Հայաստանյան քաղաքական օրակարգը վերածվել է իսկական տոնավաճառային բալագանի, ուր ներկայացվում է գռեհիկ ոճի ողբերգազավեշտ։
Ընդամենը երեկ էր, որ կուրծք էին ծեծում՝ «Տարեցները երկար են ապրում, ինչը բեռ է պետության համար»։
Իսկ այսօր՝ «Շնորհավորում եմ բոլորիս, թոշակն ավելացավ»։
Իսկապես ցնցող է, թե ինչպես է նույն պիղծ բերանից հնչում «ծերացող հասարակությունը բեռ է» թեզը և «մենք հոգում ենք սիրելի տատիկ-պապիկների բարեկեցությունը» անբարո լոզունգը։
ՈՒ շատ է վիրավորական՝ 10 հազար դրամը հայտնվում է ճիշտ այն ժամանակ, երբ անհրաժեշտ է քաղաքական «քեշբեք»՝ ընտրազանգվածի հավատարմությունը հետ գնելու համար։
Ո՞րն է այս սինլքորների բեմադրած գավառական ոդևիլի ողբերգությունը՝ թոշակառուի համար 10 հազար դրամը կարող է լինել կենսական մի քանի տուփ դեղորայք գնելու միջոց։
Իսկ զավեշտը՝ այդ ցինիկ քայլը որպես «ազգային փրկություն» են մատուցում նրանք, ում մեկ օրվա գործուղման ծախսը գերազանցում է սիրելի տատիկի կամ պապիկի տարեկան թոշակը։
Այս ծաղրածուները սիրում են ժողովրդի «ձայնը», բայց ատում են նրա կարիքները։
«Տնտեսական աճը» նրանց գրպաններում է, փշուրները՝ հանրության սեղանին։
Գավառական նույն բեմից ամիսներ առաջ նյարդեր սղոցող ֆալցետը ծղրտում էր՝ «փող չկա՜», «թոշակառուն ի՞նչ է անելու հավելյալ գումարը», այժմ «մեղրածոր» ժպիտներով, խունջիկ-մունջիկ եկող արական սեռը ներկայացնող պաշտոնյաները հանրության «աչքն» են խոթում 10 հազար դրամանոց «փրկությունը»։
Եվ բոլոր «ավետաբերները» կամա, թե ակամա հաստատում են իրողությունը՝ ինքնակոչ «միապետի» ուղիղ եթերից են իմացել 10 հազարի մասին։
Ասել է՝ հարցը քննարկման չի դրվել։
Պարզապես de jure-ն արթնացել է առավոտյան, հասկացել, որ աթոռը տակից փախչում է՝ որոշել է գործի դնել հտպիտական հունարը և մտել է ուղիղ եթեր։
Վերջ։
Մինչդեռ, իրավական պետության մեջ բյուջեի ցանկացած լումա անցնում է տասնյակ ֆիլտրերով՝ հաշվարկներ, ռիսկերի գնահատում, Ազգային ժողովի քննարկումներ:
Երբ այդ ամենը շրջանցվում է մեկ «լայվով», բյուջեն դադարում է լինել հանրային միջոց և դառնում է քաղաքական փրկագին: 10 հազար դրամը ոչ թե տնտեսական «նվաճում» է, այլ «աթոռի ապահովագրավճար»:
Ասել է՝ գլխավոր հտպիտի որոշումը ոչ թե տնտեսական հաշվարկի արդյունք է, այլ վախի հետևանք։ 10 հազար դրամն էլ ոչ թե թոշակառուի բարեկեցության համար է, այլ սեփական աթոռի տակ «հենակ» դնելու քայլ։
Սա քաղաքական կոռուպցիայի ամենապարզունակ ձևն է՝ պետական բյուջեի հաշվին սեփական վարկանիշը փրկելու փորձ։
Երբ քաղաքականությունը վերածվում է «լայվերի» ու սպոնտան որոշումների, պետությունն էլ դառնում է նավ, որի ղեկին կանգնածը ոչ թե քարտեզին է նայում, այլ սոցցանցերի «լայքերին»։
Պետական ինստիտուտների ուժը նրանց դիմադրողականության մեջ է: Երբ մասնագետը ստիպված է լինում երեկվա իր «փող չկա» հիմնավորումը փոխարինել «իմաստուն որոշում» դիֆիրամբով, տեղի է ունենում պրոֆեսիոնալ ինքնասպանություն: Համակարգը լցվում է մարդկանցով, ովքեր ոչ թե լուծումներ են առաջարկում, այլ սպասում են «վերևի» զարթխումին:
Սա մեծ ողբերգություն է՝ պետական համակարգում աշխատողները, այդ նույն «ավետաբերները», կորցրել են սեփական դեմքն ու մասնագիտական արժանապատվությունը։
Նրանց ամենօրյա անելիքը «միապետի» ցանկացած մտահղացում գովերգելն է, անգամ եթե դա հակասում է երեկվա իրենց իսկ պնդումներին։
Սա ողբերգազավեշտի տխուր վերջաբանն է։ Որովհետև հենց այս կետում ավարտվում է պետական կառավարումն ու սկսվում է մեկ մարդու թատրոնը։
Եվ «առավոտ լուսո»-ին խառնված «լայվը» խոսում է պետական ինստիտուտների իսպառ բացակայության մասին։
Տեխնիկապես ապրում ենք 21-րդ դարում՝ սմարթֆոն, ուղիղ եթեր, ֆեյսբուք, բայց բովանդակային առումով վերադարձել ենք բացարձակ միապետության, որին բնորոշ են՝ «Ես եմ տալիս, ես եմ որոշում, ես եմ բարերարը»:
Մինչդեռ պետք է լիներ՝ «Օրենքն է սահմանում, համակարգն է աշխատում, հարկատուն է վճարում»:
Թոշակառուներին նետված 10 հազարանոց «փրկությունը» հիշեցնում է պատմությունից այնքա՜ն ծանոթ միջնադարյան տեսարան՝ միապետը պատշգամբից ոսկեդրամներ է նետում ամբոխին՝ իրավիճակը փրկելու նպատակով, իսկ «նազիր-վեզիրները» միայն այդ պահին են իրազեկվում, թե ինչ է կատարվում։
Եթե նախարարները, պատգամավորներն ու տնտեսագետները կարևորագույն սոցիալական որոշման մասին «ուղիղ եթերից» են տեղեկանում, նշանակում է՝ երկրում չկա կառավարություն, չկա օրենսդիր մարմին։ Կա միայն մեկ «բարձրախոս», իսկ մնացածը դրա արձագանքն են։
Ընդամենը։
Ստացվում է՝ Հայաստանը պետություն չէ, այլ ուղիղ եթերով կառավարվող բեմահարթակ, որտեղ նախարարն ու պատգամավորը հանդիսատեսի կարգավիճակում են։
ՈՒ երբ «բարձրագույն կամքն» առավոտյան արթնանում է աթոռը կորցնելու տագնապով, բյուջեն դառնում է մանրադրամ, իսկ թոշակառուն՝ այդ տագնապը հանդարտեցնելու գործիք։
ՈՒ՞մ պարզ չէ՝ եթե բարձրացումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ «աթոռը տակից փախչում է», նշանակում է՝ պետության օրակարգը ոչ թե զարգացումն է, այլ գոյատևումը:
Իսկ սա նշանակում է՝ մյուս 10 հազար դրամը կհայտնվի միայն հաջորդ ցնցման կամ վախի պահին: Սա պետական կառավարում չէ, սա ճգնաժամային մանիպուլյացիա է:
Երբ պետությունը վերածվում է «բեմահարթակի», իսկ քաղաքացին՝ «հանդիսատեսի», որին փորձում են կաշառել իր իսկ վճարած հարկերով, խաթարվում է ամենակարևորը՝ պետություն-քաղաքացի պայմանագիրը:
Սակայն երբ «պայմանագիրը» փոխարինվում է կամայական ողորմությամբ, քաղաքացին վերածվում է հպատակի, իսկ պետությունը՝ անձնական կալվածքի։
Այսօրվա 10 հազար դրամը ոչ թե թոշակառուի հաղթանակն է, այլ նրա արժանապատվության վրա դրված տապանաքարը։ Սա պետականության մարդակերություն է, որտեղ սեփական ժողովրդի աղքատությունը վերածվում է քաղաքական կապիտալի, իսկ վախը՝ կառավարման միակ շարժիչ ուժի։
Բայց որքան էլ երկարաձգվի բեմում հայտնվածների դերասացությունը, միևնույն է՝ թատրոնն ավարտվում է այնտեղ, որտեղ հանդիսատեսը հրաժարվում է հավատալ էժան դերասանախաղին և պահանջում է վարագույրն իջեցնել։
10 հազար դրամով հնարավոր է գնել մի քանի տուփ դեղ, բայց հնարավոր չէ բուժել մեռնող այն համակարգը, որի միակ «փրկությունը» սեփական ստվերից վախեցող «միապետիկն» իր հերթական ակնթարթային «լայվն» է համարում։
ՈՒղիղ եթերն անջատվելու է, «լայքերը»՝ մարելու, բայց փլատակների տակ մնալու է իրական կյանքը՝ իր չլուծված խնդիրներով ու դատարկված ինստիտուտներով, որոնք այլևս ի զորու չեն լինելու պաշտպանել ո՛չ պետությունը, ո՛չ էլ քաղաքացուն։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ