Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Մարմին և պոեզիա

Մարմին և պոեզիա
23.11.2025 | 10:48

Պատին պատկերվածը – որմնանկար է:

Պատին գրառված բանաստեղծությունը –

կոչենք որմնաստիխ կամ՝ որմնաբանաստեղծություն,

ինչպիսին գրել է, օրինակ, Շիրազը.

«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ…»:

Իսկ ինչպե՞ս կոչել գործվածքին գրված բանաստեղծությունը,-

այո՛, ճիշտ այդպե՛ս՝ գործվածքաբանաստեղծություն,-

երկարահունչ բառ է, բայց հայերեն է արմատապես:

Չարենցը նման քերթված է գրել սպիտակ թաշկինակին,

բանտախցի մեջ, մահվան նախաշեմին -

մատիտո՛վ, տենդահա՛ր, թաքթաքո՛ւն,

որ հսկիչ ու մատնիչ աչքերը չտեսնեն.

«Ա՜խ, կուզեի ես ունենալ / Գոնե մի երգ այնքան ջերմին,

Որ գրեի խուղիս որմին… / Եվ այն հավետ այնտեղ մնար»:-

Ասում են՝ Չարենցը ստիխներ է գրել նաեւ շապկի վրա,

որ այրել են քննիչ-բանտապահները.-

ավաղ անհետացած շապիկաստիխներ…

Պոետը երազում է որմին գրելիք անմահ Բանի մասին,

բայց աստվածաշունչ, մարդեղեն խոսքը,- ճշմարի՜տ-ճշմարի՛տ,-

արժե՛ մշտագրել հենց սեփական շապկի ու մարմնի վրա՝

որպես նվիրական, գեղագիր դաջվածք:

Չգիտեմ՝ եղե՞լ է մի ոգեվառ պոետ, ով երգ է գրել

իր մարմնի վրա - գրչասեղով կամ դանակի ծայրով,

և հիմնարկել այդպես մարմնաբանաստեղծությունը…

Պոեզիան աշխարհի ներքին ձայնն է,

որ մեզ հայտնում է հրաշալիքների ճիշտ հասցեները:

Պոեզիան, սակայն, մարմին է նույնպես – բառաբջիջներով,

իր գերբնական կազմախոսությամբ,

իսկ մարմինը միշտ հատուցում է Աստծո ու կյանքի համար:

Պոեզիան մարմին է ժամանակի գետում,

որ անշեղ լողում է հոսանքին հակառակ:

Բայց ամենից առաջ՝ Պոեզիան Խաչվողի ոգի-մարմինն է,

ապաշխարանքն ու հիացքը Նրա:-

Մարմին և պոեզիա,

մարմնապոեզիա՝

մարմնաբանաստեղծությո՛ւն,

որ ծլարձակում է երկրի մաշկի տակ

և ծաղկազարդվում Պոետի հևոտ կրծքավանդակին:

31.08.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 294

Մեկնաբանություններ