Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ելույթում նշել է, որ հայերի զանգվածային սպանությունները, տեղահանություններն ու հալածանքները 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկն են։ Նա ընդգծել է, որ էթնիկ պատկանելության հիման վրա զանգվածային ոչնչացման քաղաքականությունն անարդարացի է և կոչ է արել կանխել նման իրադարձություններն ապագայում։               
 

«Սրբացված» դրոշներ և խոնարհված խաչեր

«Սրբացված» դրոշներ և խոնարհված խաչեր
24.04.2026 | 19:15

Բարձր դռան» պահապանների բարոյական գունապնակը)

Ապրիլի 23-ի օրավարտից մինչ այս պահը լրահոսի «եռման կետերից» մեկը Թուրքիայի դրոշն այրելու ավանդական ջահերթային ակցիան է։

Նաև դրան հետևած՝ ներքին ու արտաքին թշնամու ներդաշնակ և միմյանց լրացնող արձագանքները։

Ոմանք խրախուսում են, ոմանք՝ «քաղաքակիրթ» դիրքերից քննադատում, իսկ Բաքվում նստած միջազգային մասշտաբի մարդասպանները՝ համարժեք պատիժ պահանջում։

ՈՒշադիր հետևում էի այս «հակադրոշային» իրարանցմանն ու կրակի բոցավառ լեզուներին և ակամա մտաբերում Իլհամ Հեյդարովիչին։ Հենց այստեղ է գծվում այն նողկալի օրինաչափությունը, որով առաջնորդվում է մերօրյա վարչակույտը․ Բաքվից հնչող ցանկացած հոխորտանք Երևանի կաբինետներում արձագանքում է որպես հրաման։

Այս սինքրոնիզմի մեջ ամենացավոտը հիշողությունն է։ Մտապահե՞լ եք նույն այդ Հեյդարովիչի՝ դասականի ձևակերպմամբ «իշու բոյն» ու իրենից առաջ վազող քիթը, երբ Արցախի դրոշն էր նետել ոտքերի տակ ու տրորում էր լամուկային հրճվանքով։

Այն ժամանակ ՀՀ «հպարտ» իշխանավորներից և ո՛չ մեկը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «ո՛չ հռռաց, ո՛չ էլ բռռաց»։ Ալիևին «կարելի էր», որովհետև նրանց համար «Արցախն Ադրբեջան էր և վերջ»։ Նա «ուժեղ» էր, նա «հաղթող» էր։ Ի վերջո՝ իրենց «կառուցողական» գործընկերն էր։

Բայց կա «մահացու» մի «բայց». երբ հայ երիտասարդն է վառում Թուրքիայի դրոշը՝ չի՛ կարելի։ Այդ պահին «կառավարությունը ե՛ս եմ»-ն ու իր սպասյակները վերածվում են «քաղաքական էպիլեպտիկների»։

Եվ բնական է. տերերի դրոշից բարձրացող կրակի լեզուները կամակատարների համար ավելի ցավոտ են, քան սեփական կաշվի այրվածքը։ Երիտասարդների կամարտահայտության այդ «հրավառությունը» սպառնում է մոխիր դարձնել նրանց ստորաքարշ «խաղաղության» ողջ սցենարը։

Երեկ գիշերվանից լսում-կարդում եմ սրանց «լարից ընկած» ֆալշ «երգեցողությունը»։ Իսկ ուղեղս որպես որդ կրծում են նույն բառերը.

«ՔՊ-ական տղանե՛ր, շատ եք «գորշ»։

Այնքա՜ն «դժգույն» եք, որ ձեզնից այդպես էլ չի ստացվում «Хор Турецкого»։

Ձեր կատարմամբ ընդամենը թուրքական «Բարձր դռան» շեմը պաչպչողի տհաճ ճպճպոցներ են արձակվում»։

Հենց այդ նույն «էսթետիկայով» էլ վարչակույտը «սադրիչ» և «լարվածություն հրահրող» է որակում Թուրքիայի դրոշի այրումը՝ այն բնութագրելով որպես բարբարոսություն, որը, իբր, վնասում է «ինքնիշխան» Հայաստանի շահերը։ Այս ֆոնին առավել քան փարիսեցիական է հնչում Ալեն Սիմոնյանի լացակումած տեքստը, թե իբր դրոշ վառելն «անիմաստ ու ամոթալի» է, և այն ստվերում է Ապրիլի 24-ի խորհուրդը։

Ըստ Սիմոնյանի՝ Ցեղասպանության հիշատակը «ապրելու մասին է», իսկ դրոշ վառելը՝ «ճղճիմ սադրանք խաղաղության դեմ»։

Հիմա թարմացնենք սրանց կարճ հիշողությունը։

Ստացվում է՝ «հանուն ապագայի» էր, երբ դեռ իշխանության չհասած մարիոնետները 2015-ին ՌԴ դեսպանատան դիմաց կրակին էին տալիս Ռուսաստանի դրոշը։ Այն ժամանակ դա ո՛չ «ճղճիմ» քայլ էր, ո՛չ էլ «սրբապղծություն»։

Ինչո՞ւ։

Որովհետև այդ օրերին դրոշավառության առաջամարտիկներն այսօրվա ՔՊ-ական «էլիտայի» կարկառուն դեմքերն էին՝ Հայկ Կոնջորյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, ՆՓ նախկին խոսնակ Մանե Գևորգյանը։

Հատկապես ուշագրավ էր ներկայումս ՆՓ օգնական Դավիթ Գևորգյանի «պերֆորմանսը»։

Սա հարկ համարեց սեփական կեղտոտ ու այն ժամանակ դեռևս հնամաշ կոշիկները մաքրել Ռուսաստանի դրոշի վրա։

Նույնն ու նույնությամբ, ինչ տարիներ անց օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի խորհրդարանի շենքում, կրկնեց սրա շեֆի հոգեհայրը։

Ձեռագիրը նույնն է, տերերը՝ նույնպես։ Սրանց համար դրոշը սրբություն չէ, այլ քրջի կտոր, որի վրա կարելի է կոշիկ մաքրել, երբ տերերն այդպես են հրամայում, կամ որի համար կարելի է սուգ անել, երբ «Բարձր դուռն» է այդպես պահանջում։

Անմեղսունակների փաղանգը, որն այսօր թուրքական դրոշի համար «ցավից» կծկվում է, տարիներ շարունակ ծրագրված ու հետևողականորեն դաշնակցից թշնամի էր կերտում՝ գետնաքարշ սպասարկելով դրսի տերերի շահերը։

Այն ժամանակ դրոշ վառելը նրանց համար «ինքնիշխանության» դրսևորում էր, այսօր՝ «բարբարոսություն»։

Ահա սրանց բարոյականության ողջ «գունապնակը»․ պե՞տք է՝ կոշիկ են մաքրում Ռուսաստանի դրոշի վրա ու ցուցադրաբար այրում, իսկ հաջորդ վայրկյանին, տիրոջ հրահանգով, հանկարծ վերածվում են «էսթետ» կեղծավորների և թուրքական սիմվոլների արթուն պահապանների։

ՔՊ-ականների վարքը ոչ թե քաղաքականություն է, այլ կլինիկական փարիսեցիություն։

ՈՒ՞ր էր սրանց վայնասունը, երբ Ստեփանակերտում Ալիևը հողին էր հավասարեցնում հայոց աղոթքն ու քարեղեն հիշողությունը՝ ավերելով մեր տաճարները, գերեզմանոցները։ Սեփական տունը քանդողի դիմաց սուսուփուս կանգնած այս «խաղաղաբերները» ոչ միայն չէին ըմբոստանում, այլև Գյումրիի փողոցներում «վարչաբենդ» էին խաղացնում ու տոնախմբություններ անում՝ պղծելով ազգային վիշտն ու արժանապատվությունը։

Բայց հերիք է երիտասարդների մի խումբ՝ ի նշան բողոքի և պահանջատիրության, այրի մի պետության դրոշ, որը մեկ դարից ավելի սնվում է մեր արյան ժխտումով, ՔՊ-ական «բարոյախոսների» ոռնոցը խլացնում է աշխարհը։ Հանկարծ արթնանում է նրանց «էսթետիկան» ու «ամոթի» կեղծ զգացումը։

Ալեն Սիմոնյանը և նրա թիմակիցները Թուրքիայի դրոշի կտորն ավելի են սրբացնում, քան Արցախի խոնարհված խաչերը։ Նրանց համար հարևան ցեղասպանին չնեղացնելն ավելի կարևոր է, քան սեփական ժողովրդի արդար ցասումը։

Դրոշի այրումն անվանում են «ճղճիմ սադրանք», իսկ հազարավոր զոհերի հիշատակի վրա պարելը՝ «ապագա»։ Սա խաղաղության ձգտում չէ, այլ ստրուկի հոգեբանություն, որը պատրաստ է լիզելու իրեն հարվածողի ձեռքը՝ հույս ունենալով, թե դահիճը կհանդուրժի իր ողորմելի գոյությունը։

Իսկական սադրանքը ոչ թե այրվող դրոշն է, այլ այն ծնկած կեցվածքը, որով սրանք ներկայանում են աշխարհին։

Ապրիլի 24-ի խորհուրդը ոչ թե ՔՊ-ի քարոզած նվաստացուցիչ ու լալկան «գոյատևումն» է, այլ չմեռնող պահանջատիրությունն ու ազգային արժանապատվության վերականգնումը։

Նա, ով փորձում է խաղաղություն գնել սեփական արժանապատվության հաշվին, ստանալու է թե՛ անարգանք, թե՛ պատերազմ։

Նա, ով ոռնում է թշնամու սիմվոլի համար, բայց քար լռություն պահպանում սեփական աղոթատան ավերման պահին, պատմության մեջ մնալու է որպես ճղճիմ ու խոտանված էջ՝ պոկված իր ազգի հիշողությունից ու նետված ժամանակի աղբանոցը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ