Ցորենի կարգի մասին
Ադրբեջանական տրանզիտն ու ղազախական ցորենը քննարկել չարժե, այդ էժանագին մանիպուլյացիային անդրադարձել ենք:
Այժմ հարց եմ տալիս յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու:
Ամեն օր հաց եք գնում, իսկ դուք գիտե՞ք՝ Հայաստանում արտադրվող հացը ի՞նչ որակի է:
Հացը մեր երկրում ամենամեծ սպառում ունեցող սննդատեսակն է, մենք «հացակեր» ժողովուրդ ենք: Մեր խանութների հացը «թառ» սպիտակ գույնի է, համ ու հոտ չունի: Սև հաց կամ տարեկանի հաց գոյություն չունի, սև հացի տեղ ներկայացվող հացը հիմնականում գույն տված է:
Ինչքան հիշում եմ՝ Սովետի ժամանակներում բարձր կարգի, սպիտակ ալյուրից լավաշ չէր թխվում, պարտադիր երկրորդ կարգի ալյուր էին խառնում մեր տատերը:
1990-ականների սկզբին նույնպես սպիտակ, բարձրակարգ ալյուր չկար, ինչ ասես ժողովրդի վրա ծախում էին, նույնիսկ համակցված անասնակեր էին խառնում ալյուրին «բաշարող տղերքը», պատերազմի թեժ օրերին փող էին շինում:
Այնուհետ մեծ ալրաղացները կանգ առան, և ողջ համակարգը փոխվեց: Մինչ օրս Հայաստանում վաճառվում է այս սպիտակ, անհամ ալյուրն ու դրանից ստացված հացը:
Արտասահմանյան շատ երկրներում նկատած կլինեք, որ այդ սպիտակ ալյուրից թխված հացը, բագետներն ու մյուս հացի տեսակաները ամենաէժանն են, թանկ հացը թխվում է առանց դրոժի, թխթմորով, տարբեր տեսակի, ամբողջական հացահատիկներից (цельнозерновой) ստացված ալյուրների խառնուրդներից: Նման տեսակի հաց Հայաստանում նույնպես գոյություն չունի:
Ղազախստան-Ադրբեջան-Վրաստան ճանապարհով ներկրված հացահատիկի կարգի շուրջ անպտուղ բանավեճից ավելի կարևոր չէ՞ այն հարցը, թե, առհասարակ, Հայաստանում ժողովրդին ի՞նչ ալյուր ու հաց է վաճառվում: Այդյո՞ք հենց ամենացածր կարգի հացահատիկը չէ, որ տարիներ շարունակ ներկրվել ու ներկրվում է Հայաստան:
Ի դեպ, մյուս կարևոր սննդատեսակը շաքարն է, որի վերաբերյալ նույնպես բազմաթիվ հարցեր կան. ասում են՝ դա նույնիսկ բնական հումքից ստացված արտադրանք չէ: Ընդհանրապես, ոչ միայն սննդի, այլև տնտեսական ապրանքների որակը Հայաստանում նույն վիճակում է: Ներմուծվում է ամենաէժան ու անորակ ապրանքը, պատճառաբանելով, թե մեր բնակչությունը վճարունակ չէ:
Բայց մեր բնակչության առողջական վիճակը ուղիղ համեմատական է սպառվող ապրանքների որակին, մեր ժողովուրդը առողջություն չունի: Իսկ հայրենական բժշկությունը՝ тут как тут, որսորդի պես կազմ-պատրաստ սպասում է այս տանջված ու վատառողջ ժողովրդին, պատրաստ է վերջին կոպեկից զրկել...
Բայց եկեք վերադառնանք բուն հացի խնդրին և պարզենք՝ ի՞նչ հաց է վաճառվում ՀՀ քաղաքացիների վրա աստծու ամեն օր:
Եթե գիտեք՝ խնդրում եմ կիսվեք ձեր գիտելիքներով:
Արա Արայան