Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Ադրբեջանն աստիճանաբար վերածվում է թուրքական ռազմավարության գործիքային տարրի

Ադրբեջանն աստիճանաբար վերածվում է թուրքական ռազմավարության գործիքային տարրի
09.03.2026 | 14:43

Իրանի շուրջ ընթացող դեպքերի ֆոնին բավական առանձնահատուկ և նուրբ թեմա է Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք կտրուկ սրվեցին Նախիջևանի օդանավակայանում տեղի ունեցած հայտնի դեպքից հետո։ Մինչ այդ, ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևը մարտի 1-ին՝ պատերազմ սկսվելու հենց հաջորդ օրը, հապշտապ գնաց Իրանի դեսպանատուն և սգո մատյանում իր ցավակցությունները հայտնեց Իրանի ժողովրդին։ Դրանից ընդամենը չորս օր անց՝ մարտի 5-ին, նույն Ալիևն արդեն սպառնում էր Իրանին «երկաթյա բռունցք» ցույց տալ, եթե Նախիջևանի դեպքերի հետ կապված ներողություն չխնդրեն։

Համաձայնեք՝ առաջին հայացքից գործ ունենք միմյանց հետ գրեթե ոչ մի աղերս չունեցող, հակասական և նույնիսկ լուրջ մտահոգություն առաջացնող իրադարձությունների հետ։ Սակայն նման կտրուկ հռետորաբանական շեղումները միջազգային հարաբերություններում շատ հաճախ պատահական չեն լինում և սովորաբար վկայում են ավելի խորքային ենթաբաղադրիչների առկայության մասին։ Այս ենթատեքստում Ալիևի վարքագիծը ավելի շատ հիշեցնում է ոչ թե ինքնուրույն քաղաքական որոշում կայացնող ղեկավարի գործողություններ, այլ՝ արտաքին գործոններով պայմանավորված քայլերի շղթա։ Տպավորություն է ստեղծվում, որ նրա գործողություններն ունեն ուղղորդված բնույթ, և Ալիևը պարզապես կատարում է իրեն փոխանցված քաղաքական ազդակները։

Այս պատկերն առավել հասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք մեկ կարևոր հանգամանք․ վերջին տարիներին ադրբեջանական բանակը աստիճանաբար կորցրել է իր ինքնուրույնության զգալի մասը։ Մասնավորապես, վերջին 7-8 տարիների ընթացքում այն փաստացի ինտեգրվել է թուրքական ռազմական կառավարման համակարգին՝ վերածվելով նրա մի տեսակ ենթաճյուղի։ Ավելին, Թուրքիան ոչ միայն ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի զինված ուժերի վերակազմավորման, պատրաստության և կառավարման գործընթացներում, այլև աստիճանաբար ձևավորել է այնպիսի մոդել, որտեղ Բաքվի ռազմական համակարգը մեծապես կախված է Անկարայից։

Այս համատեքստում ուշագրավ է մի դրվագ, որը լայն հանրության ուշադրությունից գրեթե դուրս մնաց։ Դեռևս 2020 թվականի օգոստոսին Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Նաջմեդդին Սադիկովը բացահայտ դժգոհություն էր հայտնել ադրբեջանական բանակի արագացող «թուրքացման» գործընթացից և բավական կոշտ արտահայտություն արել․ «Ինչո՞ւ եք այսքան ուրախանում թուրքերի գալուց, միգուցե նաև ձեր կանա՞նց նրանց առաջարկեք»։ Բնականաբար, նման հայտարարությունը չէր կարող անպատասխան մնալ․ Սադիկովը շուտով ազատվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ դրանից հետո «թուրքացման» գործընթացը ոչ թե կանգ առավ, այլ, հակառակը, ավելի խորացավ՝ համալրվելով թուրք կադրերով, ռազմական խորհրդատուներով և կառավարման նոր մեխանիզմներով։

Երբ այս բոլոր հանգամանքները դիտարկում ենք միասին, ձևավորվում է մի բավական հետաքրքիր փազլ։ Մի կողմից՝ Ալիևը Իրանի դեսպանատուն այցելելով փորձում է ցուցադրել որոշակի քաղաքական համակրանք կամ առնվազն դիվանագիտական հավասարակշռություն Թեհրանի նկատմամբ։ Մյուս կողմից՝ կարճ ժամանակ անց հնչող կոշտ հայտարարությունները կարծես ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահը ոչ միշտ է հանդիսանում իր երկրի ռազմաքաղաքական որոշումների իրական աղբյուրը, այլ հաճախ ստիպված է շարժվել ավելի լայն՝ հատկապես թուրքական ռազմաքաղաքական հաշվարկների տրամաբանության շրջանակներում։

Այս առումով չի կարելի բացառել, որ Իրանի հասցեին հնչեցվող նման հռետորաբանությունը ոչ այնքան Բաքվի ինքնուրույն նախաձեռնության արդյունք է, որքան՝ տարածաշրջանային ուժային հավասարակշռության մեջ Թուրքիայի դերակատարությունից բխող քաղաքական գիծ։ Այլ կերպ ասած՝ Ալիևի կտրուկ հայտարարությունները կարող են լինել ոչ միայն ներքաղաքական կամ դիվանագիտական մանևրի դրսևորում, այլ նաև ավելի լայն տարածաշրջանային ռազմավարության արտահայտություն, որտեղ Ադրբեջանի դերակատարությունը հաճախ պայմանավորված է Անկարայի ռազմաքաղաքական առաջնահերթություններով։

Եվ եթե փորձենք այս ամենը ձևակերպել ավելի լայն քաղաքական տրամաբանության մեջ, ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանում ձևավորվող ուժային հարաբերակցություններում Ադրբեջանը աստիճանաբար վերածվում է ոչ այնքան ինքնուրույն ռազմաքաղաքական սուբյեկտի, որքան թուրքական ռազմավարության գործիքային տարրի։ Այս պարագայում Ալիևի հայտարարություններն ու վարքագիծը պետք է դիտարկել ոչ միայն Բաքվի, այլ նաև Անկարայի տարածաշրջանային հաշվարկների շրջանակում, որտեղ Իրանի հետ լարվածության աճը կարող է ծառայել ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակների։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ