Վաղոն էլ որ չլիներ՝ ապրելը լրիվ անիմաստ էր դառնալու: Իրիկունը եկավ, որ գարունս շնորհավորի ու հենց դռների մեջ հարցրեց.
- Հարևան, «խտրականությունը» ի՞նչ ա:
- Էլի խանութում մեջներդ տարբերություն են դրե՞լ:
- Չէ՛, լուրերով լսեցի ու մտքիցս դուրս չի գալի:
- Ոնց ասեմ... պատկերացրու կնոջդ հետ գնացել ես անտառ՝ որսի:
- Բայց կնոջը ո՞վ ա հետը տանում որսի:
- Տես, արդեն խտրականություն ես դնում:
- Լավ, էդ անտերը ի՞նչ ա նշանակում:
- Դե էդ եմ ասում, էլի: ՈՒրեմն խորանում եք անտառում, մեկ էլ տեսնում եք, որ Կարմիր Գլխարկը թռչկոտելով ու երգելով գնում ա տատիկի մոտ, ու հետի զամբյուղում ահագին պերաշկի կա:
- Է հետո՞:
- Սկսում եք ժպտալ, համբույրներ ուղարկել, ամեն տեսակ օյիններ եք անում, որ չխրտնի, ու հենց մոտենում ա՝ վրա եք տալիս ու ուտում:
- Ի՞նչ ենք ուտում:
- Համ Կարմիր Գլխարկին, համ էլ պերաշկիները:
- Էդ խի՞ որ:
- Դա նշանակում ա, որ խտրականություն չեք դնում Կարմիր Գլխարկի ու պերաշկիների միջև:
- ՈՒ վե՞րջ:
- Չէ հլը: Որ ուտում-պրծնում եք, կնիկդ Կարմիր Գլխարկ ուտելու նկարները վերացնում ա, իսկ պերաշկի ուտելու նկարները տարածում ա աշխարհով մեկ:
- Յանի ի՞նչ:
- Այսինքն, խտրականություն ա դնում նկարների մեջ: Հիմա հասկացա՞ր:
-.... ոնց որ թե՝ հա:
- Ի՞նչ հասկացար:
- Որ կնկան չի կարելի տանել որսի:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ