ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Շահ Աբասի կերպարանափոխությունն ու Փերիայի հայերի ողբերգությունը

Շահ Աբասի կերպարանափոխությունն ու Փերիայի հայերի ողբերգությունը
07.11.2026 | 12:50

Խոսելով 17-րդ դարասկզբին Շահ Աբաս I-ի կազմակերպած մեծ բռնագաղթի (1604-1605 թթ.) մասին՝ հաճախ սահմանափակվում ենք ընդհանուր թվերով, Սպահան քաղաքի հիմնադրմամբ կամ Նոր Ջուղայի վաճառականական հաջողություններով։ Սակայն իրական պատմությունը պահված է այն վավերագրերում, որոնք անպաճույճ, դաժան ու ճշմարտացիորեն նկարագրում են պարզ հայի ապրած յուրաքանչյուր օրվա ցավը։
Այդպիսի անփոխարինելի ու ցնցող աղբյուր է 17-րդ դարի խոշորագույն պատմիչ Առաքել Դավրիժեցու «Պատմութիւն» աշխատությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Դավրիժեցու կոթողային երկի ԺԴ (14-րդ) գլուխը, որը պատմում է բռնագաղթից տարիներ անց (1620 թ.) Պարսկաստանի խորքերում՝ Փերիա և Բուրվարի գավառներում հայտնված հայերի հետագա ողբերգական ոդիսականի մասին։
Ստորև ներկայացված է տեքստի վերամշակված տարբերակը, որտեղ բնագրի բովանդակային ու պատմողական ոճը լիովին պահպանված է։ Ավելի սահուն ընթերցանության համար տեքստը ենթարկվել է միայն լեզվաոճական մշակման։

Շահ Աբասի «քաղցր» գաղթը և Փերիայի ու Բուրվարիի հայերի ոդիսականը

(Մաս 1-ին)

1620 թվականին Պարսկաստանի արքա Շահ Աբաս Առաջինը Սպահանից ուղևորվեց դեպի Փերիա և Բուրվարի գավառներ, որտեղ տարիներ առաջ բռնի կերպով բնակեցրել էր հայերին։
Շահ Աբասն ուներ մի սովորություն. նա երբեմն կերպարանափոխվում էր, ներկայանում որպես սովորական զինվորի սպասավոր և այդպես շրջում տարբեր վայրերում՝ սեփական աչքերով տեսնելու ժողովրդի կյանքն ու տրամադրությունները։ Այս անգամ ևս նա որոշեց գործել նույն կերպ։ Մենակ՝ իր առջևից քայլող հետիոտն սպասավորի ուղեկցությամբ, զորքից առաջ անցնելով՝ հասավ Փերիայի առաջին գյուղը, որը կոչվում էր Դարբնի կամ Նամակերտ։
Գյուղում նրանց հանդիպեց մի կին, որը, բնականաբար, չէր ճանաչում իր առջև կանգնած մարդուն և չէր էլ կասկածում, որ նա Պարսկաստանի հզոր գահակալն է։ Շահը որոշեց փորձել կնոջ վերաբերմունքը և առաջարկեց գնել նրա հավը։ Նա երկար զրույց սկսեց կնոջ հետ, տարբեր հարցեր տվեց, ապա առաջարկեց տասը փող վճարել հավի դիմաց՝ ասելով, թե եթե կինը սիրում է շահին, ապա պետք է վաճառի այն։
Գյուղացի կինը պատասխանեց, որ հայերն այդ թագավորից ոչ մի բարիք չեն տեսել, որպեսզի նրա սիրույն նույնիսկ իրենց հավը զիջեն։ Շահը փորձեց արդարացնել իրեն՝ ասելով, թե նա հայերին բնակեցրել է բարեբեր ու ապահով երկրում, հոգացել նրանց հանգստության մասին և միշտ բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել նրանց նկատմամբ։
Սակայն կինը դառնությամբ հակադարձեց, որ ավելի լավ կլիներ՝ իրենց ընդհանրապես չբերեին այդ երկիրը։ Չէ՞ որ շահը նրանց զրկել էր հայրենի հողից, տնից ու ունեցվածքից՝ դարձնելով օտար երկրում ապրող պանդուխտներ։
Կնոջ անկեղծ ու դառն խոսքերը խորապես վիրավորեցին թագավորին։ Նա խիստ զայրացավ և այլևս ոչինչ չպատասխանեց։ Այդ ժամանակ նրան մոտեցան պալատական բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց թվում էր նաև Իսֆանդիար բեկը։ Տեսնելով թագավորի կատաղած դեմքը՝ նրանք չհամարձակվեցին մոտենալ ու լուռ կանգնեցին հեռվում։
Այդ պահին դաշտային աշխատանքից տուն էր վերադառնում գյուղի քահանան՝ տեր Ավետիսը։ Շահը կանչեց նրան, հարցուփորձ արեց և իմանալով, որ նա հոգևորական է՝ պահանջեց հրաժարվել քրիստոնեական հավատից ու ընդունել մահմեդականություն։ Քահանան պատասխանեց, որ ինքը հասարակ ու տարեց մարդ է և այլևս ի վիճակի չէ մահմեդական կրոնի ծեսերն ու արարողությունները կատարել։
Այս պատասխանը վերջնականապես բորբոքեց թագավորի զայրույթը։ Նա չկարողացավ զսպել իրեն, սպասավորի ձեռքից խլեց կացինը և ուժգին հարվածեց քահանայի գլխին։ Տեր Ավետիսը ծանր վիրավորվեց և անշնչացած ընկավ գետնին։ Սակայն շահը չբավարարվեց դրանով. նա հրամայեց անմիջապես թլպատել անգիտակից վիճակում ընկած քահանային, ապա հեռացավ՝ վերադառնալով իր բանակատեղին։
Այս դեպքից հետո Շահ Աբասը որոշեց այլևս որևէ զիջում չանել հայերին։ Նա իր առաջին վեզիրին և Միրըմիրան շեյխին հրամայեց զինվորական ուժերով մտնել հայաբնակ գավառները, բռնի մահմեդականացնել ու թլպատել բոլոր հայերին, իսկ դիմադրողներին ենթարկել դաժան պատիժների։ Այդ հրամանն արձակելուց հետո թագավորը վերդարձավ Սպահան։

(Հետևե՛ք հաջորդ մասին)

Ջանիկ ԾԱՏՈՒՐՅԱՆ
Դիտվել է՝ 340

Մեկնաբանություններ