Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագրի», 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստանի», 12,1 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 5,8 տոկոսը՝ «Միասնության թևերի» օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։ Ստացվում է՝ ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5, ՔՊ-ն՝ 28,8 տոկոս:               
 

Այսպես շարունակվելու դեպքում շուտով Հայաստանի քարտեզից Փամբակ գետը կվերանա

Այսպես շարունակվելու դեպքում շուտով Հայաստանի քարտեզից Փամբակ գետը կվերանա
04.05.2026 | 11:34

Նկարում Վիետնամի կամ Կամբոջայի բրնձի պլանտացիա չէ: Նկարում պատկերված է Վանաձորի հերոս-հարկատուներից (ըստ Նիկոլ Փաշինյանի) մեկի արտադրական տարածքը:

Այժմ, ըստ էության:

Վանաձորի բնակիչները (հիմնականում ուժային կառույցների նախկին պաշտոնյաները) սովորություն են դարձրել Վանաձորի միջով անցնող Փամբակ գետի տարբեր հատվածներում հող լցնել, չորացնել գետի տարբեր հատվածները և այդ հատվածներում, օրինակ` բենզալցակայաններ ու առևտրի հարթակներ կառուցել: Նշեմ` այսպես շարունակվելու դեպքում, շուտով Հայաստանի քարտեզից Փամբակ գետը կվերանա:

2025 թվականին «Փրկենք Փամբակը» նախաձեռնության շրջանակներում, «դեպքի վայր» այցելեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի տեսուչները: Վերջիններս «Փամբակի գործը» վարույթ ընդունեցին և նյութերը հանձնեցին ՀՀ քննչական կոմիտե: Շուրջ մեկ տարի է, ինչ գործը գտնվում է քննիչի մոտ: Լա՞վ դա, թե՞ վատ: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ գործի շրջանակներում որևէ մեկը չի պատժվել, գետի հունը բնական վիճակին չի բերվել: Ինչպես հայտնի է անպատժելիությունն առաջացնում է նոր իրավախախտման ռիսկ: Եվ, ահա, քանի դեռ 2025 թվականի «Փամբակի գործը» «տեղից չի շարժվել», ի հայտ եկավ 2026 թվականի «Փամբակի գործ-2»-ը: Ավանդույթի համաձայն, աստիճանաբար լցվում և չորացվում է Փամբակ գետի մեկ այլ հատված: Արդյունքում` նեղացվում է, որոշ դեպքերում փոխվում է, հազարամյա գետի հունը, ինչն էական վնաս է պատճառում շրջակա միջավայրին, ինչպես նաև գետի շրջակայքում ձեռնարկատիրությամբ զբաղվող հերոս-հարկատուներին (տես` նկարը և գնահատիր վնասը):

Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի ոստիկանները երկար ժամանակ պարզում էին, թե նրանցից ով չպետք է զբաղվի Փամբակի գործով: Ի վերջո, հաղթեց Տարոնի բաժինը: Պարզվեց, որ Փամբակի հարցով կզբաղվի Բազումի բաժինը: Ոստիկանները շատ կոռեկտ էին և պատրաստակամ: Ավելին` 2025 թվականի «Փամբակի գործով» քննիչը նույնպես խելամուտ է և բարեհաճ:

Միգուցե հենց դա է պատճառը, որ «Փամբակի գործը» «տեղից չի շարժվում»:

Արդարության համար նշեմ, որ Վանաձորի Համայնքապետարանին Փամբակի ճակատագիրը, մեծ հավանականությամբ, չի հետաքրքրում, իսկ այ ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի (Aren Mkrtchyan) դիրքորոշման մասին չգիտեմ:

Ամեն դեպքում, կարծում եմ` «Փամբակի գործը» դեռ երկար կտևի: Դա հո «սրբազանների», «տատիկների», «Գեբելսի», «Կարապետյան Սամվելի», ի վերջո, Արցախի, Արարատ սարի և Սահմանադրության փոփոխման գործ չի՞, որ արագ ընթանա: Ինչ-որ «դժբախտ և դժգույն» գետ է Փամբակը: Բա Հայաստանին պե՞տք է այդ գետը: Իհարկե, պետք չէ:

Հիշու՞մ եք, որ Երևանի Խանջյան փողոցի երկայնքով Գետառն էր անցնում: Որտե՞ղ է հիմա Գետառը: Նույն ճակատագիրը Փամբակին է սպասում: Դե, իսկ Փամբակի հարևանությամբ ձեռնակատիրությամբ զբաղվող հերոս-հարկատուներին ցավակցում եմ:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 3142

Մեկնաբանություններ