Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Իշխող կուսակցությունը դեռ իշխող գաղափարախոսություն չէ

Իշխող կուսակցությունը դեռ իշխող գաղափարախոսություն չէ
18.09.2026 | 12:40

Միգուցե լուրջ խոսենք։

Մեր երկրում շատ լուրջ բան է կատարվում: Լենինով և այլ հեղափոխականներով հետաքրքրվելը տվել է նոր ռադիկալ լուծումների գնալու նարատիվներ և ուղիներ այս իշխանությանը:

Փաշինյանի ասածներից շատերը կարելի է համարել պոպուլիզմ, բառախաղ, քաղաքական տեխնոլոգիա ու անցնել առաջ։ Բայց երբ երկրի վարչապետն ասում է, որ դպրոցներում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող բաներ չպետք է հնչեն, ես կառաջարկեի կանգնել և շատ լուրջ վերաբերվել ասվածին։ Որովհետև այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ՝ պետությունը։

Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջին անգամ դարձել է իշխող, պետական ամբողջ համակարգը պետք է մարտավարական և ռազմավարական առումով դիրքավորվի ըստ դրա, իսկ դպրոցներում այդ գաղափարախոսությանը հակասող բաներ «չպետք է հնչեն»։ Ավելին՝ Կառավարությունը, ըստ նրա, պետք է դրա դեմ «կոնկրետ գործողություններ» անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Ուշադիր՝ «կոնկրետ գործողություններ»:

Սա արդեն շատ լուրջ խոսակցություն է։ Եվ այստեղ ուզում եմ դիմել ոչ միայն իմ լսարանին, այլև ուղիղ Կառավարությանը։ Դուք կարող եք համոզել ինձ ձեր «Իրական Հայաստանի» ճշմարտության մեջ, բերեք փաստարկներ, ապացուցեք, որ ձեր պատկերացրած Հայաստանն ավելի անվտանգ, ինքնիշխան ու կենսունակ պետություն է։ Դա ձեր իրավունքն է։ Իմ իրավունքն էլ ձեզ չհավատալն է, ձեր փաստարկները մերժելը, ձեր գաղափարախոսությունը վիճարկելը և Հայաստանի ապագայի մասին միանգամայն այլ պատկերացում ունենալը։ Սա է քաղաքականությունը, սա է բազմակարծությունը, սա է մրցակցությունը և հանրապետությունը։

Բայց այն պահից, երբ իմ կամ որևէ մեկի անհամաձայնությունը ձեր գաղափարախոսությանը դառնում է մի բան, որը «չպետք է հնչի» կամ դուք որոշեք, որ հակասում է և սանկցավորեք պետության անունից, մեր վեճն այլևս «Իրական Հայաստանի» բովանդակության մասին չէ։ Մեր վեճն արդեն Հայաստանի Հանրապետության բնույթի մասին է, որովհետև մարդկանց մտածողությունը փոխելու քաղաքական ցանկության և դպրոցում իշխանության գաղափարախոսությանը հակասող խոսքը բացառելու ու սանկցավորելու միջև սկզբունքային տարբերություն կա։ Առաջինը համոզելու քաղաքական հավակնություն է։ Երկրորդը արդեն մոտենում է այն սահմանին, որտեղ պետությունն ինքն է սկսում որոշել թույլատրելի մտածողության շրջանակը, շեշտում եմ՝ թույլատրելի մտածողության սահմանը, ինչն «անցնելուն» կամ «խախտելուն» հետևելու է «կոնկրետ գործողություն»։

Դպրոցը հենց այն կետն է, որտեղ այս պատմությունը դադարում է պարզապես քաղաքական խոսույթ լինելուց։ Դպրոցում պետությունը հանդիպում է ոչ միայն այսօրվա երեխային, այլև վաղվա քաղաքացուն։ Ուստի ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է որոշելու, որ պատմության ուսուցչի ասածը հակասում է «Իրական Հայաստանին», կառավարությո՞ւնը, նախարարությո՞ւնը, դպրոցի տնօրե՞նը, գաղափարախոսական տռոյկանե՞րը, նախկին դպրոցի տնօրեն, այժմ «գաղափարախոս» պատգամավո՞րը, «մացեմացիկա՞ն»՝ գրատախտակի գնացած, ո՞վ: Որտե՞ղ է իրավաբանորեն սահմանված այդ «գաղափարախոսության» կանոնական բովանդակությունը, որը դարձել է կրթական մոդուլ կամ կրթական բաղադրիչ։ Եթե պատմաբանի գիտական եզրակացությունը չի տեղավորվում դրա մեջ՝ պատմաբա՞նն է սխալ. եթե աշակերտը հակառակ հարց է տալիս՝ հա՞րցն է սխալ։

Այստեղ քաղաքական հարցը շատ արագ դառնում է նաև լեգիտիմության հարց։ Փաշինյանը «Իրական Հայաստանի»՝ իշխող գաղափարախոսություն դառնալը հիմնավորում է ընտրությունների արդյունքով։ Բայց թվաբանությունը պարզ է․ ՔՊ-ն ստացել է 726,819 ձայն, մինչդեռ քվեարկությանը մասնակցած ևս 749,950 քաղաքացի ՔՊ-ին չի քվեարկել։ Այդ 749,950-ը մեկ քաղաքական ճամբար չէ, և հենց դա էլ կարևոր է․ նրանց կամքը հնարավոր չէ վերագրել Փաշինյանին, առավել ևս՝ գրանցել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության օգտին կամ քաղաքական հաշվեկշռին։

Բայց թվերից ավելի կարևոր է քաղաքագիտական սկզբունքը։ Հասկացեք՝ ընտրությունը որոշում է՝ ով է կառավարելու, ոչ թե՝ ինչ, ինչպես և ինչի սահմաններում պետք է մտածի հասարակությունը։ Քաղաքական ուժը կարող է հաղթել ընտրություններում, ձևավորել կառավարություն և իրականացնել իր ծրագիրը։ Բայց ընտրական հաղթանակից ինքնաբերաբար չի ծնվում ո՛չ ամբողջ հասարակության գաղափարական ներկայացուցչության, ո՛չ սեփական աշխարհընկալումը պետականորեն «իշխող գաղափարախոսություն» դարձնելու, առավել ևս՝ դպրոցում թույլատրելի ու անթույլատրելի խոսքի չափանիշի վերածելու մանդատ։

Իշխող կուսակցությունը դեռ իշխող գաղափարախոսություն չէ։ Ժողովրդավարությունում իշխանություն կարող է ունենալ կուսակցությունը, բայց ողջ պետությունը դրանից կուսակցական գաղափարախոսություն չի ստանում։ Առավել ևս, դպրոցը չի դառնում ընտրություններում հաղթած կուսակցության աշխարհընկալման վերարտադրության տարածք։

Սա արդեն ոչ միայն քաղաքագիտական, այլև սահմանադրական սահման ունի։ Հայաստանի Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծությունը։ Նույնիսկ ձեր «իրական հայաստանի» Սահմանադրական դատարանն է 2026 թվականի ընտրությունների վերաբերյալ որոշման մեջ ձևակերպում, որ ընտրությունները ոչ միայն իշխանության ձևավորման, այլև դրա սահմանափակման և վերահսկման միջոց են։

Այսինքն՝ իրավունքն այստեղ պարզապես ամրագրում է քաղաքագիտական պարզ սկզբունքը․ ընտրական հաղթանակը իշխանություն է ձևավորում, բայց չի վերացնում հասարակության գաղափարական բազմազանությունը։

Հետևաբար, «իրական հայաստանը» կարող է լինել ՔՊ-ի քաղաքական հայեցակարգը։ Կարող է լինել Կառավարության քաղաքականության գաղափարական հենքը։ Այն կարելի է քարոզել, պաշտպանել, ներկայացնել հասարակությանը և դրա համար կրկին քվե խնդրել ու հաղթել, ձախողվել կամ հրաժարական տալ և «գաղափարախոսությունը» ևս սառեցնել։ Բայց դրանից այն չի ստանում ամբողջ հասարակության աշխարհայացքը ներկայացնելու լեգիտիմություն։ Առավել ևս, ընտրական հաղթանակը ինքնին չի ստեղծում այնպիսի հիմք, որով իշխանության գաղափարախոսությանը հակասող խոսքը դպրոցում կամ որևէ այլ տեղ կարող է բացառվել հենց գաղափարախոսությանը հակասելու պատճառով։ Ենթադրենք՝ դուք չկաք, ձեր գաղափարախոսությունն էլ՝ հետը, բա դպրոցը ի՞նչ պիտի անի:

Ընտրությունը ձեզ իրավունք է տվել կառավարելու բազմակարծ հասարակություն, ոչ թե այդ հասարակությունը գաղափարապես միատարր դարձնելու իրավունք։ Եվ հատկապես՝ ոչ դպրոցում։

Ուստի այստեղ երեք բան պետք է շատ հստակ տարանջատել․ իշխանություն ունենալը դեռ գաղափարական մենաշնորհ չէ, գաղափարախոսություն ունենալը դեռ այն պետականորեն պարտադիր դարձնելու իրավունք չէ, իսկ պետություն կառավարելը, առավել ևս, երեխաների մտածողության թույլատրելի սահմանները որոշելու մանդատ չէ։

Ու հենց այստեղ ես չեմ կարող չհիշել Չուչխեն։ Հայաստանը Հյուսիսային Կորեայի հետ համեմատելը այժմ անհեթեթություն կլիներ։ Ինձ հետաքրքրում է մեխանիզմը։

Գաղափարախոսական պետությունը միանգամից չի ծնվում։ Սկզբում իշխանությունն առաջարկում է իր աշխարհընկալումը։ Հետո այն բարձրացնում է պետականորեն ճիշտ աշխարհընկալման աստիճանի։ Հաջորդիվ պետական համակարգն է համապատասխանեցվում այդ «ճշտին»։ Իսկ ամենազգայուն սահմանը հատվում է այն ժամանակ, երբ այդ տրամաբանությունը հասնում է կրթությանը՝ այնտեղ, որտեղ պետությունն արդեն հանդիպում է հաջորդ սերնդի գիտակցությանը։ Զգում ե՞ք «իրականի» սցենարը:

Ես չեմ ասում՝ «Իրական Հայաստանը» Չուչխե է։ Ես ասում եմ՝ պետք է ճանաչել մեխանիզմը, որովհետև խնդիրը գաղափարախոսության անունը չէ, այլ այն պահն է, երբ իշխանության գաղափարախոսությունը դադարում է լինել հասարակությանը ներկայացված քաղաքական առաջարկ և սկսում է վերածվել պետականորեն «ճիշտ» աշխարհընկալման, իսկ դպրոցը՝ այդ աշխարհընկալման վերարտադրման միջավայրի։ Իսկ ամենազգայուն սահմանը հատվում է այն ժամանակ, երբ այդ տրամաբանությունը հասնում է կրթությանը՝ այնտեղ, որտեղ պետությունը հանդիպում է հաջորդ սերնդի գիտակցությանը։

Հյուսիսային Կորեայի Չուչխեն այս մեխանիզմի ծայրահեղ, արդեն կայացած օրինակներից է։ Այն պարզապես իշխանության քաղաքական ծրագիր չէ, այլ պետական աշխարհայացք, որի վերարտադրության գործիքներից մեկը կրթությունն է։ Հյուսիսային Կորեայի սահմանադրության 43-րդ հոդվածում կրթության նպատակը նույնիսկ կապվում է նոր սերնդին «Չուչխեի տիպի նոր մարդկանց» վերածելու հետ։

Հենց այստեղ է նաև Փաշինյանի հետընտրական քաղաքական խնդիրը։ Ընտրությունները պետք է դառնային նրա կառուցած նարատիվների մեծ հանգուցալուծումը։ Քվեն պետք է ոչ միայն վերարտադրեր իշխանությունը, այլև հաստատեր անցած տարիների նրա քաղաքական պատմությունը՝ պարտության, Արցախի կորստի, խաղաղության, պետության, հայրենիքի ու ապագայի մասին։

Բայց դա ամբողջությամբ տեղի չունեցավ։ Իշխանությունը վերարտադրվեց, իսկ հավաքական գիտակցությունը՝ ոչ։ Ընտրությունը որոշում է՝ ով է կառավարելու։ Այն չի որոշում՝ ով էր պատմականորեն ճիշտ։ Քվեն կարող է իշխանություն տալ, բայց չի վերաշարադրում ժողովրդի հիշողությունը։

Եվ այստեղ է առաջանում ամենավտանգավոր գայթակղությունը՝ կոչենք այն Լենինով հետաքրքվելու մոտիվացիա։ Երբ սեփական «ճիշտը» չես կարողանում դարձնել բոլորի համոզմունքը, կարող ես այլևս ոչ թե փորձել ապացուցել այն, այլ սկսել սահմանել այն և որքան դժվար ես ապացուցում, ստիպված ես այնքան բիրտ էլ սահմանել: Սա է կատարվում:

Սկզբում ասում ես՝ պետք է փոխել մտածողությունը։ Հետո սեփական գաղափարախոսությունը հայտարարում ես իշխող։ Ապա պետական համակարգը պետք է դիրքավորվի ըստ դրա։ Հետո հասնում ես դպրոցին։

Այստեղ է պետք կանգնել։ Եվ սա այլևս հեգնելու թեմա չէ։ Ոչ այն պատճառով, որ Հայաստանն այսօր Հյուսիսային Կորեա է, այլ որովհետև ազատ հասարակությունները սահմանը գծում են ոչ թե այն ժամանակ, երբ գաղափարախոսական պետությունն արդեն կառուցված է, այլ շատ ավելի շուտ՝ այն պահին, երբ իշխանությունը քաղաքական մանդատից փորձում է ստանալ մի լիազորություն, որը քաղաքացին նրան երբեք չի տվել։

Դուք ստացել եք պետությունը կառավարելու մանդատ։ Մեր երեխաների մտածողությունը կառավարելու մանդատ՝ ոչ։ Դպրոցը այն տեղը չէ, որտեղ իշխանությունը պետք է հաղթի իր գաղափարական հակառակորդներին։ Դպրոցը հենց այն տեղն է, որտեղ երեխան պետք է սովորի, որ իշխանությունն էլ կարող է սխալ լինել։

Եվ եթե այս սահմանը ջնջենք, արդեն երկրորդական կլինի՝ պետականորեն «ճիշտ» գաղափարախոսությունը կոչվում է «Չուչխե՞», «Իրական Հայաստա՞ն», «Պրոլետարիատի դիկտատուրա՞», թե՞ մեկ ուրիշ գեղեցիկ անուն։ Խնդիրը անունը չէ։ Խնդիրը պետության՝ իրեն վերագրվող նոր առաքելությունն է՝ որոշելու, թե որն է «ճիշտ» մտածողությունը։ Եվ ահա սա արդեն իրական Հայաստանի Հանրապետության մասին շատ լուրջ խոսակցություն է։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ