«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Ադրբեջանական սադրանքին՝ ի պատասխան

Ադրբեջանական սադրանքին՝ ի պատասխան
13.04.2026 | 13:47

Ադրբեջանի արտգործնախարարությանը և Մարդու իրավունքների հանձնակատարին

ՄԱՍՆ Ա

Հակահայկականության, հայության դեմ մղվող տեղեկատվական պատերազմների անքակտելի բաղադրյալը զեղծարարությունն է` պատմական իրողությունների, փաստերի կանխամտածված խեղաթյուրումը, որի նպատակը ընթերցողին, ունկնդրին, ակնդրին հիմարացնելն է՝ սեփական նպատակներին հասնելու համար:

Մարտի 30-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնակատար Ս․ Ալիևան հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ․ «20-րդ դ․ սկզբից ինչպես Ադրբեջանի տարբեր շրջաններում, այնպես էլ ժամանակակից Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության նկատմամբ իրականացվել են կանոնավոր ու դաժան հանցագործություններ։ 1918 թ․ մարտ-ապրիլ ամիսների իրադարձությունները դարձան այդ քաղաքականության ամենաարյունալի ու ողբերգական դրսևորումներ և պատմության մեջ մտան որպես հազարավոր խաղաղ մարդկանց զանգվածային սպանություններ՝ ըստ ազգային ու կրոնական պատկանելության։

Դժբախտաբար, միջազգային մակարդակով մինչ հիմա չի դրսևորվել արդարացի դիրքորոշում ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշով քաղաքացիական բնակչության ոչնչացման և 1918 թ․ մարտ-ապրիլ ամիսներին իրականացված ցեղասպանական հանցագործությունների նկատմամբ։

Միջազգային կազմակերպությունները և ՄԱԿ անդամ-պետությունները պետք է սկզբունքային դիրքորոշում դրսևորեն էթնիկ զտումների և ցեղասպանական հանցագործությունների նկատմամբ, որոնք հայերն իրականացրել են ադրբեջանցիների հանդեպ, և 1918 թ․ իրադարձությունները ճանաչեն որպես ցեղասպանություն»։

Իսկ մեկ օր անց՝ մարտի 31-ին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակում է պաշտոնական հայտարարություն Ադրբեջանցիների ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Այդտեղ ասվում է․ «Այսօր, մարտի 31-ին, լրանում է Ադրբեջանցիների ցեղասպանության 108-ամյակը, մեր ժողովրդի դեմ իրագործված այն սարսափելի զանգվածային սպանությունների, որ կատարել են հայկական արմատական խմբավորումները»։ Իբր, 1918 թ․ մարտին Բաքվի Խորհրդի 6000 անդամների և Դաշնակցություն կուսակցության 4000 զինված անդամների կողմից իրականացրած ցեղասպանությունը հանդիսանում է ամբողջ պատմության դաժանագույն էթնիկ զտումներից մեկը։ Շարունակեմ մեջբերումը․ «XX դ․ սկզբի այդ արյունալի քաղաքականությունը շարունակվել է նաև հետագա ժամանակաշրջաններում, իսկ դարավերջին ձեռք է բերել կանոնավոր բնույթ, որն արտահայտվել է ժամանակակից Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանմամբ, ադրբեջանական բռնազավթված տարածքներում իրականացված զանգվածային սպանություններով, մասնավորապես՝ Խոջալուի ցեղասպանությամբ, և այլ ռազմական հանցագործություններով։ Մարտի 31-ին՝ Ադրբեջանցիների հիշատակի օրը, մենք խորը վշտով հարգանք են մատուցում բոլոր մեր հայրենակիցների հիշատակին, որոնք զոհ են գնացել էթնիկական ատելության ու ցեղասպանության»։

Ադրբեջանական այս երկու կառույցների համակցված տեքստը, որն առաքվեց մի քանի տասնյակ միջազգային կառույցների, ըստ էության, Հայցադիմում է, պատմական հենքով հայց, որն ունի հեռագնա, բայց և տեսանելի նպատակներ։

Հայաստանի ԱԳՆ հանդես եկավ կմկմոցով, իսկ ՄԻՊ-ը առհասարակ ծպտուն չհանեց, և դա բնական էր։ Հայաստանի այս իշխանությունից, որն ստանձնել է եթերայուղային «խաղաղություն» կերակրելու քաղաքականություն, այլ բան սպասել հնարավոր չէր։ Այդժամ որոշեցի ինքս արձագանքել՝ Հակահայցադիմումի տեսքով։

Ես անկախ հետազոտող եմ, ինձ որևէ մեկը չի խնդրել, չի հանձնարարել, առավել ևս՝ չի պատվիրել սա շարադրել։ Բայց ես ունեմ Հայ լինելու պատիվ, նախնյաց հիշատակ և պատմական ճշմարտությանը հավատարմություն։

Նախ, սկսեմ այն բանից, որ 1918 թ․ մարտ ամսին գոյություն չուներ «ադրբեջանցի» հասկացություն, թե պետական և թե հասարակական բոլոր աղբյուրներում նրանք կոչվում էին Ռուսական կայսրության Բաքվի նահանգի «թաթարներ»։ Միայն մայիսի 26-ին Թիֆլիսում Վրաստանը դուրս եկավ Անդրֆեդերացիայի կազմից ու հռչակեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետություն, երկու օր անց Հայոց Ազգային խորհուրդը՝ Հայաստանի Հանրապետություն, իսկ Մուսուլմանական ազգային խորհուրդը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն։ Այնպես որ, մարտի հետ առնչվող իրադարձություններին ես կանդրադառնամ «թաթար» եզրով։

Մարտին Բաքվում իշխանությունը թե՛ պաշտոնապես, թե՛ փաստացիորեն պատկանում էր բոլշևիկներին` Լենինի զինակից Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունային: Բոլշևիկությունն էությամբ ապազգային, դասակարգային պայքարի և պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների վրա հիմնված երևույթ էր:

Մյուս ուժը թաթարներն էին՝ ի դեմս Մուսուլմանական ազգային խորհրդի, «Մուսավաթ» կուսակցության։

Բաքվում մյուս իրական ուժը Հայոց ազգային խորհուրդն էր, որը հայ ազգաբնակչության ճնշող մեծամասնության առաջնորդն էր: Նրա իրավասության ներքո էին եկեղեցին ու Մարդասիրական ընկերությունը, նրան էին ականջալուր լինում հայոց կապիտալի, մտավորականության ներկայացուցիչները, բոլոր նրանք, ովքեր ներքաշված չէին դասակարգային կամ քաղաքական պայքարի մեջ:

Այս երեքն էլ ունեին զինված ուժեր։

Կոմունան՝ Կասպից ծովի ռազմական նավատորմ, ավիացիոն գունդ, հրետանային ու հետևակային զորամասեր։ Ռուսական Արևմտյան ռազմաճակատից, Պարսկաստանից ու Հյուսիսային Կովկասից Բաքվում կուտակվել էին շուրջ 10 հազար հայ զինվորներ, որոնց մի մասը ձգտում էր Կովկասյան ռազմաճակատ, իսկ մյուս մասը պարզապես տուն էր ուզում հասնել։ Սակայն ճանապարհները փակված էին, և Բաքու-Թիֆլիս երկաթուղու ամբողջ երկայնքով թաթարները հայության բացեիբաց սպանդ ու թալան էին իրականացնում։ Կիսաքաղց, կիսամերկ հայ զինվորների այդ զանգվածին կերակրելու, ապաստան տալու ի վիճակի չէին ոչ Հայոց ազգային խորհուրդը, ոչ Մարդասիրական ընկերությունը։ Օգտվելով այս հանգամանքից՝ Բաքվի կոմունան, բարձր աշխատավարձեր առաջարկելով, սկսեց հայ զինվորներին հավաքագրել սեփական զինուժի մեջ։ Կիսաքաղց հայ զինվորներից շատերը ստիպված համալրեցին Կարմիր բանակի շարքերը։

Թաթարների զինուժը Հյուսիսային Կովկասի և Անդրկովկասի մուսուլմաններից բաղկացած Վայրի դիվիզիան էր, որի կազմում գործում էր թաթարական հեծյալ գունդ։

Հայոց Ազգային խորհրդի զինուժը կազմված էր 2-րդ պահեստային հայկական հետևակային գնդից, մեկ հրետանային մարտկոցից և խմբապետ Համազասպի ջոկատից:

Հարկ է նշել, որ Բաքվի կոմունայի և թաթարների միջև գոյություն ունեին խորը, օրավուր սրվող հակասություններ: Բանն այն է, որ պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ տոգորված, թուրքական լրտեսների ու գործակալների կողմից ուղղորդվող, գերմանա-թուրքական բանակների ռազմական հաջողություններով ոգևորված բեկ-աղալարական խոշոր հողատիրական վերնախավի համար բոլշևիկներն ուղղակի սպառնալիք էին: Վերջիններս ոչ միայն խոստանում էին հողը գյուղացուն տալ, այլև ստեղծում էին մի նոր պետականություն, որի գերիշխանությանը պիտի ենթարկվեին նաև թաթարները:

Տեսնելով օրավուր ահագնացող իրավիճակը՝ Հայոց ազգային խորհուրդը քանիցս նախազգուշացրեց Մուսուլմանական ազգային խորհրդին և «Մուսավաթին», նրանց հորդորելով բացել ճանապարհները և թույլ տալ, որ հայ զինվորների զանգվածն անարգել հեռանա։ Սակայն թաթարներն ականջալուր չեղան, որովհետև, ըստ նրանց, այդ նույն զինվորները կռվելու էին Կովկասյան ռազմաճակատում` թուրքերի դեմ։

Երկու կողմերի միջև առկա էին բոլոր նախապայմանները արյունահեղ բախման համար, պետք էր մի փոքրիկ կայծ, և առիթը չուշացավ։

Բաքվի թաթարների մեջ կար մի անձնավորություն, որը բացարձակ հեղինակություն էր վայելում ազգակիցների շրջանում․ այդ մարդը նավթ ու տեքստիլ արդյունաբերող, մեծահարուստ Հաջի Զեյնալ-Աբդին Թաղիևն էր։ Մարտի սկզբին Լենքորանում պատահականության հետևանքով ինքնասպան եղավ նրա որդին՝ մուսուլմանական Վայրի դիվիզիայի սպան։ Այդ զորամիավորման 43-48 հոգանոց զինված պահակախումբը դին դրեց Ավետյան եղբայրներին պատկանող «Էվելինա» նավի վրա՝ Բաքու տեղափոխելու համար։ Սակայն նավի վրա պահակախումբը գնդակահարեց մի քանի բոլշևիկ զինվորների։ Երբ Վայրի դիվիզիայի ջոկատը դին հանձնեց Թաղիևին և բարձրացավ նավ՝ հետ դառնալու համար, խորհրդային իշխանությունը զինաթափեց նրանց։ Այս հանգամանքը վրդովմունք առաջացրեց մուսուլմանական բնակչության մեջ, իսկ «Մուսավաթը» հայտարարեց, թե խլված զենքը պիտի վերադարձվի, այլապես ոտքի կհանի ազգակիցներին։ Կոմունայի և «Մուսավաթի» միջև սկսվեցին բանակցություններ, ընդ որում, Հայոց ազգային խորհուրդը կողմերին հաշտեցնելու համար եռանդորեն խաղաղարար միջնորդական դեր էր ստանձնել։ Ավելին, Ազգային խորհուրդն առաջարկեց խլված հրացանների փոխարեն իրեն պատկանող զենքը տալ, միայն թե վերջ դրվի միջադեպին։ Սակայն ամեն ինչ զուր անցավ. հակասությունները սկզբունքային արմատներ ունեին, և երկու կողմն էլ անդրդվելի էին։

Բոլշևիկյան իշխանության և «Մուսավաթի» միջև բանակցությունների վերջնաժամկետ էր նշանակված մարտի 17-ի երեկոյան ժամը 6-ը։ Սակայն չսպասելով այդ ժամկետի ավարտին, ժամը 5-ին թաթարները, որոնց շարքերում կային Նարգեն կղզու գերությունից փախած գերմանացի ու թուրք սպաներ և ասկյարներ, իրենք նախահարձակ եղան ու ռազմական գործողություններ սկսեցին։

Թաթարների համար արդյունքը ողբալի եղավ։ Խորհրդային զինուժը բարիկադներ էր կառուցել, խրամատներ փորել և փողոցները երկայնքով մեկ կրակի տակ էր պահում։ Կասպից ծովի նավատորմը ռմբահարեց քաղաքի ադրբեջանական հատվածը, ինչի հետևանքով տարբեր մասերում հրդեհներ բռնկվեցին, ավերվեց նաև մուսուլմանական «Իսմայիլիյե» շենքը, որտեղ գտնվում էր թաթարական շտաբը։ Զինված ընդհարումը տևեց երկու օր ու գիշեր և ավարտվեց թաթարների լիակատար պարտությամբ։ «Մուսավաթի» պարագլուխների մեծ մասը փախավ Ելիզավետպոլ, իսկ ոմանք էլ թաքնվեցին քաղաքամերձ ադրբեջանական գյուղերում։ Տարբեր տվյալների համաձայն, երկու կողմերի կորուստները այսպիսին էին. թաթարներ՝ 700-2000 սպանված, բոլշևիկներ (ռուսներ ու հայեր)՝ 300-1200 հոգի։

Հիմա հարց ադրբեջանական սադրանքի հեղինակներին։ Եթե բոլշևիկները ձեր նախնիներին «ցեղասպանել» են մարտի 17-ին, ինչու՞ եք «ցեղասպանության» հիշատակի օր սահմանել մարտի 31-ը, ի՞նչ նպատակով։

Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում էր որդեգրել Հայոց ազգային խորհուրդը. այն ոչ մի ցանկություն չուներ միջամտելու կոմունայի և թաթարների միջև օրեցօր սպասվող զինված բախմանը։ Ավելին, խորհուրդը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որով լիակատար չեզոքություն հռչակեց, ինչի համար խորհրդային իշխանությունը մարտի 21-ին Ազգային խորհրդին վերջնագիր ներկայացրեց հայկական զորամիավորումները ցրելու և բուն խորհուրդը լուծարելու պահանջով։

Այժմ քննենք հայոց մասնակցությանը թաթարների «ցեղասպանությանը»։ Հայոց ազգային խորհուրդը… բոլշևիկներից թաքցրեց, ապաստան տվեց 20 հազար թաթարի (13 հազարին՝ հասարակական շենքերում, 7 հազարին՝ սեփական տներում)։

Մարտի 27-ին Թաղիևը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ (տպագրվել է Թիֆլիսի «Զնամյա տրուդա» թերթի մարտի 29-ի համարում). «Բաքվում հանդարտություն է տիրում։ Երկրամասի բարգավաճման շահերից ելնելով ես անձամբ պարտքս եմ համարում ի լուր ամենքի հայտարարել, որ Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել։ Կռիվների ամբողջ ընթացքում թաթարները վնաս չեն տվել թաթարական թաղամասերում բնակվող հայերին։ Իսկ հայկական հատվածը փրկեց և օթևան տվեց ավելի քան 14.000 մուսուլմանների, որոնց վերադարձրեցին պարսից հյուպատոսի միջոցով։ Ձայն եմ բարձրացնում հօգուտ ամենուրեք ամեն տեսակ հաշվեհարդարների և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցման։ Ենթադրելով, որ սա համապատասխանում է ընդհանուրի շահերին, շատ եմ խնդրում ձեզ ամեն կերպ աջակցել բնակչության շրջանում խաղաղության և հանդարտության պահպանմանը։ Թող բոլորն անցնեն իրենց խաղաղ զբաղմունքներին»։

Բաքվի կոմունայի ղեկավար կազմի մեջ մտնում էին ինչպես հայեր (Ղորղանյան, Կարինյան, Հովսեփյան, Ավագյան, Ամիրյան, Բորյան, Միկոյան, Ստամբոլցյան, Աղամիրյան, Կոստանդյան), ռուսներ (Ֆիոլետով, Կոգանով, Ա. Բոգդանով, Ս. Բոգդանով, Սոլնցև, Միշնե, Մետակսա, Զևին, Կոլեսնիկովա, Մալիգին, Պետրով, Պոլուխին, Բերգ, Գաբիշև, Բասին, Սուխարցև), վրացիներ (Ջափարիձե, Նիկոլաշվիլի), այնպես էլ թաթարներ (Ազիզբեկով, Նարիմանով, Վեզիրով):

Եվս մեկ հարց սադրիչներին։ Եթե դուք մարտյան «ցեղասպանության» մեջ մեղադրում եք հայերին, ապա ինչու՞ նույն մեղքը չեք բարդում ռուսների, վրացիների և ձեր իսկ

ազգակիցների վրա։ Չե՞ք համարձակվում:

(Շարունակելի)

Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ