ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Իշխանության կորստի վախը դառնում է գոյաբանական սպառնալիք

Իշխանության կորստի վախը դառնում է գոյաբանական սպառնալիք
15.04.2026 | 13:57

Վերջին շրջանի քաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ, և շատ կարևոր է փաստել, որ դա ոչ թե ուժի, այլ վախի դրսևորում է։

Օրվա իշխանության գործողությունների խառնիխուռն, երբեմն իրար հակասող բնույթը վկայում է գոյություն ունեցող ներքին տագնապի մասին։ Արտաքուստ կառուցվող «ամեն ինչ վերահսկելի է» պատկերը ավելի շատ պաշտպանական մեխանիզմ է, քան իրական վիճակի արտացոլում։ Այդ դիմակի տակ տեսանելի են վախեր, որոնք աստիճանաբար դառնում են քաղաքական վարքագծի հիմնական շարժիչը։

Այս ամենը վկայում է, որ Փաշինյանի ու նրա թիմի մոտ այդքան էլ ամեն ինչ «հալած յուղի» նման չի գնում, և ինչքան էլ նրանք ինքնավստահ ճամարտակում են և տարբեր իրավիճակային գեղեցիկ պատկերներ ստանում, միևնույնն է, ներքին վախերն ու լուրջ անհանգստությունները երևում են անգամ դրանց դեմքի արտահայտություններից ու ներվային պահվածքից։

Այդ վախերից ամենակարևորը կապված է առաջիկա ընտրությունների անկանխատեսելիության հետ։ Փաշինյանի իշխանությունը երկար ժամանակ սնվել է «ժողովրդի բացարձակ աջակցության» միֆով, սակայն, ինչպես տեսնում ենք, այսօր այդ միֆը ճաքեր է տալիս։ Իշխանությունն արդեն չի վստահում, որ ընտրական գործընթացը կարող է վերահսկելի մնալ միայն քարոզչությամբ կամ վարչական ռեսուրսով։

Երեկ տեղի ունեցած կանանց ձերբակալության պատմությունը հենց այս տրամաբանության մեջ է։ Այստեղ գործ ունենք ոչ միայն իրավական գործընթացի, այլև սիմվոլիկ ազդակների հետ։ Նա փորձում է հասարակությանը ցույց տալ, թե ընդդիմությունը գործում է խաղի կանոներից դուրս, չունի նորմալ էլեկտորատ, ամեն ինչի տակ փորձում է դնել կաշառք-կոռուպցիա և հանրության ականջը շոյող այլ տեքստեր, ազդու ձայնով ռոլիկներ նկարում և հրամցնում որպես բացարձակ ճշմարտություն։ Այնինչ, դրանք նշածս վախերի դրսևորման տարբերակ են։

Փաշինյանի «վա բանկի» քաղաքականությունը ուժի ցուցադրություն չէ, այլ վախի ինստիտուցիոնալացում է։ Նրա համար ամենահարմար ընտրական սցենարը միշտ եղել է ցածր մասնակցությունը, երբ ակտիվ է միայն իր վերահսկելի ընտրազանգվածը, իսկ դժգոհ, բայց պասիվ զանգվածը մնում է տանը։

Հ․Գ․ Որպես կանոն՝ ղեկավարները շատ դեպքերում վախի ֆոնին են խստացնում համակարգերը, քանի որ իշխանության կորստի վախը դառնում է գոյաբանական սպառնալիք։ Ի դեպ, վախի դրսևորում է նաև այն, որ Փաշինյանն անվստահություն ունի բոլորի նկատմամբ, անգամ՝ սեփական շրջապատի, հենց դրանով պայմանավորված խստացնում է վերահսկողությունը նաև սեփական թիմակիցների նկատմամբ։

Հ․Հ․Գ․ Վախից՝ վերահսկողություն, վերահսկողությունից՝ վախ ցիկլը, արհեստական արտաքին թշնամու ստեղծումը, շատ հաճախ, ներքին լարվածությունները կառավարելու լավագույն տարբերակներից են և դեռևս արդարացնում են փաշինյանական ռեպրեսիաները, բայց՝ դեռևս, քանի որ այն, ինչ ունի սկիզբ, անպայման ունենում է տրամաբանական ավարտ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ