Առակը որպես հայտնության ձև․ ճշմարտություն, որը բացահայտվում է՝ չդադարելով մնալ առեղծված
(աստվածաբանական դիտարկում)
«Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են»(Մատթ. 13։16)։
Բացահայտման և գաղտնության դիալեկտիկան ավետարանական խոսքում
Աստվածային խոսքը չի հնչում որպես լոկ հաղորդագրություն, այլ որպես կենդանի կանչ։ Այն հասնում է մարդու գոյության ամենախոր շերտերին՝ ոչ թե պարտադրանքի ուժով, այլ ներսից գրավելով, բացելով և դեպի իրեն ձգելով։ Այդ պատճառով էլ Քրիստոսի ուսուցումը հաճախ չի ներկայանում որպես անմիջական սահմանում կամ դոգմատիկ բանաձև, այլ որպես պատմություն՝ առակ։
Ավետարանական վկայությունը ցույց է տալիս, որ առակը Քրիստոսի ուսուցման հիմնական ձևերից է. «Եւ այնպիսի առակներով էր նրանց ասում խօսքը, որ կարողանային հասկանալ։ Եւ առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խօսում, բայց իր աշակերտների համար առանձին ամէն ինչ մեկնում էր» (Մարկ. 4:33–34)։ Առակը, հետևաբար, պատահական գրական ձև չէ, այլ այն տարածությունը, որտեղ աստվածային ճշմարտությունը հաղորդակցվում է մարդուն՝ առանց վերանալու իր խորհրդավոր խորության մեջ։
1. Առակը՝ որպես տեսանելիի և անտեսանելիի սահման
Առակը, առաջին հայացքից, պարզ պատմություն է աշխարհի մասին՝ հող, սերմ, հովիվ, տուն վերադարձող որդի։ Սակայն հենց այդ պարզության մեջ է թաքնված նրա աստվածաբանական էությունը։ Այն նման է դեպի ներս բացվող պատուհանի, որը երբեք չի սպառում լույսը, այլ միայն թույլ է տալիս մոտենալ նրան։
Քրիստոս հենց այս կառուցվածքով է խոսում «Աստծու արքայության խորհրդի» մասին. «Ձեզ է տրուած իմանալ Աստծու արքայութեան խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամէն ինչ առակներով կը լինի» (Մարկ. 4:11, հմմտ. Մատթ. 13:11)։
Այստեղ «խորհուրդը» տեղեկատվական գաղտնիք չէ, այլ աստվածային իրականություն, որը բացվում է ըստ մարդու ներգրավվածության։ Որքան մարդը մտնում է խոսքի ներսը, այնքան խոսքն է բացում իր խորքերը։ Այդ պատճառով առակը միաժամանակ և՛ բացահայտում է, և՛ պահպանում խորհրդի անսպառությունը։
2. Առակը՝ որպես դատողությունը կամ ներքին դիրքորոշումը բացահայտող խոսք
Առակը ոչ միայն ուսուցանում, այլև բացահայտում է մարդու ներքին վիճակը։ Նույն խոսքը կարող է մեկի համար դառնալ դեպի ըմբռնում տանող ճանապարհ, իսկ մյուսի համար՝ մնալ ընդամենը գեղեցիկ պատմություն։ Այս երկակիությունը բացահայտվում է հենց Քրիստոսի խոսքում. «Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում» (Մատթ. 13:13–15)։
Սա չի նշանակում արտաքին պարտադրանք կամ աստվածային կամայականություն, այլ մարդու ներքին էության բացահայտում։ Այս իմաստով առակը ունի «դատաստանի» բնույթ՝ ոչ որպես պատիժ, այլ որպես ճշմարտության առաջ կանգնելու իրավիճակ։
3. Առակը և մեկնության անհրաժեշտությունը
Ավետարանական ավանդության մեջ առակը կանոնավորապես պահանջում է մեկնություն։ Աշակերտները դիմում են Քրիստոսին՝ խնդրելով բացատրել լսածը. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը» (Մատթ. 13:36)։
Սա վկայում է մի կարևոր աստվածաբանական սկզբունքի մասին. հայտնությունը ոչ միայն տրված խոսք է, այլև մեկնության իրադարձություն։ Ճշմարտությունը չի պարտադրվում արտաքին կերպով, այլ աստիճանաբար բացվում է այն սրտին, որը պատրաստ է ընդունելու այն։ Առակը, առանց ներքին բացման, մնում է արտաքին պատում, մինչդեռ մեկնության միջոցով դառնում է հոգևոր իրականության մուտք։
4. Եսայական համատեքստը՝ ներփակվածություն և ազատություն
Ավետարանները Քրիստոսի խոսքերը «տեսնելով չեն տեսնի, լսելով չեն հասկանա» արտահայտության միջոցով ակնարկում են Եսայի մարգարեի տեսիլքը (Ես. 6:9–10)։ Այս կապակցությունը ցույց է տալիս, որ խոսքի չընկալումը ոչ թե մտավոր անկարողության, այլ սրտի վիճակի հետևանք է։ Խնդիրը ճանաչողության սահմանափակությունը չէ, այլ ազատության սխալ ուղղվածությունը։ Մարդը կարող է լսել խոսքը, բայց չընդունել այն, քանի որ այն պահանջում է ոչ միայն հասկանալ, այլ նաև փոխվել։
5. Առակը՝ որպես հույսի արտահայտություն
Առակը, սակայն, միաժամանակ նաև հույսի արտահայտություն է։ Քանի որ այն չի սպառում ասվածի իմաստը միանգամից, այլ ժամանակի ընթացքում շարունակում է աշխատել մարդու ներսում։ Այս իմաստով այն դառնում է սրտում պահպանվող խորհուրդ, որը կրկին ու կրկին պահանջում է վերադարձ և խորհրդածություն։ Այդ վերադարձի մեջ է աստիճանաբար հասունանում իմաստի ընկալումը։ «Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս»(Ղուկ. 8:15, հմմտ. 2։ 19)։ Նույն տրամաբանությունն է արտահայտվում նաև Մարիամի կերպարում, որը «պահում էր իրեն հետ կատարվող բոլոր բաները սրտում եւ խորհում դրանց մասին» (Հմմտ. Ղուկ. 2:19)։ Հայտնությունը, հետևաբար, նախ՝ ընդունվում է, ապա աստիճանաբար բացվում իր ամբողջ խորությամբ։
6. Առակը՝ որպես լռությամբ գործող հայտնություն
Առակը, հետևաբար, ոչ թե ճշմարտության պարզեցումն է, այլ նրա պատմական ինքնադրսևորումը։ Այն թույլ է տալիս, որ անսահմանը խոսի սահմանափակ մարդկային լեզվով՝ առանց սպառվելու իր իսկ բացահայտման մեջ։
Այստեղ է բացվում հայտնության մեծ պարադոքսը. Աստված մնում է և՛ մոտ, և՛ գերազանցող, և՛ հայտնված, և՛ առեղծված։ Առակի լեզվում ճշմարտությունը չի պարտադրվում որպես ակնհայտություն, այլ առաջարկվում է որպես հանդիպում։ Այդ պատճառով էլ այն հարգում է մարդու ազատությունը, սակայն երբեք նրան չի ազատում ճշմարտության առջև պատասխան տալու անհրաժեշտությունից։
Ավելին, առակները վերջնականապես խոսում են ոչ միայն Արքայության, այլև հենց Քրիստոսի մասին։ Դրանց խորքում աստիճանաբար բացահայտվում է ոչ միայն պատգամը, այլև պատգամաբերը։ Այդ պատճառով առակի վերջին իմաստը քրիստոսաբանական է. այն առաջնորդում է դեպի Նրա անձի ճանաչումը, Ով Ինքը Հայտնությունն է։
Հետևապես, առակը միայն ուսուցում չէ, այլ հանդիպում։ Այն Արքայության խոսքն է, որը, հնչելով մարդկային լեզվով, շարունակում է պահպանել աստվածային խորհրդի խորությունը։
Առակը, ի վերջո, ոչ միայն հասկանալու, այլև փոխակերպվելու կանչ է։ Այդ փոխակերպումը չի ծնվում բռնի լուսավորությունից կամ արտաքին պարտադրանքից, այլ դանդաղ և աննկատ՝ ինչպես սերմը, որը ընկնում է հողի մեջ և աճում լռության պայմաններում. «Այսպէ՛ս է Աստծու արքայութիւնը. որպէս թէ մի մարդ հողի մէջ սերմեր ցանի...» (Մարկ. 4:26)։
Եվ ինչպես մանանեխի հատիկը, որ ամենափոքր սերմերից է, բայց աճելով դառնում է մեծ ծառ (Մարկ. 4:31–32), այդպես էլ առակի մեջ թաքնված խոսքը, ընդունվելով հավատքով, աստիճանաբար փոխակերպում է մարդու ներաշխարհը՝ մինչև որ խոսքը դառնա կյանք, իսկ այն լսողն ու կենսագործողը՝ նոր մարդ։
Տ. Իսահակ եպիսկոպոս Պողոսյան