացիական օրենքների սահմանավորությամբ, որը Հայոց եկեղեցական գորժերի բարձր ինստանցիան հանդիսանալով ամեն գործ տեղափոխեց Սինոդ։ Այդ հաստատության մեջ եղող դատախազը, որը աշխարհական անձ է եղել և է, և երբեմն էլ օտար դավանության պատկանող, օտար օրենքի ներկայացուցիչ է և Սինոդում եղած բոլոր որոշումներն անցել և անցնում են նրա ձեռքով և հաստատությամբ։ Սինոդը նպատակ ունենալով ամեն ինչ կենտրոնացնելու իր ձեռքը, շատ անգամ միջամտել է Հայոց Ընդհանրական Հայրապետի, Նրա փոխանորդ թեմակալ առաջնորդների, Հայոց եկեղեցվո և ժողովրդի վերաբերյալ գործերին, ցույց տալով անվստահություն ազգի ընտրյալի և իր հոտի ու եկեղեցու իրավանց դեմ։ Ութսուն տարվա ընթացքում Հայոց եկեղեցվո հիմնարկության օրից գոյություն ունեցող կարգերը Հայրապետի և ժողովրդի իրավունքները բարձեց (խափանեց, ջնջեց) և Սինոդից ի չիք դարձան զանազան կարգադրությունների և միջամտությունների զորությամբ։

Հայոց եկեղեցու համար քահանա, սարկավագ և այլ հոգևոր և վարչական պաշտոններ ունենալու ունենալու իրավունքիչ նկատմամբ անտես առնվեց ինչպես Ընդհանրական Հայրապետի, այնպես էլ հայ ժողովրդի իրավունքը և Հայոց եկեղեցվո և ժողովրդի դարավոր իրավունքներին փոխարինեց ոստիկանական մարմնի հսկողությունը։ Պսակի և պսակալուծության վերաբերող հարցերի վերջնական վճռահատությունը, որը Հայոց եկեղեցվո օրենքով վերապահված է Հայոց եկեղեցվո Հովվապետին, Սինոդի իրավասության ենթարկվեց իբրև լոկ դատական գործ։

Հայոց Հայրապետի և ժողովրդի իրավունքը՝ առաջնորդներ, հոգևոր և վարչական պաշտոնյաներ ընտրելու և նշանակելու նկատմամբ ոչ միայն սահմանափակվեց, այլև վերացավ Հայոց Հովվապետին անմիջապես ենթակա առաջնորդների իրավունքը Սինոդը սեպհականացրեց։

Եկեղեցական, վանական, կրթական և այլ բարենպատակ հաստատությանց պատկանյալ կայքերի, կալվածների և դրամների կառավարության պահպանության իրավունքը Սինոդն իրեն վերապահեց, առանց ի նկատի ունենալու, որ Հայոց Հայրապետը, որպես վերին հսկողն ու պահապանողն այդ ամենի, եղել է և է ի սփյուռս տարածված հայ ժողովրդի անբաժան միությունը, ուստի եկեղեցվո և Հայրապետի իրավունքների բարձումը կամ սահմանափակումը վերաբերում է ոչ միայն ռուսահայոց , այլև այդ եկեղեցին կազմող և Հայրապետի իշխանությունն ընդունող ամբողջ հայ ազգին։ Շատ անգամ նույնիսկ այդ ճնշումներն ու զրկանքները գործադրվել են վերից և վարից ոչ օրինական կարգով և հակառակ օրենքի անտես անելով միանգամայն գոյություն ունեցող պետական ընդհանուր օրենսդրությունը, ըստ մեծի մասի հիմք ունենալով միայն և միայն Սինոդի դատախազի և այլ պաշտոնյաների անհիմն, միակողմանի և մտացածին ցուցմունքները։

Արդ, Վեհափառ Տեր, այժմ երբ վերացված են հին կարգերը և ստիպված չենք կառավարվելու և ղեկավարվելու մեկ եկեղեցին օտար կարգերով և հաստատություններով, պետք է վերադառնալ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու կանոններին՝ վերականգնելով Ընդհանրական Հայրապետի, Հայոց եկեղեցվո և ժողովրդի իրավունքները, նույնպես վանական-տնտեսական ամենատեսակ գործերը վարելու իրավունքը վերապահել վանական միաբանական ուխտին ընդ Բարձր հսկողությամբ Ձերդ Սուրբ Օծության։

Մատչելով ի համբույր Ս․ Աջույն Ձերդ Վեհափառության

Մնում ենք ամենախոնարհ ծառայք և որդիք

Անանիա արքեպիսկոպոս

Զավեն եպիսկոպոս

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ