Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրեվանդը զգուշացրել է՝ եթե Ադրբեջանն իրենց դեմ թշնամական գործողությունների մեջ ներքաշվի Իսրայելի կողմից՝ հողին կհավասարեցվի։ «Մեր սկզբունքն ու մեր մեթոդը չափավորության, ռացիոնալության վրա է հիմնված, բայց եթե հարվածեցին՝ Բաքուն կարող է 3-4 ժամում ջնջվել երկրի երեսից։ Սա չափազանցություն կամ դատակ խոսք չէ»,- ընդգծել է Զոհրեվանդը:               
 

Ընտրություններին ընդառաջ

Ընտրություններին ընդառաջ
05.06.2026 | 19:09

Առանց արժանապատվության խաղաղություն լինել չի կարող:

Փաստացի գործող վարչապետը, «խաղաղություն կառուցող» մյուս կողմի նկատմամբ գտնվելով ամենաանհարմար դիրքում, պնդում է, թե դա ամենալավ դիրքն է խաղաղությունը երաշխավորված դարձնելու համար: Բայց փաստ է, որ այդ դիրքում գտնվողի հետ չեն բանակցում, նրա կարծիքը, համոզմունքներն ու մտադրությունները չեն քննարկում: Նրան միայն օգտագործում են՝ ըստ անհրաժեշտության և ըստ նպատակահարմարության: Նման դիրքում խաղաղություն և այլ բարիքներ խոստացողը ոչ միայն արժանապատվություն, անգամ նվազագույն պարկեշտություն չի կարող ունենալ: Թշնամուց այդ դիրքով խաղաղություն չես կորզի: Միայն՝ արհամարհանք:

Նա շատ լավ գիտակցում է իր դիրքում գտնվողի նկատմամբ շրջապատի վերաբերմունքը՝ միաժամանակ թքած ունենալով այդ շրջապատի վրա և ի պատասխան ամեն կերպ փորձելով նվաստացնել այդ շրջապատը իշխանությամբ իրեն վերապահված բոլոր միջոցներով:

Քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, թե իրականում ինչ վերաբերմունք ունի նա այս երկրի հասարակ քաղաքացու նկատմամբ, որքանով է մտահոգ նրա խնդիրներով, և թե իրականում ինչ է պետք իրեն կորզել նրանից:

Նա այսօր էլ բոլորին սեր կխոստանա, կերաշխավորի աներաշխավորելին, կմեղադրի բոլորին, ամեն ինչի համար գտնելով մեղավորներ և պատասխանատուներ՝ սկսած միջազգային կառույցներից, մինչև՝ գառան մորթու տակ թաքնվող գիշատչին մատնացույց անող արցախցին, չխուսափելով, ավելին՝ լիովին գիտակցված ստելով, կեղծելով, զրպարտելով:

Անարժանապատիվ երկիրը, պետությունը, ազգը, ժողովուրդը ապագա չունեն: Նայեք Ծոցի երկրներին: Թվում էր, թե ամեն ինչ ունեն՝ բնական ռեսուրսներ, փող, դիրք միջազգային հարաբերություններում, աշխարհի ամենահզոր երկրի հովանավորությունը՝ ոչ միայն խոսքով, այլև ռազմական բազաներով ու տնտեսական, ֆինանսական, տեղեկատվական կառույցներում հսկայական ներդրումների տեսքով:

Այն փլուզվեց ավազե ամրոցի նման:

Մենք չենք կարող գոյատևել որպես պետություն ու ազգ, եթե շարունակենք այս ճանապարհը: Այն միայն նորանոր կորուստներ ու տառապանք է բերելու:

Իմ պատկերացումները մեր երկրի ու ազգի ապագայի վերաբերյալ շատ են տարբերվում ընդդիմադիր կողմը ներկայացնող հիմնական ուժերի ծրագրերից, բայց, հաշվի առնելով այն իրավիճակը, որի մեջ մենք գտնվում ենք, և այն փոխելու նրանց կարողությունները, ես քվեարկելու եմ «ՈՒժեղ Հայաստանի» օգտին:

Հույս ունեմ՝ անտարբեր մարդիկ քիչ կլինեն: Մեզնից յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Մեր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու պարտավորությունն ավելի կարևոր է, քան դիմացինի կարծիքի հետ անհամաձայնությունը:

Կատարեք Ձեր ընտրությունը:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ