Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ծափահարություններ, որ ավելին են՝ քան ներողությունը

Ծափահարություններ, որ ավելին են՝ քան ներողությունը
18.04.2026 | 11:42

Ծափահարությունը միշտ չէ, որ ուրախություն է նշանակում։

Երբեմն այն նման է ուշացած հիշողության,

երբեմն՝ չասված բառերի, երբեմն էլ՝ ներքին մի շարժման, որն այլևս չի տեղավորվում լռության մեջ։

Չառլի Չապլինը համաշխարհային կինոյի ամենահայտնի դեմքերից մեկն է՝ մարդ, ով լուռ կինոյում կարողացավ ծիծաղեցնել ու հուզել միլիոնավոր մարդկանց՝ գրեթե առանց խոսքի։

Նրա ստեղծած փոքրիկ թափառաշրջիկի կերպարը դարձավ մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։

Այսօր (17․04․2026 թ.- irates.am) նրա ծննդյան օրն է։

Բայց նրա թողածը միայն կինո չէ։

Նրա ծիծաղը չէր սկսվում ու ավարտվում կատակով։

Այն գալիս էր ավելի խոր տեղից՝ այնտեղից, որտեղ մարդը սովորում է դիմանալ՝ առանց կոշտանալու։

Փոքրիկ թափառաշրջիկի իր կերպարով՝

հին կոշիկներով, ձեռնափայտով ու մի փոքր անհարմար քայլքով, նա ցույց էր տալիս մի աշխարհ, որտեղ մարդը հաճախ մենակ է, բայց դեռ կարող է ժպտալ։

Նա խոսում էր աշխարհի մասին այնպես, ինչպես այն կա՝

ոչ բարձրաձայն, ոչ դատապարտող, այլ փոքր շարժումներով, հայացքներով, լռության մեջ տեղավորված ժպիտով։

Աղքատությունը, անարդարությունը, մենությունը նրա ֆիլմերում չեն ծանրանում խոսքի վրա․ դրանք դառնում են տեսանելի՝ գրեթե թեթևության սահմանին,

որպեսզի մարդը կարողանա դրանց նայել՝ առանց անմիջապես փակվելու։

Եվ գուցե հենց այստեղ էր անհանգստությունը․

պարզությունը երբեմն ավելի դժվար է տանելի, քան բարդությունը։

Ժամանակը փոխվում էր, իսկ նա մնում էր նույնը-անգամ, երբ դա այլևս հարմար չէր։

Եվ այդ չփոփոխվելը միշտ չէ, որ ներվում է։

1950-ականներին նա հեռացավ Ամերիկայից՝ աշխատելու Եվրոպայում։

Բայց երբ փորձեց վերադառնալ, պարզվեց՝ նրան այլևս չեն սպասում։

Դռները փակվել էին։

Լուռ։

Տարիներ անց՝ 1972-ին, նրան նորից հրավիրեցին բեմ։

Եվ այդ պահը կարծես չէր պահանջում խոսք։

Դահլիճը սկսեց ծափահարել։

Երկար։ Շատ երկար։

Տասներկու րոպե։

Եվ այդ ծափահարության մեջ կար մի բան, որը դժվար է անվանել մեկ բառով․ հիացմունք՝ այո, բայց նաև ուշացած գիտակցում, և գուցե՝ մեղմ, մարդկային ներողություն։

Մարդիկ կանգնած էին ոչ միայն նրա առաջ,

այլ նաև իրենց իսկ լռության դիմաց։

Նա չխոսեց։

Եվ գուցե հենց այդ չասվածը դարձավ ամենախորը խոսքը։

Որովհետև իրական արվեստը չի պահանջում բացատրություն։

Այն պարզապես մնում է մարդու մեջ՝ որպես հիշողություն, որը չի մարում։

Եվ այդ հիշողության մեջ մարդիկ երբեմն նորից հանդիպում են իրար։

Իսկ ծիծաղը, եթե այն անկեղծ է, միշտ գտնում է իր տունը։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 177

Մեկնաբանություններ