Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պարականոն դիրքափոխություն

Պարականոն դիրքափոխություն
06.05.2026 | 10:45

Հերթական աներևակայելի, արտառոց, ես կասեի՝ անոմալ երևույթն է գրանցվել «Իրական Հայաստանում», մենք՝ բանից անտեղյակ. երկիրը փոխել է իր աշխարհագրական դիրքը: Եվ ոչ մի տեկտոնական ցնցում, ոչ մի ավերածություն, նյութական ու մարդկային ոչ մի կորուստ, պարզապես թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական դիրքափոխություն: Չէ, դուք պատկերացրեք, մի ամբողջ երկիր, առանց մեկ միլիմետր անգամ տեղաշարժվելու, քարտեզի վրա ամրագրված ֆիզիկական կոորդինատները խախտելու՝ վերցնում ու աշխարհագրական դիրք է փոխում: Իսկական «պոլտրգեյստ» Ուրիշ մեկն ասեր՝ չէի հավատա, բայց որ երկրի վարչապետն է ասում, այն էլ՝ Հայաստան-Եվրոպա երկխոսության շրջանակում, հետն էլ շնորհավորում բոլորիս նման աննախադեպ, պարականոն դիրքափոխության առիթով, ո՞նց «չհավատաս»:

Բայց շնորհավորելուց առաջ կարելի էր, չէ՞, մի բերան զգուշացնել, որ, երկրի դիրքափոխությանը զուգընթաց, մենք էլ մեր դիրքը փոխեինք կամ չփոխեինք: Դա, եթե չեմ սխալվում, կոչվում է քաղաքացիական դիրքորոշում, որ իմպերատիվ շնորհավորանքով հնարավոր չէ համահարթեցնել ու հարմարեցնել մեկ մարդու քմահաճույքին: Առավել ևս, երբ այդ մեկ մարդուն սեփական դիրքորոշում ունեցողների գերակշիռ մասը ոչ 2018-ին է կարգել իր գլխին վարչապետ, ոչ 2021-ին, ոչ էլ 2026-ին է պատրաստվում էդ աններելի սխալը գործել: Կամ ի՞նչ է նշանակում շնորհավորել ՀՀ բոլոր քաղաքացիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխության առթիվ: Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիո՞ն է դարձել, ինչպես պլանավորել էիք Սեպտեմբերի 27-ից մի քանի օր առաջ: Համազգային շնորհավորանքը միայն էդ դեպքում հասկանալի և ընդունված կլիներ, ժողովուրդն էլ Մայիսի 5-ը կհռչակեր Հայկական ֆուտբոլի օր, ընդ որում, առանց հանրաքվեի: Իսկ այս դեպքում, ուզեք թե չուզեք, հանրաքվե լինելու է, որովհետև Հայաստանի աշխարհագրական դիրքի փոփոխությունը, որ նույնն է, թե արտաքին վեկտորի կամ աշխարհաքաղաքական օրիենտացիսյի փոփոխությունը մեկ մարդու կամ նրա վարչարարների որոշելիք հարց չէ, դրա անմիջական շահառուն ու կորցնողը ժողովուրդն է, և ինքը պիտի որոշի՝ փոխե՞լ, թե՞ չփոխել: Առավել ևս, երբ դուռ-դրկից երկու ոչ բարով հարևաններն էլ իրենց «աշխարհագրական դիրքը փոխելու» նկրտումներ ունեն, ոչ թե հիպոթետիկ, այլ խիստ առարկայական նկրտումներ:

Էս առիթով տեղին է հիշել հին իմաստասերներից մեկի ասույթը, որ հաջողությամբ կարելի է վերագրել նաև մերօրյա դիրքափոխներին ու դիրքապահներին. «Ավելի լավ է գայլին փարախը չթողնել, քան հետո մտածել նրա ակռաները քաշելու մասին»:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 21942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ