Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Երևանի առաջին տոնածառը

Երևանի առաջին տոնածառը
12.12.2025 | 13:12

1935 թվականի դեկտեմբերի 27-ին ոմն Պոստիշև Ստալինին առաջարկեց վերադարձնել տոնածառ դնելու ավանդույթը: Ստալինը չառարկեց: Այդ լուրը հաջորդ օրը կայծակի արագությամբ տարածվեց երկրով մեկ: Հասավ նաև Երևան:

Եղևնի գտնելը բարդ բան չէր, բայց… ծառը զարդարելու ոչինչ չկար: ԽՍՀՄ-ում տոնածառի խաղալիքներ չէին արտադրվում: Անհեթեթ իրավիճակ էր: Ստիպված էին սպասել մի ամբողջ տարի: 1936-ի տարեվերջին քաղաքի կենտրոնում դրվեց Երևանի առաջին տոնածառը: Եղևնու վրա կախ էին տվել մի քանի խաղալիք, գունավոր թղթեր ու կտորներ, իսկ շուրջը էլեկտրական լապտերների շղթաներ էին միացրել: Սակայն այժմ էլ մի ուրիշ խնդիր ծագեց. քամին անմիջապես պոկում-քշում էր զարդարանքը: Հասցրեցին ընդամենը գիշերային դատարկ հրապարակում կանգնած անշուք տոնածառի մի լուսանկար անել, որ զետեղեին առավոտյան թերթերում ի ապացույց այն բանի, որ Ստալինի կարգադրությունը կատարված է:

Հաջորդ տարիներին երևանյան տոնածառներն արդեն խաղալիքներ ունեին, սակայն ապահովության համար մի որոշ ժամանակ դրանք դրվում էին ոչ թե հրապարակներում, այլ՝ ակումբներում ու կուլտուրայի տներում:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6829

Մեկնաբանություններ