ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ավրորա Մարդիգանյան

Ավրորա Մարդիգանյան
20.04.2026 | 10:20

Նրան համարում են Հայաստանի Ժաննա դ'Արկը։ Նա մի կին էր, ով անցնելով Ցեղասպանության անհամար սարսափների միջով՝ հերոսաբար վերապրեց դրանք և իր տառապանքների մասին պատմեց աշխարհին՝ ճշմարտությունը ներկայացնելով իր գրքում և կինոնկարում։

Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան էր։ Նա ծնվել է 1901 թ. Դերսիմի գավառի Չմշկածագ քաղաքում (այժմյան Թուրքիայի Թունջելիի նահանգ)՝ ունևոր ագարակատիրոջ և մետաքսագործի ընտանիքում։ Արշալույսն ութ երեխաներից երրորդն էր։ Նա մահացավ 93 տարեկանում՝ Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Նա ապրեց իր կյանքը՝ հաղթահարելով մանկության սարսափելի հուշերն ու զրկանքները և իր մեջ ուժ գտնելով այլոց օգնելու համար:

Արշալույսն օժտված աշակերտ էր և խոստումնալից ջութակահար։ Երբ վրա հասավ 1915-ի մղձավանջը, նրա ավագ քույրն արդեն նշանված էր, իսկ եղբայրը բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Հորն ու եղբորը սպանեցին նրա աչքի առաջ, իսկ ինքը մոր և քույրերի հետ բռնությամբ կցվեց դեպի Սիրիայի անապատներ տեղահանվող հայուհիների քարավաններին։

Ընդամենը 85 ցենտին համարժեք գնով Արշալույսը վաճառվում է ցեղապետերից մեկի հարեմին, որտեղից նրան հաջողվում է փախչել։ Ստրկավաճառները կրկին բռնում են նրան, բայց նա նորից կարողանում է ազատվել։ 18 ամիս շարունակ քայլելով, հատելով Դերսիմի (Մնձուրի) լեռնաշղթան, թաքնվելով քարայրերում ու սնվելով բույսերով և արմտիքով՝ հյուծված, բոբիկ ու կիսամերկ Արշալույսը հասնում է ռուսական զորքերի կողմից ռազմակալված Էրզրում, որտեղ էլ նրան իրենց հոգածության տակ են վերցնում ամերիկյան միսիոներները։

Նրա բարեհոգությունը, որը մղեց նրան խնամելու մահմեդականներից փրկված հարյուրավոր որբերի, արժանիորեն գնահատվեց «100 LIVES» նախաձեռնության շրջանակում՝ նրա անվամբ մրցանակի սահմանմամբ։

Հասնելով Նյու Յորք՝ նրան որդեգրում է մի հայ ընտանիք: Արշալույսը սկսում է թերթերում հայտարարություններ հրապարակել ողջ մնացած եղբորը՝ Վահանին գտնելու համար։ Այս հայտարարությունները գրավում են լրագրողների ուշադրությունը։ Ցեղասպանության մասին Արշալույսի վկայությունները 1918 թ. տպագրվում են Նյու Յորքի և Լոս Անջելեսի թերթերում, իսկ նույն տարվա դեկտեմբերին լույս է տեսնում «Հոշոտված Հայաստան» խորագրով գիրքը։ Շապիկին Արշալույսի լուսանկարն էր՝ հայկական ավանդական զգեստով։ Գիրքը հաջորդ երկու տասնամյակների ընթացքում բազմիցս վերահրատարակվում է և վաճառվում շուրջ 900,000 տպաքանակով՝ ներառյալ իսպաներեն, հոլանդերեն և լեհերեն թարգմանությունները։

1918 թվականը դեռ չէր ավարտվել, երբ «Selig Polyscope» ընկերության նախաձեռնությամբ կինոռեժիսոր Օսկար Ափֆելը սկսում է աշխատել այդ գրքի հիման վրա ստեղծվող համր կինոնկարի վրա։ Գլխավոր դերը վերապահված էր Արշալույսին՝ այժմ արդեն Ավրորա Մարդիգանյան անվան ներքո, որն ընտրվել էր նրա ինքնությունը պաշտպանելու նպատակով։

«Հոշոտված Հայաստան» ֆիլմը, որը հայտնի է նաև «Հոգիների աճուրդ» անվամբ, առաջին անգամ ցուցադրվեց 1919 թ. հունվարին Վաշինգտոնում։ Փետրվարին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ֆիլմի բազմամարդ և հանդիսավոր պրեմիերան։ Այն ցուցադրվեց ԱՄՆ 23 նահանգներում և միջազգային կինոթատրոններում, իսկ ֆիլմի հասույթը՝ 30 միլիոն ԱՄՆ դոլար, Մերձավոր Արևելքի նպաստամատույցի (Near East Relief) միջոցով ուղղվեց հայ որբերի կարիքներին։

Յուրաքանչյուր պրեմիերայից հետո Ավրորան իր մեջ ուժ էր գտնում բեմ բարձրանալու և հրապարակավ խոսելու բարձր խավի ներկայացուցիչների առջև։ Սակայն նյարդային նման գերլարումն անհետևանք չմնաց։ 1920 թ. Բուֆֆալո քաղաքում կինոդիտումից հետո նա ուշագնաց եղավ և ընդմիշտ հրաժարվեց հրապարակային ելույթներից։

Հոլիվուդի՝ նրան կինոաստղ դարձնելու ծրագրերը չիրագործվեցին, իսկ քաղաքական հոսանքների վայրիվերումները հանգեցրին նրան, որ 1920-ականներին «Հոշոտված Հայաստան» գրքի և կինոնկարի հանդեպ ուշադրությունը սկսեց մարել, և դրանք աստիճանաբար մոռացության մատնվեցին։ Ֆիլմի ամբողջական տարբերակը հետագայում անվերադարձ կորավ։ Ավրորան վերադարձավ Նյու Յորք և 1929 թ. ամուսնացավ հայազգի ներգաղթյալ Մարտին Հովեյանի հետ։ 1931 թ. ծնվեց նրանց որդին՝ Միքայելը։ Երջանիկ լինել Ավրորային, սակայն, չհաջողվեց. եղբորը նա այդպես էլ չգտավ, փորձեց ինքնասպան լինել, իսկ ամուսնու մահից հետո կորցրեց կապը որդու հետ։

Ավրորա Մարդիգանյանին մենք այսօր հիշում ենք նրա բացառիկ կամքի և ծանրագույն տառապանքների միջով անցնելով՝ աշխարհին լույս ու ճշմարտություն փոխանցելու կարողության շնորհիվ։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է «100 LIVES» նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Նյութի աղբյուր՝ AURORA https://auroraprize.com/hy/aurora-mardiganian

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ