Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին, մեր բոլորիս սիրտը դարձած հայրենի երկրին

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին, մեր բոլորիս սիրտը դարձած հայրենի երկրին
25.09.2023 | 11:36

Մարտակերտի շրջանի բնակչությունը տարհանված է, հայկական Մարտակերտը` Աղդարա է դարձել` ադրբեջանական դրոշով։

Երևի «թափոր» բառի գործածությունն ավելի ճիշտ կլինի, որ գրեմ, թե «թափորը սգավորների» դեպի որտեղ էր շարժվում կեսգիշերին։

Տարհանված մարտակերտցիներ, որոնք շարժվում են դեպի Հակարիի կամուրջ` անցնելու ադրբեջանական անցակետով դեպի Գորիս, որտեղ կհաշվառվեն, թե որտեղ տեղավորվեն։

Ժամեր հետո մենք էլ կբռնենք գաղթի ճանապարհը` հայացքներս դեպի հետ` դեպի խավարով պատված Մարտակերտը։

..92-ին նույնպես Մարտակերտը թողեցինք, հեռացանք օտար ափեր։ Վերադարձանք քաղաքի գերությունից ազատվելուց հետո, նորից օջախ դրինք, նորից տուն դարձանք։

Այս անգամ հույսի նշուլ չկա, երբ քարտեզից վերացնում են Արցախը, բայց մեր սրտում այն կմնա հավետ, որ դարձավ ոսկոր շահամոլ աշխարհի կոկորդում։

Խայտաբղետ են մեր մասին զրույցները` տանեն արցախցիներին Սյունիքում տեղավորեն, որ շուտով այնտեղ էլ պատերազմ է լինելու...

Մեկ այլ տեղ այլ զրույց է ընթանում` Ռուսաստան գնացող արցախցիներին կարելի է տանել ՈՒկրաինա, որ ուկրաինացիների դեմ կռվեն։

Դարերի ընթացքում նման ձեռագիր ունեցել են պարսից Հազկերտ արքան, Շապուհը, երբ իրենց թշնամիների դեմ կռվել են, պատերազմի դաշտ են ուղարկել գերի հայերին, ովքեր էլ զոհվելու լինեին, իրենց թշնամի ազգից կլինեին։

Չհամարձակվեն արցախցիներին դարձնել խամաճիկ ու ձեռնոց նետել նրանց, երբ պատերազմների բովով անցած տղաներն էլ ապրել են ուզում խաղաղ երկնքի տակ։

Շուտով կմիանանք տարհանվածներին` դեպի Հայաստան տանող ճանապարհով։

Հրաժեշտի խոսքեր չեմ կարողանում գրել Արցախին, մեր բոլորիս սիրտը դարձած հայրենի երկրին, որտեղ անցել են մեր կյանքի տարիները։ Գիտեմ` որտեղ էլ լինենք, ձոներ կերգվեն Արցախի մասին, թեպետ անունը ջնջած լինեն աշխարհի քարտեզից։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3226

Մեկնաբանություններ