Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Քրիստոսի Սուրբ Գերեզմանին գիշերային Սուրբ Պատարագի ավարտին արված նկարի տակ երեկ մի հոգի գրել էր. «Բայց Քրիստոսը գերեզման չունի»:
Եկե՛ք քննենք.
Քրիստոսը գերեզման ունի, բայց Նրա գերեզմանը դատարկ է, որովհետև Նա հարություն է առել մեռելներից։ Այստեղ պետք է տարբերել երկու իրողություն՝ Քրիստոսի թաղման պատմական փաստը և Նրա հրաշափառ Հարությունը։
Ավետարանները հստակ վկայում են, որ խաչելությունից և մահից հետո Հովսեփ Արիմաթացին վերցրեց Հիսուսի մարմինը, պատեց պատանքով և դրեց ժայռի մեջ փորված նոր գերեզմանում, որտեղ դեռ ոչ ոք թաղված չէր (Մատթ. 27։57–60, Ղուկ. 23։50–53, Հովհ. 19։38–42)։ Երրորդ օրը, երբ յուղաբեր կանայք եկան գերեզման, այն արդեն դատարկ էր. Քրիստոս հարություն էր առել։
Հետևաբար, Քրիստոսի Հարությունը չի նշանակում, թե Նա գերեզման չի ունեցել։ Ընդհակառակը՝ դատարկ գերեզմանը հենց Նրա Հարության կարևորագույն վկայություններից է։
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գտնվող Քրիստոսի Սուրբ Գերեզմանը քրիստոնեական հնագույն ավանդությամբ ճանաչված է որպես այն վայրը, որտեղ դրվել է Տիրոջ մարմինը և որտեղից Նա հարություն է առել։ Այդ սրբավայրը քրիստոնյաների համար ոչ թե մահվան, այլ մահվան նկատմամբ Քրիստոսի հաղթանակի խորհրդանիշն է։
Եվ երբ ասում ենք՝ «Սուրբ Պատարագ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա», նկատի ունենք հենց այդ սրբավայրում՝ Քրիստոսի թաղման և Հարության հիշատակով սրբագործված վայրում մատուցվող Սուրբ Պատարագը։
Մենք չենք պաշտում գերեզմանը և չենք հավատում, թե Քրիստոսը շարունակում է այնտեղ գտնվել։ Մենք երկրպագում ենք հարուցյալ Քրիստոսին, Ով, ինչպես ասվում է Հարության շարականում.
«Իր մահով հաղթեց մահվանը և Իր Հարությամբ մեզ հավիտենական կյանքի հույս պարգևեց»։
Ուստի «Քրիստոսը գերեզման չունի» արտահայտությունը ճիշտ է միայն այն իմաստով, որ Նա այլևս գերեզմանում չէ։ Բայց պատմական և ավետարանական իմաստով Քրիստոսը գերեզման ունեցել է, և այդ գերեզմանը քրիստոնեական աշխարհի ամենասակրալ սրբավայրն է։
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ.Գ.
Քրիստոսի Սուրբ Գերեզմանի մասին մանրամասն պատմում է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Թեոդորոս Սրբազանը։