Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Տիրոջ հոգին ինձ վրա է»․ ո՞ւմ ես փորձում մոլորեցնել

«Տիրոջ հոգին ինձ վրա է»․ ո՞ւմ ես փորձում մոլորեցնել
20.10.2026 | 10:38

Արամայի՛ս Թախմազյան (նախկին տեր Թադե քահանա), երեկ քո ձեռնադրության լուսանկարին կից դրել ես Եսայու մարգարեության խոսքերը․ «Տիրոջ Հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց ինձ…»։
Նախ՝ Քրիստոսին վերաբերող սուրբգրային մարգարեությունը չի կարելի դնել սեփական լուսանկարի կողքին այնպես, որ դրա «օծեց ինձ», «սուրբ Հոգին ինձ վրա է» խոսքերը վերագրվեն քեզ։ Այդ խոսքի կենտրոնում Քրիստոսն է։ Իսկ քո ձեռնադրության լուսանկարը նման խոսքերի հետ տեղադրելը, մանավանդ կարգալույծ արվելուց հետո, աննկարագրելի հանդգնություն է (լուսանկարի պատճենը՝ տե՛ս մեկնաբանությունում):
Մի՛ օգտագործիր Տիրոջ մասին մարգարեությունը՝ քեզ Աստծուց լիազորված քահանա ներկայացնելու համար։ Սա Սուրբ Գրքի իմաստի ակնհայտ խեղաթյուրում է և մարդկանց մոլորեցում։ Եվ հետո՝ ո՞ւմ ես փորձում համոզել, թե կարգալույծ լինելուց հետո էլ Աստծուց ուղարկված, քահանայագործելու իշխանություն ունեցող հոգևորական ես։
Դո՛ւ կարգալույծ ես։ Քո նախկին ձեռնադրության լուսանկարը չի չեղարկում այդ իրողությունը։ Իսկ սուրբգրային «օծեց ինձ» խոսքը չի վերականգնում քո քահանայական շնորհի գործադրությունը։ Մի՛ ներկայացրու Քրիստոսին վերաբերող խոսքը որպես քո կեղծ քահանայագործության աստվածային հաստատում։ Սուրբ Գիրքը քո կարգալուծությունը քողարկելու միջոց չէ։ Աստծուց չես վախենում, գոնե մարդկանցից ամաչի՛ր։
Այս հրապարակման վտանգը հենց այստեղ է․ մարդը տեսնում է ձեռնադրության լուսանկար, կարդում Աստծո Հոգու, օծման և առաքման մասին խոսքերը և կարող է կարծել, թե իր առջև գործող, շնորհակիր քահանա է։ Այդպես անցյալի ձեռնադրությունն օգտագործվում է ներկա կարգալույծ վիճակը ծածկելու համար։ Սրբազան խոսքի հեղինակությամբ մարդկանց վստահությունը շահելն առավել ծանր է դարձնում խաբեությունը։
Սիրելի՛ հավատացյալներ, մի՛ մոլորվեք։ Սուրբ Գրքի խոսքը մեջբերելը քահանայական իշխանության ապացույց չէ։ Սքեմը, լանջախաչը և ձեռնադրության լուսանկարը չեն վերականգնում կարգալույծի քահանայական կարգավիճակը:
Արագածոտնի թեմի հրապարակած տեղեկատվական թերթիկը հստակ բացատրում է՝ կարգալույծը կարող է կրկնել ծեսի խոսքերն ու շարժումները, բայց դրանով Սուրբ Խորհուրդ չի կատարվում։ Նրա «պատարագի» ժամանակ հացն ու գինին չեն դառնում Քրիստոսի Մարմինն ու Արյունը։ Մարդը կարծում է՝ հաղորդվում է, բայց իրականում Սուրբ Հաղորդություն չի ստանում։ Նույն կերպ՝ կարգալույծի կատարած «մկրտությունը» իրական մկրտություն չէ, իսկ կատարած թաղման կարգն անվավեր է։ Արտաքուստ ծես է կատարվում, բայց մարդը չի ստանում այն, ինչի համար հավատով դիմել է։
Այս կերպ մարդկանց մոլորեցնելը խաբեություն է, իսկ կեղծ քահանայագործությունը՝ սրբապղծություն։ Մի՛ մասնակցեք այդ կեղծ ծեսերին։ Մի՛ առաջնորդեք ուրիշներին նրա մոտ։ Քահանայական ներկա կարգավիճակը ճշտե՛ք համապատասխան թեմից կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Արամայի՛ս, դադարեցրո՛ւ կեղծ քահանայագործությունը։ Քրիստոսի խոսքը մարդկանց ապաշխարության է կանչում․ դու այն մի՛ դարձրու սեփական անհնազանդության ցուցանակ։
Թերթիկի պատճենը՝ մեկնաբանությունում։

Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 349

Մեկնաբանություններ