«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. հերթական կարմիր գծի հատումը

Եկեղեցին՝ որպես սադրանքի թիրախ. հերթական կարմիր գծի հատումը
28.12.2025 | 12:03

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ պատարագի ընթացքում հնարավոր և թույլատրելի է բողոք արտահայտել, իսկ Կտրիճ Ներսիսյանի անունը չպետք է հնչի, վաղուց դուրս է եկել անձնական կարծիքի կամ հավատացյալի դիրքորոշման շրջանակից։

Այն վերածվել է քաղաքական ուղերձի՝ ուղղված Եկեղեցու ներս, և այդ հանգամանքն է խնդրի առանցքը։

Խնդիրը նախ և առաջ իրավական է։

ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը հստակ սահմանում է պետության և Եկեղեցու տարանջատման սկզբունքը։

Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։

Այստեղ արդեն խոսքը հավատացյալի կարծիքի մասին չէ, այլ պետական իշխանության կողմից եկեղեցական ծեսի բովանդակության քաղաքականացման և վերահսկման փորձի։

Վերջին ամիսներին Փաշինյանը բազմիցս միջամտել է եկեղեցու ներքին գործերին՝ առաջարկելով եկեղեցու կանոնադրության բարեփոխումներ, մասնակցելով այլընտրանքային պատարագների կազմակերպմանը և նույնիսկ պետական օրհներգի կատարում պարտադրելու գաղափարներ հնչեցնելով: Սա օբյեկտիվորեն խախտում է չեզոքության սկզբունքը:

Սակայն առավել մտահոգիչ է հայտարարության քաղաքական ենթատեքստը։

«Պատարագի ընթացքում բողոք արտահայտելու» գաղափարը ոչ միայն լեգիտիմացվում է, այլ ներկայացվում որպես ընդունելի և նույնիսկ նպատակահարմար վարքագիծ՝ «գործնական արդյունքների հասնելու» ակնարկով։

Այս ձևակերպումները չեն կարող ընկալվել որպես պատահական։ Հանրային խոր բևեռացվածության պայմաններում դրանք օբյեկտիվորեն հնչում են որպես ազդակ՝ կազմակերպված սադրանքների համար։

Ձևավորվում է վտանգավոր և արդեն ծանոթ շղթա․ նախ՝ խոսքային լեգիտիմացում, ապա՝ «ինքնաբուխ» միջադեպեր եկեղեցիներում, վերջում՝ դրանց քաղաքական արդարացում՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության լեզվով։

Այս տրամաբանությունը ոչ միայն խաթարում է Եկեղեցու ներքին կարգն ու կանոնական իրավունքը, այլ նաև սրբավայրերը վերածում է քաղաքական բախումների հնարավոր հարթակի։

Իշխանությունը հետևողականորեն փորձում է եկեղեցական տարածքը ներքաշել քաղաքական պայքարի դաշտ, ընդլայնելով հակամարտությունը այն ոլորտ, որտեղ պետությունը պարտավոր է պահպանել բացարձակ չեզոքություն։

Եկեղեցին, անկախ իշխանության կամ հասարակության տարբեր շերտերի վերաբերմունքից, շարունակում է մնալ ինքնավար ինստիտուտ՝ սեփական կանոնական իրավունքով և ներքին կարգով։

Այդ սահմանների խախտումը չի կարող դիտարկվել որպես սովորական քաղաքական քայլ։

Դա արդեն կարմիր գծի հերթական հատում է, որը հղի է լուրջ և անկանխատեսելի հետևանքներով՝ թե՛ իրավական պետության, թե՛ հասարակական խաղաղության համար։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 6917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ