Մեծ տերությունների հարաբերությունները բարեկամության կամ թշնամության անփոփոխ քարտեզներ չեն
29.10.2026 | 11:42
Առաջիկա շաբաթներին խաղաղության խոստումները կարող են ուղեկցվել ուժի նոր ցուցադրություններով, իսկ բանակցությունները՝ ավելի կոշտ ճնշումներով։ Ամերիկյան ընտրություններից հետո աշխարհը կարող է դառնալ ոչ թե ավելի հանգիստ, այլ ավելի անկանխատեսելի։
The Economist-ը, հոկտեմբերի 28-ին հրապրակված «Will the midterms make the world more dangerous?» հոդվածում ներկայացված մոդելը դեմոկրատներին տալիս է Ներկայացուցիչների պալատը վերահսկելու 94 տոկոս, Սենատը՝ 53 տոկոս հավանականություն։ Սակայն նոյեմբերի 3-ի ընտրությունների գլխավոր աշխարհաքաղաքական հարցը թվաբանությունը չէ, այլ այն, թե ինչպե՞ս կարձագանքի Թրամփը հնարավոր պարտությանը։
Ներքին քաղաքականության մեջ սահմանափակված նախագահը կարող է արտերկրում փնտրել արագ հաջողություն՝ գործարքի, ճնշման կամ ռազմական գործողության միջոցով։
Ռուսաստան–Ուկրաինա ուղղությամբ հնարավոր է արագ հրադադարի հասնելու փորձերի ակտիվացում։ Բայց կրակի դադարեցումն ու կայուն խաղաղությունը նույն բանը չեն։ Առանց անվտանգության գործուն երաշխիքների և հնարավոր խախտումների դեպքում պատժամիջոցների սահմանման՝ համաձայնությունը կարող է վերածվել հաջորդ պատերազմին պատրաստվելու դադարի։ Հակառակ սցենարը բանակցությունների ձախողումն ու դիմակայության խորացումն է։ Ուկրաինայի և Եվրոպայի դիրքորոշումները նույնպես կարող են փոխել այդ հաշվարկները։
ԱՄՆ–Իրան ուղղությամբ ևս հնարավոր գործարքն ու ուժի կիրառումը իրար չեն բացառում։ հիշյալ հոդվածում նոր հարվածները քննարկվում են որպես հնարավորություն, ոչ թե ընդունված որոշում։ Սակայն սահմանափակ հարված հասցնելը բնավ չի նշանակում կամ ենթադրում սահմանափակ հետևանքներ, քանի որ պատասխան գործողությունները կարող են վնասել էներգետիկ ենթակառուցվածքներն ու հաղորդակցությունները՝ ընդլայնելով ճգնաժամը։
Այս ուղղությունները կարող են զարգանալ միաժամանակ։ Ընդ որում, Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները ձեռքբերելը պարտադիր չէ, որ մեղմացնի Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը։ Մեծերի հարաբերությունները բարեկամության կամ թշնամության անփոփոխ քարտեզներ չեն։
Հայաստանի համար սա հեռավոր բանավեճ չէ։ Իրանի շուրջ էսկալացիան կարող է հարվածել հարավային հաղորդակցությանը, բեռնափոխադրումներին, էներգետիկ համագործակցությանը և գներին։ Ռուսաստան–Արևմուտք հարաբերությունների փոփոխությունը՝ վերաձևել առևտրի, փոխանցումների ու պատժամիջոցների միջավայրը։ Մեծերի ուշադրության տեղափոխությունն էլ կարող է փոխել Թուրքիայի և Ադրբեջանի հաշվարկները։
Լարվածության նվազումը կարող է նոր հնարավորություններ բացել։ Բայց նոր հնարավորությունները, բնականաբար, դեռ չեն նշանակում անվտանգության երաշխիքներ։
Հենց այստեղ է Հայաստանի գործող իշխանությունների պատասխանատվության հարցը։ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը, Իրանի հետ կապերը կամ Ռուսաստանի հետ աշխատանքային հարաբերություններ ունենալը, ինքնին սխալ չեն։ Սխալը դրանցից որևէ մեկը բոլոր վտանգները վերացնող փրկություն ներկայացնելն է։
Ի՞նչ է անելու Հայաստանը, եթե հարավային ճանապարհը խափանվի, սահմանը լարվի կամ գործընկերոջ առաջնահերթությունը փոխվի։ Որտե՞ղ են ստուգելի և չափելի պատրաստվածությունը, այլընտրանքներն ու պատասխանատվությունը։
Իշխանության խղճուկ ու անօգնական տեսքը ոչ թե երկրի փոքրությունից է, այլ խոստումների և իրական երաշխիքների տարբերությունը քողարկելու քաղաքականությունից։ Իսկ արկածախնդրությունը կարող է նաև խաղաղության լեզվով խոսել, երբ երկրի անվտանգությունը կառուցվում է ուրիշների անփոփոխ բարյացակամության հույսի վրա։
Մեծ տերությունները կարող են իրենց շրջադարձերը բացատրել նոր շահերով։ Հայաստանը չի կարող իր անպատրաստությունն արդարացնել նոր աշխարհակարգով։
Դավիթ Անանյան
Մեկնաբանություններ