ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից-5

«Հայկական Նյուրնբերգ» կամ արձանագրություն ապագայից-5
21.04.2026 | 13:41

Սկիզբը՝ այստեղ

(տրիբունալ Ծիծեռնակաբերդի բարձունքում)

Դեռ արձագանքում էր Վեհափառի «Ամեն»-ը, երբ դահլիճի մթնոլորտը հանկարծ դարձավ կայծակնահույզ։ Բոլորի հայացքները գամվեցին Գարեգին Բ Կաթողիկոսի հարևանությամբ նստած ազդու կերպարին։

Ներսես Ա Մեծ Հայրապետը՝ հայոց միասնության ու բարոյականության հավերժական պահապանը, դանդաղ մոտեցավ վանդակին։ Նրա լուսեղեն արտաքինը ներգործող էր, տպավորիչ։

Հայրապետն իրեն բնորոշ շեշտակի հայացքով անքթիթ տնտղեց ամբաստանյալին՝ թափանցելով նրա սև հոգու մթին խորշերը.

- Կանգնի՛ր,- տիրական բասով հրամայեց Վեհը,- և զննի՛ր այս բազմությանը, որի աչքերի մեջ դու երբեք չհամարձակվեցիր նայել առանց ոստիկանական պատնեշի։ Դու նրանց նշմարում էիր միայն զրահապատ մեքենաների պատուհաններից կամ բեմերից, որտեղից քո գոռոցը խլացնում էր նրանց տրտունջը։ Բայց հիմա ա՛կն ածիր,- Ներսես Մեծը մատնացույց արեց դահլիճում հավաքված հազարավորներին,- ուշադիր հետևիր սևությունդ արդեն ընկալող հավաքական արթնացումին ու զգա ոչ թե քո երազած նվաստացուցիչ ստրկահաճությունը, այլ ազգային այն Արժանապատվությունը, որն այդպես էլ չկարողացար սպանել։ Դու զանգվածներին փորձեցիր վերածել «ամբոխի», բայց նրանք այսօր դարձել են քո ահեղ Դատավորը։

Դու նրանցից խլեցիր հողն ու որդիներին, բայց չկարողացար սպանել այն հայացքը, որով նրանք հիմա քեզ դատապարտում են անեծքի։ Քո ամբողջ իշխանությունը հիմնված էր վախի վրա, բայց այսօր դու ես վախենում, որովհետև նրանց հայելային անդրադարձումը քո նենգ պարունակության ճշգրիտ պատկերն է։ Նայի՛ր, որ տեսնես քո ոչնչությունը նրանց հավաքական վեհության առջև։

ՈՒշադի՛ր լսիր, որովհետև սա քո վերջին «պատարագն» է։

Ես բանադրեցի Արշակ թագավորին, երբ նա սպանեց իր հարազատին։ Բայց նա Տեր էր և գիտեր Հայրենիքի գինը։ Դու ո՛չ Տեր ես, ո՛չ էլ Իշխան։ Դու օտարի ձեռքին ժանգոտ գործիք ես, որ պղծել է Իշխանության բուն էությունը։ Դու ժողովրդին սիրելու փոխարեն՝ նրան նվաստացրիր, կեղծածդ հացի ու կրծոտած «կրծքազարդի» դիմաց փորձեցիր վաճառել նրա հիշողությունը։

Դու, որ Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է և վե՜րջ» էիր գոռում, ապականեցիր հայոց խոսքի սրբությունը։ Դու հրաժարվեցիր պաշտպանել արցախահայությանը, լվացիր արյունոտ ձեռքերդ ու հանգիստ խղճով 150 հազար հոգու հանձնեցիր թշնամու կացնավորներին։

Դու կոտրեցիր ուխտը, որը դրված էր քո և այս հողի միջև։ Արշակը մեղավոր էր, բայց նա արքա էր, իսկ դու...

Դու ընդամենը վարձկան ես, որը սեփական կաշին փրկելու համար վաճառեց հայրենի տան բանալիները։

Քո գոռոցները ոչ թե հայրենասիրություն էին, այլ դահճի սուլոց, որով դու զոհերին առաջնորդեցիր դեպի սպանդանոց։

Իսկ հետո՜...

Հիշու՞մ ես մետրոյի վագոնը. հայ կնոջը «փախած» անվանեցիր։

Հենղ այդ վագոնում դու տեսար քո վերջը, բայց կուրացած էիր ու չհասկացար։

Կինը, որին փորձեցիր նվաստացնել, «փախած» չէր, նա Տեր էր։ Նա իր հետ բերել էր սեփական տան բանալիները՝ այն բանալիները, որոնք դու վաղուց կորցրել ես քո հոգու լաբիրինթոսներում։

Նրա լռությունը քո բղավոցից հզոր էր, որովհետև նրա թիկունքում մենք ենք՝ Լուսավորչի անմար կանթեղը, Մամիկոնյանների անպարտ սուրը և Եռաբլուրի սրբազան, դատապարտող լռությունը։

Ես՝ Ներսեսս, իմ ողջ կյանքում կամուրջներ եմ կառուցել հարևան ազգերի ու եկեղեցիների միջև, ամրապնդել եմ մեր կապը Վիրքի և Աղվանից աշխարհների հետ։ Իսկ դու՞...

Դու քանդեցիր բոլոր կամուրջները՝ մեզ թողնելով մենության ու ամոթի մեջ։

Դու համարձակվեցիր բանտել Աստծո Խոսքն ու Հայոց Հայրապետի ազատությունը։ Ամիսներ շարունակ դու և քո վարձկանները փորձեցիք վարկաբեկել Մայր Աթոռը, պաշարեցիք Վեհարանը, փորձեցիք ցեխ շպրտել այն Աթոռի վրա, որին բազմել են Լուսավորիչն ու Սահակ Պարթևը։ Բայց իմացիր՝ Աթոռը սոսկ փայտեղեն գահը չէ, որը կարող ես տիրել կամ կործանել քո կամքով։ Աթոռը հազարամյակների անսասան հավատն է, որի դեմ քո սուտը փշրվեց, ինչպես ալիքը՝ ժայռին։

Դու համարձակվեցիր արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցելու իր եղբոր՝ Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը։ Դա միայն Գարեգին 2-րդի դեմ ուղղված քայլ չէր, դա հարված էր մեր ազգային պատվին ու դարավոր բարեկամությանը։ Դու վախեցար, որ Վեհափառի ներկայությունը Վիրքի մայրաքաղաքում աշխարհին ցույց կտա քո հոգևոր գաճաճությունն ու նրա Հայրապետական վեհությունը։

Դու փորձեցիր փակել ճանապարհը նրա առջև, ում ճանապարհն Աստված է հարթել, բայց միայն ապացուցեցիր, որ քո «իշխանությունը» վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է Սրբազան Ավանդույթը։

Ես հիվանդանոցներ ու աղքատանոցներ հիմնեցի, որ բարձրացնեմ հայ մարդու արժանապատվությունը, բժշկեմ նրա վերքերն ու սփոփեմ վիշտը։

Իսկ դու՞․․․

Դու պետական բյուջեն դարձրիր լափաման՝ քո վարձկանների որկորը կշտացնելու և զրկվածի արդար բողոքը լռեցնելու համար։ Դու հայրենիքը դարձրիր քրջի շուկա, որտեղ ամեն ինչ ունի գին, բայց ոչ մի բան չունի արժեք։

Քո ձեռքում անգամ սուրբ մասունքը դառնում է ապրանք, որով փորձում ես սակարկել մեր պատմությունն ու գալիքը։

Ես աշխարհիկ կյանքից եկա Եկեղեցի, թողեցի զենքն ու պալատական փառքը, որպեսզի ծառայեմ տկարին, հիվանդին ու որբին։ Ես սովորեցրի, որ Հայրենիքը միասնական Մարմին է, որի յուրաքանչյուր անդամի ցավն ընդհանուր է, և եթե մեկը տառապում է, տառապում է ամբողջ ազգը։

Իսկ դու՞...

Դու եկար, որ այդ կենդանի մարմինը կտոր-կտոր անես, անդամահատես ու վաճառես սակարկության սեղաններին։ Դու դարձար այն վիրաբույժ-մսագործը, որը ոչ թե բժշկում է, այլ սառնասրտորեն քերթում է սեփական ժողովրդի մաշկը՝ հայրենի հողը վերածելով սպանդանոցի հերթական ավարի։ Դու հայրենիքի անդամահատումը դարձրիր քո արհեստը, իսկ մարդկային կյանքերը՝ այդ սարսափելի շուկայի էժան միս։

Դու լափեցիր բյուջեի միլիարդները, իսկ տասը հազար դրամները շպրտեցիր թոշակառուների դեմքին՝ որպես ամոթալի լռության գին։ Դու կարծեցիր, թե կարելի է կաշառել մարդկային կարիքն ու սեփականաշնորհել հույսը, բայց մոռացար, որ Հայրենիքը շուկա չէ, իսկ Քաղաքացին՝ գնորդ։

Դու սովորական չարչի ես, որը փորձեց տիրանալ Տիրոջ գահին։

Իմացի՛ր, սակայն՝ չարչին կարող է տիրել դրամապանակներին, բայց երբեք չի կարող տիրել հոգիներին։

Դու չունես այն լույսը, որն անհրաժեշտ է առաջնորդելու համար, դու ունես միայն այն խավարը, որով փորձում ես ծածկել քո ոճիրները։

Քո գահը ոչ թե հավատի վրա է, այլ այն քրջերի ու կեղծիքի, որոնք դու դիզել ես այս սուրբ հողի վրա։

Ես քեզ չեմ ուղարկում բանտ, որովհետև բանտը մարդկանց համար է։ Ես քեզ դատապարտում եմ Հավերժական Օտարության։

Դու օտար ես այս հողին, օտար ես այս ջրին, օտար ես այս սուրբ լեզվին, որով այսօր դատվում ես։ Դու մնալու ես պատմության մեջ որպես պատահական «թյուրիմացություն», որը փորձեց ծնկի բերել Աստծո սիրելի ազգին, բայց ինքը փոշիացավ արժանապատիվ հայուհու հատու հայացքից։

Քո պատիժը ոչ թե բանտն է, այլ այն հավերժական արհամարհանքը, որը կուղեկցի քո անունը դարերի հերթափոխում։ Դու կլինես մոռացության և նողկանքի արանքում, և ոչ մի աղոթք չի հասնի քեզ, որովհետև դու ուրացար նրանց, ովքեր աղոթում էին։ Դու չկաս այլևս։

Դու մնալու ես պատմության մեջ որպես մեկը, որը փորձեց «տնտեսական հաշվարկով» փոխարինել հազարամյա Սուրբ Մյուռոնը։ Դու պատասխան ես տալու ոչ միայն հողի կորստի, այլև հոգու պղծության համար։

Գարեգին 2-րդ Հայրապետի հանդեպ քո արած յուրաքանչյուր ստոր քայլ դարձավ մի քար՝ քո սեփական բարոյական դամբարանի համար։ Դու ինքդ կառուցեցիր քո գերեզմանը քո իսկ նողկալի արարքներով։

Գնա՛ և այլևս չերևաս Հայոց Ոգու աչքին։ Քեզնից հետո կմնա միայն մոխիր և արհամարհանք, իսկ մեր Ոգին վեր կհառնի քո «կառուցած» ավերակների վրա։

Ապա Վեհը ձեռքերը պարզեց դեպի երկինք և արտաբերեց Բուզանդի այն տողերը, որոնք դարձան վերջնական կնիքը.

- Անպիտան ու անարգ դառնաս, ինչպես թափված ջուրը, որը հողն է կլանում ու հետք չի թողնում։ Քո խոսքը թող դառնա քամի, որը ոչ ոք չի լսում, և քո գործը՝ մոխիր, որը հողմն է ցրում ամայության մեջ։

Դու Արշակունյաց ցեղի պես չես կործանվելու փառքով ու ողբերգությամբ, որովհետև դու նույնիսկ ցեղ ու տոհմ չունես քո հոգում։ Դու պիտի ջնջվես որպես ամոթալի թյուրիմացություն, և քո անունը պիտի հիշվի միայն որպես նախատինք ու դառը դաս՝ հայոց սերունդների շուրթերին։

Ամբաստանյալը, որ քիչ առաջ լպիրշ ժպտում էր ու ցինիկաբար նայում դահլիճին՝ կարծելով, թե իր սուտն անպարտելի է, հանկարծ կորցրեց հենարանը։ Նրա ուսերը կախվեցին, կարծես անտեսանելի մի բեռ ծանրացավ նրանց վրա, դեմքը ստացավ մեռելային մոխրագույն երանգ, իսկ հայացքը, որ մի ժամանակ լցված էր սին ինքնավստահությամբ, վերջնականապես մարեց։

Նա փորձեց շուրթերը շարժել, փորձեց հակադարձել կամ գեթ մի արդարացում փնտրել, բայց ձայնի փոխարեն նրա կոկորդից միայն չոր, կտրտված հևոց դուրս եկավ։ Բերանի անկյունից հոսող սպիտակ փրփուրը մատնում էր նրա ներքին սարսափն ու հոգևոր ջղաձգումը։

Անսպասելիորեն դահլիճի պատերը ճոճվեցին, բայց ոչ թե երկրաշարժից, այլ այն ահեղ հոգևոր հարվածից, որը հասցվեց չարիքի կենտրոնին։ Տարածությունը կարծես սեղմվեց՝ այլևս չհանդուրժելով ստի ներկայությունը։

Ամբաստանյալը, որն իրեն «հանճարեղ» էր երևակայում և կարծում էր, թե տիրում է մարդկանց մտքերին, խեղճացած կուչ եկավ։ Նրա ողջ լպիրշությունը, նրա «հաղթեցի ձեզ ձեր իսկ լեզվով» ամբարտավան պնդումը փոշիացան Հայրապետի լուսեղեն հայացքի ներքո։ Նրա «հանճարը», որն ընդամենը խաբեություն էր, հալվեց ճշմարտության առաջին իսկ շնչից՝ թողնելով նրան մերկ, ողորմելի ու դատապարտված։

Ներսես Մեծը դանդաղ շրջվեց։ Նա վերջին անգամ հայացքով հրաժեշտ տվեց Գարեգին Բ Վեհափառին ու ժողովրդին, և նրա կերպարն աստիճանաբար սկսեց ձուլվել սրահի կամարներից ներխուժող արևի լույսին։

Կանոնավոր, անաղմուկ շարքերով Վեհին հետևեց անթիվ ու անհամար լուսեղեն մի բազմություն։ Դրանք լույս դարձած այն ստվերներն էին, որոնք դատավարության ողջ ընթացքում լուռ ու անշարժ զբաղեցրել էին դահլիճի բոլոր անկյուններն ու առաջին շարքում դրված դատարկ աթոռները։ Մեր նահատակներն էին, նաև 44-օրյա պատերազմում անմահացած տղաները, որոնց հոգիները ներկա էին երկրային արդարության վերջին արարին։

Նրանք անցնում էին վանդակում կծկված ամբաստանյալի կողքով՝ առանց մի բառ ասելու։ Բայց նրանց լռության մեջ հազարավոր չապրած գարունների ու կիսատ մնացած երազանքների ծանրությունն էր։

Ամահների գնդի լուսեղեն երթի առջև ամբաստանյալն ավելի կուչ եկավ՝ դառնալով աննշան բիծ հայոց պատմության հավերժական ճանապարհին։

Նրանք չէին քայլում, նրանք հոսում էին որպես առկայծող լույսի ու մշուշի անկշռելի միասնություն։

Նրանք անցնում էին ամբաստանյալի կողքով, բայց նույնիսկ չէին նկատում։ Նա դարձել էր անցյալից մնացած ճենճոտ լաքա իրենց հավերժական լույսի ճանապարհին, տհաճ մի հիշողություն, որն այլևս չէր կարող պղծել նրանց սխրանքը։

Գնդի երթը եզրափակող լույսն աջ ձեռքի ցուցամատն ու բութը զենք դարձրած ուղղեց մեղադրյալի գլխին, վերջինս բերանքիվայր շրխկաց հատակին։

Ներկաները հրճվանքի հոգոց հանեցին․ ճանաչել էին նրան՝ Սողոմոն Թեհլիրյանն էր։ Նրանից հետո դահլիճում մնացին դատարկությունը, լռությունը և վանդակի անկյունում ընկած գորշ ստվերը, որն այլևս ոչ անուն ուներ, ոչ էլ տեղ՝ թե՛ երկրի վրա, և թե՛ երկնքում։

Արդարությունն իրականացված էր։

Դատավորն ակնդետ նայեց այն շարքերին, որտեղ գլխահակ նստած էին նրանք, ովքեր կազմում էին երկրին ու ազգին պատուհասած աղետի «մարմինը»։

Նրանք, ովքեր իրենց լռությամբ, իրենց քվեներով ու կույր հնազանդությամբ քար առ քար կառուցել էին դավաճանության բուրգը։ ՈՒսադիրավորները, մտավորականները, նախարարներն ու մյուսները կարծես փորձում էին անէանալ սեփական հագուստների մեջ՝ չդիմանալով արդարության հայացքին։

- Դու՛ք այսօրվանից այլևս գոյություն չունեք Հայաստանի ապագայի մեջ, - Դատավորի ձայնը հնչեց որպես մուրճի հարված։- Ձեր ժամանակն ավարտվեց այնտեղ, որտեղ սկսվեց ձեր հարմարվողականությունը։ Դատարանը վճռեց․ զրկե՛լ ձեզ բոլոր տիտղոսներից, պատիվներից ու պետական կոչումներից։ Այսուհետ ձեր անունները կնշվեն միայն որպես նախատինք՝ հայոց պատմության ամենամութ էջերում։ Դա կլինի ձեր հավերժական բանտը։

Դատավորը վերջին անգամ բարձրացրեց մուրճը։

- Դատավճիռը կայացված է։ Ամբաստանյա՛լ, Դուք դատապարտված եք Հավերժական Լռության և Օտարության։ Ձեր անունը կհեռացվի հայոց հիշողության սուրբ մատյաններից, և Ձեր միակ բաժինը կլինի Ձեր իսկ ստեղծած խավարը։

Դատական նիստն ավարտված է։

Մուրճի հարվածն իջավ սեղանին՝ որպես տիեզերական վերջակետ։

Այդ պահին վանդակը կործանվեց, իսկ ամբաստանյալը դանդաղ հալվեց՝ վերածվելով տձև սև ամպի։ Նրա տեղում մնաց միայն նեխահոտ ու այնպիսի դատարկություն, որն այլևս ի զորու չէր վնասել ոչ մեկին։

Չարիքը փոշիացավ՝ չթողնելով նույնիսկ ստվեր։

Անսպասելի բացվեցին դահլիճի բոլոր դռներն ու ներս խուժեց Ստեփանակերտից, Շուշիից, Երևանից փչող թարմ քամին՝ մաքրելով օդը դավաճանության գարշահոտից։

Երբ ամբաստանյալի ստվերն անհետացավ, և դատարանի դահլիճը լցվեց ողողուն լույսով կենտրոնում հայտնվեց ալեհեր մի ծերունի՝ մագաղաթը ձեռքին ու այնպիսի հայացքով, որը տեսել էր հայ ազգի թե՛ ծնունդը, թե՛ նրան պատած բոլոր արհավիրքները։

Մովսես Խորենացին էր։

Նա չէր նայում կործանված դատարկ վանդակին։ Նայում էր ուղիղ ժողովրդի աչքերին։ Նրա ձայնը հնչեց ոչ թե որպես ողբ, այլ որպես հզոր պատգամ, որը թնդում էր դարերի խորքից.

- Որդինե՛ր և դուստրե՛ր Հայկազուն, այսօր դուք փակեցիք ստի և նվաստացման ամենադաժան ու ստոր էջերից մեկը։ Դուք տեսաք, թե ինչպես է փոշիանում այն իշխանությունը, որը հենված էր դավաճանության և ուրացման վրա։ Բայց հիշե՛ք, որ այս դատավճիռը ոչ թե վերջն է, այլ ձեր ՈՒխտի նորոգումը։

Մի՛ մոռացեք դասը. երբեք թույլ չտաք, որ ձեր հոգիներում բույն դնի «բոբիկությունը» կամ գավառական տգիտությունը։ Պետությունը սրբություն է, այլ ոչ թե առևտրի առարկա։ Հայրենիք սակարկողը չի կարող լինել ձեր առաջնորդը. նա կարող է լինել միայն ձեր պատմության ամոթի դրոշմը։

Տե՛ր եղեք ձեր խորհրդանիշներին. Արարատը ձեր հայացքն է դեպի վեր, ձեր հաստատունության հիմքը։ Երբեք թույլ չտաք՝ որևէ մեկը փորձի ձեզ զրկել ձեր երազանքից և ձեր իրական սահմաններից։ Առանց ձեր սուրբ լեռների և պահանջատիրության՝ դուք լոկ թափառական բեկորներ եք, իսկ դրանցով՝ Ազգ և Պետություն։

Բռունցքվե՛ք Ճշմարտության շուրջ. այլևս չկան «սևեր ու սպիտակներ»։ Կա միայն մեկ գույն՝ հայկական եռագույնը, և մեկ նպատակ՝ հզոր ու միասնական Հայաստանը։ Ձեր միասնությունը թող լինի այն վահանը, որին կբախվեն ու կփշրվեն բոլոր թշնամիները։

Դու՛րս եկեք այս դահլիճից բարձրագլուխ։

Դուք մաքրեցիք ձեր տունը չարիքից։

Ժամանակն է կառուցելու այնպիսի Հայաստան, որի առաջ կխոնարհվի անցյալը և որով կհպարտանա ապագան։ Ձեր ուժը ձեր հիշողության ու ձեր կամքի մեջ է։

Եղի՛ր զորավոր, Հայոց Աշխարհ։

Դատն ավարտվեց։ Իսկ արթնացող ժողովրդի աչքերում մնաց Ամենայն Հայոց Գարեգին 2-րդ Վեհափառի պատգամը և այն սուրբ գիտակցումը, որ «Հայաստանը Եկեղեցի է, որի խորանը Արարատն է»։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ