Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի՝ CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերագույն առաջնորդի գրասենյակի արտաքին քաղաքականության խորհրդական Քամալ Խարազին։ «Ես այլևս տեղ չեմ տեսնում դիվանագիտության համար։ Դոնալդ Թրամփը խաբել է ուրիշներին, չի պահել իր խոստումները, և մենք դա տեսել ենք երկու անգամ՝ բանակցությունների ընթացքում. մինչ մենք բանակցություններ էինք վարում, նրանք հարձակվում էին մեզ վրա»,- ասել է Խարազին։               
 

Այս մոլագար աշխարհում ես արդարություն եմ փնտրում

Այս մոլագար աշխարհում ես արդարություն եմ փնտրում
17.02.2026 | 14:12

Այս մոլագար աշխարհում ես արդարություն եմ փնտրում։ Ոչ վրեժխնդիր, այլ՝ մարդկային։ Որ մարդը մարդ մնա։ Որ ճշմարտությունը վերապրի՝ իշխանության լեզվից անկախ։ Որ ձայն չունեցողը դադարի լռության մեջ մենակ լինելուց։

Չգիտեմ՝ երբ սկսվեց այս փնտրտուքը։ Գուցե այն պահից, երբ առաջին անգամ լսեցի լռությունը՝ ավելի բարձր, քան ճշմարտության ձայնը։ Կամ այն օրվանից, երբ ինչ-որ մեկը անարդար տառապեց իմ աչքի առաջ, իսկ աշխարհը անցավ՝ ժպտալով, անտարբեր։

Այս աշխարհը մոլագար է՝ ոչ միայն իր քաոսով, պատերազմներով, պառակտումներով, այլ հատկապես այն պահին, երբ մարդկությունը կորցնում է արդարության չափորոշիչը։ Երբ խոստումները արժեզրկվում են, իսկ ճշմարտությունն այլևս արժեք չի համարվում։ Երբ դատվողը երբեմն անմեղն է, իսկ մեղավորները՝ պատվավոր։

Ես փնտրում եմ արդարություն մեր դատի համար՝ մեր՝ շարքային մարդկանց, որոնց ձայնը հաճախ աղմուկի մեջ խեղդվում է, մեր՝ լռեցվածների, մոռացվածների, մերժվածների համար։ Որովհետև ամեն լռեցված ճիչ մի օր վերադառնում է որպես աղաղակ՝ ոչ վրեժի, այլ ճանաչման պահանջով։ Արդարություն՝ ոչ անցյալի փոխհատուցման, այլ ապագայի վստահության համար։

Երբ արդարությունը կորում է, մարդիկ սկսում են հավատը կորցնել՝ ոչ միայն օրենքի, այլ նաև հույսի նկատմամբ։ Իսկ երբ հույսը մեռնում է, մարդիկ սկսում են քարանալ ներսից։

Ու հենց այդ քարացած պահերին ես ինձ բռնում եմ, որ դեռ փնտրում եմ։ Գուցե միամիտ, գուցե մոլագար, բայց անկեղծ։ Արդարություն եմ փնտրում այս մոլագար աշխարհում։ Որովհետև առանց նրա ոչ մի խաղաղություն իրական չէ, ոչ մի լռություն՝ արդար։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ