Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Սահմանամերձ գյուղի բնակիչը հարկադրված է լքում հողը

Սահմանամերձ գյուղի բնակիչը հարկադրված է լքում հողը
14.05.2026 | 12:19

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղի բնակչության համար հիմնական աշխատատեղի բացակայությունը կամ հողագործությունից ստացված ցածր եկամուտն այն գործոններն են, որոնք ստիպում են շատերին մեկնել արտագնա աշխատանքի, հաճախ՝ Ռուսաստանի Դաշնություն:

Մինչդեռ լինելով սահմանամրձ գյուղ՝ շատ կարևոր է, որ բնակչությունը մնա իր ծննդավայրում, չլքի սահմանը, իսկ դրա համար անհրաժեշտ է գյուղի բարեկարգում և անհրաժեշտ պայմանների ստեղծում: Սակայն Ներքին Ծաղկավանում կարելի է հանդիպել տների, որոնց թշվառ տեսքը ինքնին արդարացնում է տան տղամարդու արտագնա աշխատանքի մեկնելու շարժառիթը:

Անուշ Ջամալյանի բազմանդամ ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր ու վթարային պայմաններում: Տունը, որն իրենց կտակվել է տասնամյակներ առաջ, հիմնավոր վերանորոգման կարիք ունի: Կա նաև տան անվանափոխության խնդիր:

-Մենք չգիտեինք, որ կտակը պետք է բացվի կտակողի մահվանից վեց ամիս անց, հիմա էլ գումար, հնարավորություն չունենք, որ էտ գործով զբաղվենք: Տունն անմխիթար վիճակում է, տանիքը անձրևներից քանդվել էր, ջուրն ամեն անգամ տուն էր լցվում: Ամուսինս աշխատանք չուներ ու հարկադրված գնաց Ռուսաստան աշխատելու: Այդ գումարով կարողացանք միայն տանիքը վերանորոգել, բայց հիմնավոր վերանորոգել չենք կարող: Գյուղապետին դիմել եմ օգնության խնդրանքով, դեռ ձայն չկա, գոնե հողամասով օգնեն,-ասում է Անուշ Ջամալյանը:

Թեև ամուսինը մշտապես մեկնել է արտագնա աշխատանքի, սակայն այս տարվա հունվարին եկել ու էլ չի կարողացել հետ վերադառնալ ավագ որդու հիվանդության պատճառով: Սակայն պատճառը միայն որդու հիվանդությունը չէր, դրսում էլ գործ չուներ, ռուսական ռուբլին էլ նախկին արժեքը չուներ:

-Ռուսաստանում շինարարական աշխատանքներ էր կատարում, հիմա Սևքար գյուղի դպրոցի շինարարության վրա է աշխատում, նաև գյուղի մի քանի տղամարդկանց հետ անասունները տանում են դաշտ: Մի քիչ գումար հավաքենք, էս տունը մեր անունով գցենք, որ կարողանանք կարգի բերել: Եթե ամուսինս չգնա Ռուսաստան, չենք կարող ապրել, բայց տանն էլ խնդիրները շատ են, տղաս վիրահատվել է, երևի չկարողանա գնալ-ասում է Անուշը:

Տան երկրոդ հարկը քիչ թե շատ բարվոք է բնակվելու համար, առաջին հարկն անասնագոմ ու խորդանոց է: Անուշի խոսքով տասը տարի առաջ վարկով կով են գնել, երեխեքին գոնե կաթ ու մածնով ապահովելու համար, արդեն հորթ էլ ունեն, ինքն էլ տնամերձում լոբի, վարունգ ու կանաչի է մշակում: Բայց հողը եկամուտ է բերում միայն որոշակի ժամանակահատվածում, իսկ բազմանդամ ընտանիքը պահելու համար մշտական աշխատանքն անհրաժեշտություն է, ինչը հողն ու գյուղը չլքելու գլխավոր պայմանն է:

«Գյուղում որ պարապ նստեցի, ընտանիքս ո՞վ ա պահելու»

Արտագնա աշխատանքի մեկնողը (խոպանչին) ֆիզիկապես տանն է լինում, բայց մտքով, պլաններով ու հայացքով արդեն «դրսում» (արտերկրում) է՝ հաջորդ մեկնման մասին մտածելիս։

Ներքին Ծաղկավան գյուղի բնակիչ Լյովիկ Մխիթարյանը 2006 թվականից մեկնում է արտագնա աշխատանքի: Աշխատել և ապրել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում, ներկայումս տեղափոխվել է Լիպեցկ:

- Շինարարության վրա եմ աշխատում: Տարիներ առաջ այնտեղ ապրող հորեղբորս տղաները կանչեցին, գնացի, ընկերություն, բարեկամություն ունեմ էնտեղ: Որ նայում ու համեմատում եմ էստեղի ու էնտեղի կյանքը, էնտեղ ձեռնտու ա: Ընտանիքս էստեղ ա, երկու անգամ եկել-գնացել եմ,-պատմում է Լյովիկն ու հավելում,-դե, գյուղը կարոտում եմ, բայց որտեղ դուր ա գալիս, էնտեղ էլ մնում ենք:

2026 թվականի մարտի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ են մտել նոր սահմանափակումներ, որոնք ազդում են միգրանտների, այդ թվում՝ հայերի աշխատանքային գործունեության վրա, մասնավորապես՝ կապված հարկային եկամուտների և աշխատանքից ազատման հիմքերի հետ: Հայ միգրանտները հիմնականում ներգրավված են շինարարության, տրանսպորտի, առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Այդ մասին տեղյակ է Էդգարը, սակայն վստահ է, որ հայերին չեն վտարի Ռուսաստանից, քանի որ վերոնշյալ (մասնավորապես շինարարության) ոլորտներում նրանք են հիմնական աշխատուժը: Իսկ համոզվածությունը հիմնավորում է բարձր վարձատրությամբ:

-Լավ վարձատրվում եմ, եթե էստեղ էլ նման ձևով վարձատրվեմ, չեմ գնա, հիմա ստեղ եմ, ի՞նչ անեմ, - ասում է Լյովիկը:

Հաճախակի Ռուսաստան մեկնող Ռոման Զավրադյանի խոսքով գյուղում միայն նախրապան կարելի է աշխատել: Ասում է, բավական ժամանակ է, ինչ հակառակորդի կողմից կրակոցներ չեն հնչել, խաղաղ է, իսկ եթե աշխատանք էլ լինի, երբեք չի մտածի գյուղից հեռանալու մասին: Միայն տնտեսությամբ զբաղվելով հնարավոր չէ եկամուտ ստանալ.

«Ասենք, անասունների համար մեքենայով խոտ եմ բերում, կամ հողի մեջ աշխատում եմ, դա հո հիմնական գործ չի»:

Գյուղացին կմնա գյուղում և կկապվի իր հողին, եթե լինի կայուն աշխատանք, արժանապատիվ եկամուտ և անվտանգություն։ Սահմանամերձ գյուղերում անվտանգության ապահովումը առաջնային է մարդկանց մնալու համար։ Սա պետության խնդիրն է, որպեսզի գյուղաբնակի համար աշխատանքը լինի ոչ միայն եկամտի աղբյուր, այլև հայրենիքը պահելու և երկրի տերը լինելու զգացում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հ.Գ.

Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրով Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում:

Դիտվել է՝ 3670

Մեկնաբանություններ