ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

«Շփումն Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի հետ ինձ հարստացրել է»

«Շփումն Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի հետ ինձ հարստացրել է»
20.06.2017 | 09:13

Հունիսի 18-20-ին Հայաստանում անցկացվեց մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Այս օրերին փառատոնային երեք համերգների ընթացքում ներկայացվել են կոմպոզիտորի սիմֆոնիկ, կամերային գործերը, ֆիլմերի և ներկայացումների համար գրված մեղեդիները։ Ստեղծագործությունները Հայաստանում հնչել են առաջին անգամ։ Փառատոնը կազմակերպել էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։


Ինքը՝ Գիա Կանչելին, նշում է, որ իր 7 սիմֆոնիաներից 6-ը գրել է Դիլիջանում։ Մոտ քառորդ դար ապրել է Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տանը. «Շփումը այնպիսի մեծագույն անհատականությունների հետ, ինչպիսիք են Էդուարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Ավետ Տերտերյանը, հարստացրել է ինձ»։ Գիա Կանչելին, հիշելով իր ընկերներին, ցավով նշում է, որ շատ ծանր է, երբ նրանցից ոչ ոք չկա։


Թե ո՞րն է իր ամենասիրելի հայկական երաժշտությունը, Գիա Կանչելին չասաց. «Ես չեմ սիրում նման հարցերի պատասխանել, քանի որ չեմ ցանկանում որևէ մեկին նեղացնել։ Իհարկե, ես ունեմ և՛ իմ սիրելի կոմպոզիտորը, և՛ իմ սիրելի ստեղծագործությունները, սակայն թույլ տվեք չթվարկել»։
Խոսելով Երևանում իրեն նվիրված փառատոնի մասին՝ Գիա Կանչելին նկատեց, որ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ գիտեր, որ իրեն ցանկանում են Հայաստան հրավիրել. «Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ։ Ինձ համար դա և՛ մեծ պատիվ է, և՛ մեծ ուրախություն»։ Կոմպոզիտորը նշեց, որ փառատոնային երեք օրերի համերգային ծրագրերի ընտրությունը թողել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին. «Ես ուրախությամբ եմ աշխատել երիտասարդ երաժիշտների և երիտասարդ դիրիժորի հետ, առավել ևս որ նա, չգիտեմ ինչու, ինձ շատ հիշեցնում է Էդուարդ Միրզոյանին»։


Նա հիշեց, որ հաճախ է հանդիպել Մհեր Մկրտչյանի հետ։ «Երբ Մհեր Մկրտչյանը «Միմինո» ֆիլմում ձայնագրում էր իր հայտնի երկխոսությունը Կիկաբիձեի հետ, ասում էր, թե լավագույն ջուրը Լենինականում է, քանի որ նա ծնվել էր այնտեղ։ Այդ պահին պատահաբար ես մտա մոնտաժային սենյակ և լսեցի դա, մոտեցա ռեժիսոր Դանելիային և ասացի՝ ես իմ ամբողջ երիտասարդությունն ապրել եմ Դիլիջանում, ի՞նչ կապ ունի Լենինականը, այն էլ՝ Լենին բառից։ Նա նայեց ինձ վրա, հագիս ունեի շատ լավ սև վերնաշապիկ։ Հարցրեց՝ կտա՞ս վերնաշապիկը, ասացի՝ այո։ Եվ Ֆրունզիկն ասաց իր հայտնի արտահայտությունը՝ լավագույն ջուրը Դիլիջանում է»։


Կանչելին նշում է, որ ինքը միշտ ինչ-որ բանի վրա աշխատում է։ Ինչպես ինքն է ասում, երաժշտություն գրելն իր համար շատ դժվար, բարդ, հյուծող աշխատանք է. «Ես նախանձում եմ իմ այն կոլեգաներին, ովքեր ասում են, թե երաժշտությունը նրանց ի վերուստ է տրվում»։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ