Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Եկեղեցու շնորհիվ է, որ հայը գոյատևել է՝ պահպանելով հայի տեսակը, Հայոց պատմությունը և մշակույթը

Եկեղեցու շնորհիվ է, որ հայը գոյատևել է՝ պահպանելով հայի տեսակը, Հայոց պատմությունը և մշակույթը
29.04.2026 | 11:33

Այն, որ թուրքերը ատում են հայերիս գաղտնիք չէ, նրանք դա չեն էլ թաքցնում, բայց պետք է նշել, որ նրանք մի այլ կարգի ատում են հոգևորականներին, դե դա էլ հասկանալի է ինչու։ Եկեղեցու շնորհիվ է, որ հայ ազգը գոյատևել է՝ պահպանելով հայի տեսակը, Հայոց պատմությունը և մշակույթը։ Ով դեմ է Եկեղեցուն, ուրեմն դեմ է Աստծուն և հայ ազգին։

Հիշենք Եղեռնի սահմռկեցուցիչ դեպքերից մի քանի դրվագ, որտեղ կտեսնենք թե ինչ առանձնահատուկ դաժանությամբ էին առաջին հերթին սպանվում քրիստոնյա հոգևորականները:

Նկարում՝ Գերաշնորհ Սմբատ (Գրիգոր) եպիսկոպոս Սաատեթյանն է։

Գերաշնորհ Սմբատ (Գրիգոր) եպիսկոպոս Սաատեթյանը մեր նոր Սուրբ Նահատակներից է։

1915-ի Մայիսին տեղահանության հրամանը հասավ նաև Էրզրում՝ Կարին: Քաղաքի կուսակալ՝ Թահսինը Սմբատ եպիսկոպոսին հինգ օր ժամանակ տվեց հոտը քաղաքից դուրս բերելու համար: Երբ հրամանը փոխելու խնդրանքով ոճրագործների և օտարերկրյա պաշտոնյաների դռները բախելը այլևս ապարդյուն էր, Սմբատ եպիսկոպոսը խնդրում է, որպեսզի գոնե տարագրության ժամկետը երկարաձգեն։ Տալիս են երկու շաբաթ։

Երիտասարդ և ծառայության նվիրյալ Եպիսկոպոսը, 1915 թ.֊ին ամեն կերպ ջանում էր կանխել իր հոտի տեղահանությունն ու ոչնչացումը, սակայն ապարդյուն։ Կարինի (Էրզրում) բնակչությունը տեղահանվել է Երզնկա քաղաք, որտեղ նրանց մահ էր սպասում։ Եպիսկոպոսը կամավոր միացավ տեղահանվածներին, քանի որ կարծում էր, որ հովիվը չի կարող լքել իր հոտին ։

Երանելի Սմբատ եպիսկոպոսին երեք այլ անձանց հետ՝ մեկ վարդապետի և երկու աշխարհականների հետ, որոշվեց սպանել գերեզմանատանը։ Եպիսկոպոսը ինքն իր համար գերեզման փորեց և իր վերջին աղոթքն արեց երկրի վրա։ Դահիճները մերկացրին նրան, կտրեցին ձեռքը, հանեցին աչքերը և կրակեցին կրծքին։ Նահատակություն են ընդունել նաև մյուս գերյալները։

Հայոց ցեղասպանության ընթացքում սպանությունները կատարվում էին հատուկ դաժանությամբ՝ կտտանքների ուղեկցությամբ՝ դրանց հաղորդելով ծիսականություն, հաճախ կիրառելով «քրիստոնեական» ենթատեքստ՝ խաչելով, սպանելով եկեղեցիների խորանների վրա և այլն: Առանձնահատուկ դաժան բռնությունների էին ենթարկվում քրիստոնյա հոգևորականները:

Հայերի կոտորածներին ծիսականություն հաղորդելու միտումը երևում է այն վկայություններում, որտեղ հատուկ բառեր, կոչեր, կանչեր կամ ձայնարկություններ են օգտագործվում:

Թուրքերը և քրդերը կողոպտում էին քրիստոնեական եկեղեցիները, պղծում դրանք, կապկում էին եկեղեցական ծիսակատարությունները, ծաղրում քրիստոնյաներին. «….ծեծում էին տերտերներին ու հասցնում անգիտակից վիճակի՝ ձևացնելով, թե իբր նրանք խռովության կազմակերպիչներն են»:

Ինչպես նշվեց, առանձնահատուկ դաժանությամբ առաջին հերթին սպանվում էին քրիստոնյա հոգևորականները: Զավեն պատրիարքը հոգևոր սպասավորներից «առաջին նահատակ» է դիտում Սահակ վրդ. Օդաբաշյանին, որը Սեբաստիայից դուրս գալուց երկու օր հետո սպանվում է Սուշեհիրիի մոտ՝ Սեբաստիայի կուսակալ Մուամմերի թիկնապահ չերքեզ Ջելալի ու նրա ընկերների կողմից :

Կաթոլիկ միաբան Եասենթ Սիմոնն սպանությունների առնչությամբ ասում է, որ ամեն ինչ կատարվելու էր որպես Ղուրանի հրահանգ:

Նա գրում է, որ իր տեսած բռնագաղթյալների քարավաններում «40 հոգիէ բաղկացող իւրաքանչիւր խմբակին մէջ քահանայ մը կար: Կը կարծէին այսպէս արատաւորել քահանային սքեմը, զայն խառնելով ոճրագործ սեպուած մարդոց մէջ…»։

Ցեղասպանությունը վերապրած Վերոնիկա Բերբերյանի հուշերում ևս նկարագրվում է, թե ինչպես են Բողազլյան քաղաքում թուրքերը իր պապին՝ Հակոբ քահանային, եկեղեցի գնալու ճանապարհին ձերբակալում և ապա Քելլերի ձորում գլխատում ու կտրված գլուխը, որպես խաղի օբյեկտ, գլորում փողոցներով:

Վերապրողը գրում է. «Մարմինը գցում են ձորը, իսկ գլուխը հանձնում են երիտասարդներին, որոնք ծաղրի համար փողոցներում գլուխը գլորում են մի քանի օր»:

Հոգևոր սպասավորների հանդեպ իրականացրած խոշտանգումների թվում բազմիցս հիշատակվում է մորուքի մազերը հատ-հատ պոկելու կտտանքը, որին հետևում էր սպանությունը՝ այն դեպքում, երբ հոգևորականը հրաժարվում էր կրոնափոխ լինել . «Ամբողջ երեք քառորդ ժամ, քահանան նշաւակ կը դարձնեն գազանային մոլուցքին հնարած տեսակ տեսակ լուտանքներուն, անպատուութիւններուն ու ծաղրին: Մօրուքին թելերը մեկ մեկ կը փրցնեն ու գետին կը ծածկեն.-«քու Տիրոջդ պէս…»: Աշակերտն ալ կը փորձէ իր Տիրոջ նմանիլ լռելով, աղօթելով, ներելով…»:

Մուշեղ քահանա Մուշեղյանի «Մօրուքը կը փետեն, եղունգները կ՚աքցանեն, բանտի բակը՝ ջուրի մէջ մերկ կը պառկեցնեն ժամերով, ափին մէջ հաւկիթ կը խաշեն՝ ձեռքին տակ կրակ վառելով, մինչ իր միսերը կ՚այրէին եւ մարմինը կը գալարուէր ցաւի նոպաներուն տակ, ուր ուրեմն աւանդելով հոգին՝ Քրիստոսի պէս խաչուելով»:

Գրեթե նույն կտտանքները կատարվում են Տիգրանակերտի Մկրտիչ վարդապետ Ջլղատյանի հետ. նրան պտտեցնում են փողոցից փողոց, թքում վրան, մի խոջա առաջանում է և ասում, թող նրա Աստվածը փրկի իրեն, որ իրենք տեսնեն, իսկ ուլեմաները՝ իսլամ գրագետները նվագելով խեղկատակ թատրոն են ցույց տալիս, ոստիկանապետը մորուքն է փետում, ատամները քաշում, հրաշեկ երկաթ դնում քունքին, մարմինը մորթազերծ է անում և արդեն դիակը պտտեցնում է և քարյուղով վառում:

Ներսես եպս. Դանիելյանը՝ Եոզղատի հայ առաքելական վերջին առաջնորդը, կացնահարվեց:

Մկրտիչ քահանա Գալեոնճյանին «…հրկիզելէ առաջ, դահիճները վերջընթեր հաճոյք մըն ալ ըմբոշխնած են՝ աչուըները փորելով…

Մարտիրոսի պսակի է արժանանում նաև Մարդինի հայ կաթողիկե եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը, որը 2001թ. դասվեց Կաթողիկե եկեղեցու երանելիների շարքը՝ Հովհաննես Պողոս II պապի կողմից: Նրան քանիցս առաջարկում են կրոնափոխ լինել, սակայն նա հրաժարվում է։

Հաճախ քրիստոնեական սրբավայրերում էին կատարում սպանությունները, հայերին ծաղրելու համար նույնիսկ քրիստոնեական ծիսակատարություններ էին կատարում:

Անարգանքը քրիստոնյաների սրբավայրերի հանդեպ երևում է այն դեպքերից, երբ եկեղեցիները նպատակադրված վերածում էին հասարակաց տների՝ աղջիկներին բռնությամբ ենթարկելով սեռական ստրկության:

Վերը ներկայացվածով բռնությունների ու սպանությունների կրոնական երանգավորում ունեցող վկայությունները չեն սահմանափակվում. Հայոց ցեղասպանությանն առնչվող հուշագրություններում, վավերագրերում ու փաստաթղթերում դրանք բազմաթիվ են:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարում՝ Գերաշնորհ Սմբատ (Գրիգոր) եպիսկոպոս Սաատեթյան

Դիտվել է՝ 168

Մեկնաբանություններ