ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է՝ ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ Եվրոպական միությունը տնտեսական ինտեգրացիոն միավորումից վերածվում է ռազմաքաղաքական դաշինքի, երբ ԵՄ-ն ռազմականացվում է, ընդ որում, ռազմականացվում է ընդդեմ Ռուսաստանի և դա չի թաքցնում, հայերը պետք է հասկանան նման ընտրության հետևանքները»,- ընդգծել է Օվերչուկը։               
 

Վտանգված ժողովրդավարություն

Վտանգված ժողովրդավարություն
19.05.2026 | 13:00

Հայաստանը չարաբաստիկ իշխանական վարչախմբակից պիտի ազատել ոչ միայն հանուն երկրի անվտանգության ու ազգային համախմբվածության, որոնք ներկայումս ամենահրամայական հիմնախնդիրներն են, այլև հանուն գործուն ժողովրդավարության, հենց այն ժողովրդավարության, որ վերնախավը դրոշակ սարքած՝ փորձում է նրա ստվերում թաքցնել իր բռնակալական բնույթը: Հատկապես իշխանական պարագլխի և նրա մի քանի մոլեռանդ գործակիցների քայլերը, պահվածքն ու ելույթները ցայտունորեն ցույց են տալիս, որ մեր երկրում բազմակողմանիորեն ոտնահարված են մարդու և հանրույթի իրավունքները, զուգահեռաբար խաթարված են բարոյական նորմերը: Ամեն օր դրա մասին բարձրաձայնում ու ահազանգում են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ:

Ընթացիկ քարոզարշավին տեսնում ենք, թե ինչպես են ն.փ.-ն ու նրա շքախմբային ուղեկիցները ահաբեկում, զրպարտում, վիրավորում, սպառնում մարդկանց, ատելություն սփռում ժողովրդի տարբեր հատվածների միջև, անտեղի կալանավորում իրենց ոչ հաճո ակտիվիստներին, իսկ մեկին արդեն մահվան դուռն են հասցրել: Ընդդիմադիր ուժերի դեմ իշխանանվեր ուժային դագանակը գործում է ամբողջ թափով, իսկ օրինազանց կառավարիչները և նրանց սատարող մյուս օրինազանցները մնում են անձեռնմխելի: Այս երևույթները վկայում են ժողովրդավարական խորը ճգնաժամի կամ արդեն՝ դրա բացակայության մասին:

Այս առիթով ևս կրկնեմ. մեր շիտակ ու արհեստավարժ իրավապաշտպանները քիթ սրբելու ժամանակ չպիտի ունենան ընթացիկ ճակատագրական օրերին, հույժ ցանկալի է, որ նրանք անընդմեջ հաղորդումներ ներկայացնեն իրավապահ մարմիններին և միջազգային կառույցներին՝ իշխանավորների հարաճուն ապօրինությունների մասին: Դրանք քննելու ժամանակն էլ կգա: Մեր հանրությունը և օրինասեր ձևացող եվրոպացիները պետք է քաջատեղյակ լինեն, որ հայության անվտանգության, ազգային ինքնության ու միաբանության հետ մեկտեղ Հայաստանում վտանգված է նաև ժողովրդավարությունը:

Այսպիսով իշխանական կապիտուլյանտ խմբին քաղաքական վերնահարթակից պիտի դուրս մղել ոչ միայն մեր ազգին ու երկրին պատճառած մեծ աղետների, այլև ժողովրդավարությունը բռնախեղելու համար:

Հրանտ Ալեքսանյան

Դիտվել է՝ 462

Մեկնաբանություններ