ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 2

Իրանի հարվածներն իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին. ջիհադը՝ սրբազան պատերազմը, սկսված է. 2
04.03.2026 | 10:00

Սկիզբը՝ այստեղ

Թել Ավիվում պայթյուններ են որոտացել Իրանի կողմից հրթիռների հերթական արձակումից և օդային տագնապից հետո։ Ինչպես այսօր տեղեկացրել է «РИА Новости»-ին, հրթիռակոծությունների մասին ազդարարման Իսրայելի համակարգի տվյալներով՝ տագնապի ազդանշանն ակտիվացվել է Իսրայելի տարածքի զգալի մասում: Թիրախներին հրթիռների հարվածի կամ տուժածների մասին տվյալներ դեռ չկային:

Իրանը բալիստիկ հրթիռների նոր արձակում է իրականացրել Իսրայելի տարածքի ուղղությամբ. այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը, որի տվյալների համաձայն, արձակված հրթիռների մեծ մասն ուղղված է Իսրայելի հարավային հատվածներին, ինչպես նաև Թել Ավիվի ուղղությամբ:

Իրանի «Fars» գործակալության տեղեկացմամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) ԱՄՆ-ի և Իսրայելի օբյեկտների դեմ «Ճշմարիտ խոստում-4» գործողության շրջանակում դեռ երեկ սկսել էր անօդաչու թռչող սարքերի նոր շարքի գործարկումը ԱՄՆ-ի ռազմաբազայի ուղղությամբ: «Fars»-ի տվյալներով՝ ԻՀՊԿ ՌԾՈւ-ին պատկանող դրոնները թիրախավորել են Քուվեյթում գտնվող ամերիկյան «Արիֆջան» ռազմաբազան:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ 10 հարվածային անօդաչուների միջոցով հարված է հասցրել Քուվեյթում ԱՄՆ- ի կողմից վերահսկվող «Արիֆջան» ռազմաբազային»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասված է «Press TV» հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Իրանական «Nour News» գործակալության հավաստմամբ, Իրանը նոր սերնդի գերծանր հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ:

«Իրանը նոր սերնդի գերծանր հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է գործակալության հրապարակման մեջ:

«Nour News»-ն իր տելեգրամ-ալիքում հրապարակել է հրթիռի արձակման կադրերը և հաղորդել, որ այն խոցել է տարածաշրջանի ամերիկյան ռազմավարական օբյեկտները։ «Комсомольская правда»-ն հղում կատարելով «Fars» գործակալությանը, ավելի վաղ հայտնել էր , որ ամերիկյան բազաներին հարվածելիս Իրանն առաջին անգամ կիրառել է «Фаттах-2» հիպերձայնային թևավոր հրթիռներ: Թեհրանում պնդում են, որ հրթիռի մարտական մասն իրենից ներկայացնում է հիպերձայնային սավառնող բլոկ՝ 15 մախ առավելագույն արագությամբ և մինչև 1400 կմ հեռահարությամբ: Նշենք, որ մեկ մախը հավասար է ձայնի արագությանը՝ ժամում 1235 կմ:

«Tasnim» գործակալությունը, «Московский комсомолец»-ի փոխանցմամբ , այսօր հայտնել է Դուբայում ԱՄՆ-ի ծովային հետևակայիններին հարվածելու մասին: Ըստ հրապարակման, ԱՄՆ-ի ավելի քան 160 ծովային հետևակայիններ գտնվել են հավաքի վայրում, որին հարված է հասցվել: Նշվում է, որ հարձակումն իրականացրել են ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները: Վերջինիս հայտարարության համաձայն՝ հրթիռների և ԱԹՍ-ների համակցված հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, ավելի քան 70-ը վիրավորվել են: Հրապարակման պահին այդ տվյալների անկախ հաստատում չի տրվել։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, «RT на русском»-ի փոխանցմամբ , ամերիկացիներին ավելի վաղ կոչ էր արել անհապաղ հեռանալ Մերձավոր Արևելքի ավելի քան մեկ տասնյակ երկրներից, այդ թվում ՝ ԱՄԷ-ից: «Bloomberg»-ը գրել է, որ Քաթարն ու ԱՄԷ-ն ցանկանում են համոզել ԱՄՆ-ին կրճատել Իրանի դեմ գործողությունը:

Ինչպես այսօր հաղորդել է «РИА Новости»-ին ՝ հղում կատարելով «Рейтер» գործակալությունը, Էր Ռիադում ԱՄՆ-ի դեսպանատանը պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Մեկ օր առաջ Հորդանանում ԱՄՆ-ի դեսպանատունը տարհանել էր աշխատակիցներին՝ անվտանգության սպառնալիքի պատճառով։ «The Washington Post» թերթը նույն օրը՝ մարտի 2-ին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի պատերազմի նախարարության (նախկինում՝ Պենտագոն) երկու աշխատակիցներ վիրավորվել են Բահրեյնում հյուրանոցի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով:

ԻՀՊԿ-ն այսօր հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի ավիաբազային բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային հարված հասցնելու մասին:

«Այսօր լուսադեմին ԻՀՊԿ-ն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված է հասցրել Բահրեյնի Շեյխ- Իսա շրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազային»,- «Аргументы и факты»-ի փոխանցմամբ , նշված է զինվորականների հայտարարության մեջ, որը հրապարակել է իրանական պետական հեռուստատեսությունը:

Տեղեկացվում է, որ հարվածի համար օգտագործվել է 3 բալիստիկ հրթիռ և 20 անօդաչու թռչող սարք: Այլ աղբյուրներից հայտնի է, որ օգտագործվել է «Խորեմշեհր-4» բալիստիկ հրթիռ: Արդյունքում, ԻՀՊԿ-ի տվյալներով, «ավերվել է ավիաբազայի հրամանատարաշտաբային շենքը, այրվել են վառելիքի ցիստեռնները»:

ԻՀՊԿ-ն նախօրեին հայտնել էր, որ իրանական ուժերը հարվածել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Քուվեյթում և ԱՄԷ-ում՝ արձակելով 5 բալիստիկ հրթիռ և 26 անօդաչու թռչող սարք, ընդ որում, «RT на русском»-ի փոխանցմամբ , Բահրեյնում հարվածը հասցվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի ռազմաբազային:

Անօդաչու թռչող սարքը հարվածել է Պարսից ծոցում գտնվող Ֆահդ թագավորի կամրջին, որը կապում է Բահրեյնն ու Սաուդյան Արաբիան. այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ , հայտնել է իրանական «Մեհր» գործակալությունը, որի տվյալներով, ԱՄՆ-ը կարող էր Բահրեյնից դուրս բերել իր ռազմական հավաքակազմը՝ օգտագործելով այդ ենթակառուցվածքային օբյեկտը, որի երկարությունը կազմում է 25 կմ:

Ագրեսիան սկսելով, ԱՄՆ-ն իր բոլոր բազաները, օբյեկտներն ու ակտիվները դարձրել է Իրանի օրինական թիրախներ. այս մասին նշված է Ժնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնիի կողմից ՄԱԿ-ի զինաթափման հարցերով խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Տատյանա Վալովայային հղած նամակում, որը «РИА Новости»-ի տեղեկացմամբ, առկա է իր տրամադրության տակ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես զգուշացրել է, այդ թվում՝ Զինաթափման խորհրդաժողովում, որ իր դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կունենա իր սահմաններից դուրս գտնվող հետևանքներ և կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը։- Ագրեսիվ պատերազմ սկսելով՝ Միացյալ Նահանգներն իր բոլոր բազաները, օբյեկտներն ու ակտիվները դարձրել է օրինական թիրախ՝ Իրանի կողմից ինքնապաշտպանության իր անքակտելի և օրինական իրավունքի իրականացման համատեքստում»:

«Այս ագրեսիվ պատերազմն ուղղված է ոչ միայն Իրանի դեմ, այլ ոտնձգություն է միջազգային և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության, միջազգային իրավունքի և Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության դեմ»,- «РИА Новости»-ի տեղեկացմամբ , ընդգծել է դիվանագետը և հավելել, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա նման բացահայտ խախտումների դեպքում։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհուրդը, կանոնադրության համաձայն, հստակ պատասխանատվություն են կրում այդ անօրինական հարձակումները ամենավճռական դատապարտելու և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,-հայտարարել է Բահրեյնին:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ