ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տավուշի 4 համայնքներից 3-ում հակակարկտային կայաններ չկան

Տավուշի 4 համայնքներից 3-ում հակակարկտային կայաններ չկան
22.07.2024 | 12:58

Ամեն տարի կարկտահարությունը մեծ վնաս է հասցնում Տավուշի մարզի գյուղատնտեսությանը, ոչնչացնում տասնյակ հեկտար ցանքերի, պտղատու և խաղողի այգիների բերքը: Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից 3-ում՝ Իջևանում, Դիլիջանում, Բերդում հակակարկտային կայաններ չկան։ Տավուշում հակակարկտային առաջին երկու կայանները տեղադրվեցին 2012- ին՝ UNDP-ի ծրագրով։ 2015-ին, պետական բյուջեի ֆինանսավորմամբ, հակակարկտային 10 կայան տեղադրվեց Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում: Հակակարկտային ընդհանուր թվով 13 կայանները կարկտահարությունից ամբողջությամբ չեն կարող պաշտպանել նույնիսկ Դեբեդի հովտի այգիներն ու ցանքատարածությունները: Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեվանի ենթաշրջանում, մարզի Իջևան, Բերդ, Դիլիջան համայնքներում հակակարկտային ոչ մի կայան չկա, այդ տարածքների այգիներն ու ցանքատարածություններն անպաշտպան են կարկտահարությունից: Այդտեղ ո՛չ հակակարկտային կայաններ են տեղադրված, ո՛չ էլ՝ պաշտպանիչ ցանցեր, գյուղացին, տագնապը սրտում, նայում է երկնքում կուտակվող սև, կարկտաբեր ամպերին: Խնդիրը բարդանում է նրանով, որ գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգ չի գործում, կարկտահարությունից բերքի մասնակի կամ ամբողջությամբ ոչնչանալու դեպքում գյուղացին մնում է ձեռնունայն՝ վարկային բեռի տակ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 36571

Մեկնաբանություններ