2026-ի ապրիլի 10-ին, Մարաղայի ջարդերի 34-րդ տարելիցի առավոտյան, երբ ողջ հայությունը հիշում-սգում էր մարդկության դեմ իրագործված հերթական ադրբեջանական ոճիրը, ՀՀ սոցապնախարարն արթնացավ մարտական բարձր տրամադրությամբ։
«Անձրևոտ բարի լույս, բարեկամներ»,- ավետեց «Դոկտոր մահը»։
Պարզվեց՝ հերթական Reels-ով նա որոշել է դատապարտող խոսք հղել․․․
Ո՛չ, սխալվեցիք։
Նրա թիրախում «Հայաստանի անվտանգության երաշխավորը»՝ Ադրբեջանը չէր, որը 1992-ի հենց այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում կոտորել էր անպաշտպան բնակիչներին միայն այն պատճառով, որ հայ էին։
Արսեն Թորոսյանի «անձրևոտ բարի լույսը» ոչ թե քաղաքական ողջույն էր, այլ բարոյական մառախուղ, որով փորձում էր ծածկել սեփական վարչակույտի արյունոտ հետքերը։
«Եռագլուխ պատերազմի կուսակցության մի գլուխը Ծառուկյանն է լինելու, մյուս գլուխը՝ Քոչարյանը, էն մյուս գլուխն էլ Նարեկ Կարապետյանը»,- «բացահայտեց» սույն պերսոնը՝ մատնվելով քաղաքական հերթական հիստերիայի։
«Մեկը Բալառուսի նախագահին ասում է՝ ընկեր, ով Ալիևին հորդորել է հարձակվել Հայաստանի վրա։
Մյուսն ասում է՝ մենք ենք մեղավոր․ որ մեր վրա Ադրբեջանը հարձակվել է, Քոչարյանը։
Էն մյուսն էլ ընդհանրապես ոչինչ չի ասում, որտև իրանց փոխարեն ասում է Արհեստական Բանականությունը։ Շատ ուժեղ Արհեստական Բանականությունը։ ՈՒ այդ ուժի ցուցադրության այլ դրսևորումներ մենք չենք տեսե և, բարեբախտաբար, չենք էլ տեսնի, որտեև ուժը ժողովրդի կամքն է և ուրիշ ոչինչ ՀՀ-ում» (մեջբերված է առանց խմբագրական շտկումների)։
Խորհրդավոր ժպիտով դադարից հետո շարունակեց․
«Չի կարող պատերազմի կուսակցությունը հաղթել հաստատված խաղաղությանը Հայաստանում։
Որտև մենք բոլորս տեր ենք կանգնելու խաղաղությանը, տեր ենք կանգնելու ժողովրդավարությանը, տեր ենք կանգնելու ինքնիշխանությանը և Հայաստանի հարատև պետականությանը։ Լավ եղեք»։
Վերջ։
Միայն մոռացավ ասել՝ «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»։
Խոսել «հաստատված խաղաղության» մասին մի երկրում, որտեղ թշնամին ամեն օր կրակում է, առաջ գալիս ու զավթում նորանոր բարձունքներ, նշանակում է լինել կա՛մ բացահայտ ստախոս, կա՛մ սեփական ժողովրդի դժբախտության վրա հռհռացող «դիակապտուկ»։
Պարոն նախարարը հաստատապես շփոթել էր տեղերը․
պատերազմի կուսակցությունը նա չէ, որը խոսում է արժանապատվությունից, այլ նա, ով իր կառավարման 8 տարիների ընթացքում բերել է երեք խոշոր պատերազմ, 5000 զոհ, 14 000 հաշմանդամ և հազարավոր հայաթափված տներ։
Պարոնը շրջանցեց իրողությունը․ ՔՊ խունտան ոչ թե խաղաղություն է հաստատել, այլ կապիտուլյացիայի ժամանակացույց, որը մատուցվում է որպես «ինքնիշխանություն»։
Խաղաղության մասին խոսելու բարոյական իրավունք չունի այն ուժը, որի օրոք Հայաստանի սահմանները դարձել են անպաշտպան բաց դարպասներ։
Երբ ՔՊ-ականները Reels-երով ինքնիշխանություն են «ծախում», նրանք մոռանում են նշել, որ հենց իրենց օրոք է Հայաստանը դարձել միջազգային աճուրդի էժան լոտ։ Ինքնիշխանությունը ոչ թե Բելառուսի կամ Ալիևի հետևից դատարկ կրակոցներ արձակելն է, այլ սեփական երկիրը դիմադրողական դարձնելը, ինչը սրանք ձախողել են հիմնահատակ։
Այդպես էլ չեն ըմբռնում, որ իրենց «ինքնիշխանությունը» ընդամենը սեփական կաշին փրկելու և ձախողումները «նախկինների» կամ «Արհեստական Բանականության» վրա բարդելու էժան հնարք է։
Թորոսյանի հեգնանքը ԱԲ-ի (AI) հասցեին ծիծաղելի է այն ֆոնին, որ հենց իրենց քաղաքականությունը հիմնված է «բնական տգիտության» և մանիպուլյացիայի վրա։ Նրանք սարսափում են ցանկացած բանից, ինչը չեն կարող վերահսկել, «լայվով» խաբել կամ սեփական քարոզչամեքենայով աղավաղել։
Իսկ «ժողովրդի կամքը» նրանց համար ընդամենը վահան է, որի հետևում թաքնվում են ամեն անգամ, երբ պետք է պատասխան տալ հանձնված հողերի ու կործանված ճակատագրերի համար։
Հատկանշական է, որ «ժողովրդի կամքից» խոսում է մեկը, ով ժամանակ առաջ, թոշակառուների երկար ապրելը համարում էր «բեռ» պետության համար։ Սա հենց այն հաշվապահական «դեբետ-կրեդիտի» տրամաբանությունն է, որտեղ մարդը ոչ թե արժեք է, այլ վիճակագրական ավելցուկ կամ «ծախսային հոդված»։
Սրանք ժողովրդին «սիրում» են միայն այն ժամանակ, երբ պետք է նրա քվեն՝ սեփական հանցավոր անգործությունը լեգիտիմացնելու համար։
«Չի կարող պատերազմի կուսակցությունը հաղթել խաղաղությանը»,- ասում է Թորոսյանը։
Ճի՛շտ է։
Դրա համար էլ դուք՝ որպես Հայաստանին մշտական պատերազմ, մահ ու կորուստ բերած խմբակ, պարտվելու եք այն իսկական խաղաղությանը, որը հիմնված է լինելու ուժի, արժանապատվության և պատասխանատու իշխանության վրա։
Սիրո ռևերանսներ մի՛ արեք ժողովրդին.
ձեր սերը թույն է,
ձեր խաղաղությունը՝ սպանդ,
իսկ ձեր «բարի լույսը»՝ հայրենիքի մայրամուտ։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ