«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Մարդը մենակ չէ, հայը մենակ չէ

Մարդը մենակ չէ, հայը մենակ չէ
30.10.2026 | 14:18

Մարդը մենակ է ծնվում, մենակ էլ կմնար ողջ կյանքում, ինչպես կենդանիները, որոնք ապրում են թեև հոտով կամ ոհմակով, սակայն մենակ են։ Բայց Աստված օգնեց իր ստեղծած մարդուն, որ նա մենակ չմնա, ու պարգևեց նրան Սեր ու Հավատ։ Սեր՝ առ զավակներն ու ծնողները, Սեր՝ քրոջ ու եղբոր և մյուս արյունակից հարազատների հանդեպ, հարգանք ու ակնածանք իր նմանի, մոտ ազգակիցների ու բարեկամ-ընկերների հանդեպ։ Ահա այդ անսակարկ Սերը և հարգանքը մարդուն վեր բարձրացրեցին կենդանական բնազդից, և նա ստեղծեց Ընտանիք, գտավ իրեն հոգեհարազատ բարեկամ-ընկերներ և կյանքի տխուր ու դժվարին պահերին մենակ չմնաց։
Մարդը ստեղծեց նաև իր ընտանիքի, հարազատների ու բարեկամների ապահովության համար Արարչի կողմից իրեն պարգև տրված տարածքի վրա անվտանգ ապրելու մի ձև, որն ավելի բարձր դասեց անգամ իր կյանքից ու իր ընտանիքից․ դա Հայրենիքն է, որի սահմաններում ստեղծեց նույնպես մի Մեծ՝ Պետական կառույց․ դա Պետությունն է։ Հայրենիքն առանց պետության սահմանների պարզապես անպաշտպան հովիտներ է, ուր բարբարոս և անկուշտ արարածները կարող են դաժան զենքերով ներխուժել և տիրանալ այդ բարեբեր հովիտներին, իսկ հովիտների զավակներին զրկել անգամ ապրելու իրավունքից։
Սիրելի՛ հայեր, Հայրենիք-պետությունը մարդկության ստեղծած ամենազորեղ և ազնիվ կառույցն է։ Մենք դարերի հոլովույթում, թեև ընդհատումներով, սակայն պահել ենք այդ կառույցը և՛ քարտեզի վրա (վկան հին ու միջին դարերի մեր հարևան օտար ազգերի հիշատակումներն են), և՛ քարե ու աղյուսե սալերի վրա պատկերված մեր Հայրենիք-պետության սահմաններով, որոնք թշնամու կողմից անգամ ճանաչված սահմաններ են։ Ցավոք, մենք կարողացել ենք պահել այդ սահմանների նվազագույն մասը. դա ներելի չէ, բայց պատմությունը ապացուցել է, որ հողի կորուստն անդառնալի չէ։
Մենք ունե՛նք այսօրվա սուղ սահմաններում ծվարած մեր Հայրենիք-պետությունը թշնամուց պաշտպանելու կամքն ու գիտակցությունը։ Հիշենք ու չմոռանանք՝ Հայրենիքը փոքր չի լինում։ Մենք ունենք նաև մեզնից խլված Հայրենիքը վերադարձնելու չխամրած հիշողությունը և, այո՛, նաև կամքը։
Մեր դրսի ու ներսի թշնամիները, որ նույն ծրագրի դերակատարներն են, այս էլ քանի տարի փորձում են խեղճացնել մեզ ու դարձնել կամազուրկ։ Հազարավոր տարիների ընթացքում դա ոչ ոքի չի հաջողվել մինչև հիմա, այսօր էլ չի հաջողվի։ Վկա են մեր քաջ արքաներն ու բոլոր դարերի և այսօրվա քաջարի ու հաղթական զորավարները։ Մենք նրանց արյունակից ժառանգներն ենք։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

30․10․2026թ․

Հ․Գ․
Մենք հայ ենք, մեզ հայ են ասում։
Դիտվել է՝ 589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ