Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Ամանորը դիմավորում ենք անկումնային տրամադրությամբ

Ամանորը դիմավորում ենք անկումնային տրամադրությամբ
16.12.2014 | 14:12

Հայտնի սուպերմարկետներից մեկի փոխանակման կետերում այսօր առավոտյան մեկ ամերիկյան դոլարը վաճառվում էր 520 ՀՀ դրամով:

Հարևանս կեսկատակ, դառը հումորով ասում է՝ գոնե մերոնց գործերը Ռուսաստանում լավ լիներ, գումար ուղարկեին, ահագին կշահեինք: Ցավոք, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների գործերն էլ լավ չեն ու նույնիսկ մեր ճգնաժամը ռուսական ծագում ունի:
Դրամի արժեզրկումն ինչքան էլ կանխատեսելի էր, անակնկալ էր՝ իր մասշտաբի, հետևանքների առումով: Առաջին անհրաժեշտության ապրանքների գներն աճում են, ամանորյա սեղանին պատրաստվող մեր հայրենակիցները հայտնվել են դժվար կացության մեջ:
Սակայն Ամանորով պրոբլեմները չեն վերջանում, դժբախտաբար՝ սկսվում են, որովհետև լցակայանների գազի գինը, օրինակ, ուղղակի կախվածության մեջ է դրամ-դոլար հարաբերակցությունից ու անխուսափելիորեն բարձրանում է: Դա նշանակում է, որ տոներից հետո մեզ նոր անակնկալ է սպասում: Ըստ ամենայնի, հասարակական տրանսպորտի, նաև տաքսիների ուղեվարձը բարձրանալու է: Այս անգամ՝ օբյեկտիվ պատճառներով: Չգիտեմ՝ մարդիկ էլի կընդվզե՞ն, թե՞ ոչ, սակայն հաջողության հասնելու հասարակության հնարավորություններն այս անգամ նվազ են: Համենայն դեպս, վերջին ամիսների հասարակական հուզումների որակն ու սակավամարդությունը դա են հուշում: Մեր հասարակությունը կորցրել է պայքարելու հատկանիշը, դարձել է հուսահատվող, արժեքների չհավատացող, արտագաղթող:
«Գազպրոմ-Արմենիայում» չեն էլ բացառում, որ ամիսներ հետո գուցե հարկադրված լինեն բարձրացնել գազի սակագինը: Առանց այն էլ՝ շատ ընտանիքներ գիտեմ, որ գազի թանկ լինելու պատճառով հրաժարվել են դրանով տունը ջեռուցելուց, կենցաղային կարիքները հոգալուց: Նոր թանկացումն ուղղակի աղետալի է լինելու:
Այս համատեքստում զարմանալի է մեր կառավարության անհոգ լռությունը, հասարակության դարդ ու ցավին անհաղորդ լինելը: Այնպիսի տպավորություն է, որ մենք չունենք իշխանություն կամ լավագույն դեպքում՝ իշխանություն կոչվածը բաղկացած է ոչինչ չորոշող ու չպատկերացնող մարդկանցից, ովքեր, շարքային մահկանացուներիս պես, ամեն օր թերթերից են տեղեկանում երկրի վատթարացող վիճակի մասին:
Մեր տնտեսական ճգնաժամն արդյունք է օբյեկտիվ՝ արտաքին գործոններով պայմանավորված հանգամանքներով, բայց նաև անարդյունավետ կառավարմամբ, կոռուպցիայով, «վերևների» տնավեր անտարբերությամբ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ