Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները

Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները
07.06.2013 | 13:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:

Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:

Ազատամարտիկները վարչապետի հետ կիսվել են, որ սոցիալական խնդիրներից զատ, այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում: Նրանք մատնանշել են նաև լրատվամիջոցների ոչ ճիշտ արձագանքն իրենց բարձրացրած խնդիրներին. իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ:

Որպես այդ ուշադրության առաջին դրսևորում, ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիրակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ