«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Բաց նամակ իշխանությանն ու ընդդիմությանը. իմ անունը ես կյանքով եմ վաստակել

Բաց նամակ իշխանությանն ու ընդդիմությանը. իմ անունը ես կյանքով եմ վաստակել
01.11.2026 | 12:00

Ծնվեցի մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին և դարեր շարունակ պարտվել: Այն ժողովուրդը, որ ինձ շունչ ու հոգի տվեց, զորավարներ ծնող ժողովուրդ էր: Ծնում էր զորավարներ ու նվիրում այլ ժողովուրդների: Այդ ժողովուրդներն էլ բանակներ ծնող ժողովուրդներ էին: Պարտվող ժողովրդի ծնած զորավարները մեծ հաղթանակներ պարգևեցին բանակներ ծնող ժողովուրդներին:
Գեորգի Խան անունով մի հայորդի Հնդկաստանն ազատագրեց անգլիացի գաղութատերերից և ասաց՝ վայելիր քո անկախությունը, իմ հնդիկ բարեկամ: Մյուրատ անունով մի հայորդի մեծն Բոնապարտի աջ ձեռքը դարձավ և հանդգնեց թագավորել այլ երկրում: Ծով չունեցող երկիրը ծովակալներ պարգևեց Ռուսաստանին: Թագավոր չունեցող երկիրը թագավորներ պարգևեց Բյուզանդիային: Բռնադատված երկրի ծնած զորավարները պատմություն էին կերտում աշխարհի համար, իսկ Անդրանիկ անունով զորավարը, որ խենթություն ունեցավ զորավարել իր երկրում, մնաց մենակ: Մնաց՝ անբանակ: Անբանակ Անդրանիկ Օզանյանի հաղթանակներն ընդամենը հայ ժողովրդի արժանապատվությունը փրկելու հուսահատ փորձեր էին: Եվ ողբերգությունը, որ այդ հանճարեղ, անբանակ և ուրեմն՝ չկայացած զորավարի ամբողջ կյանքի ուղեկիցն էր, տարավ նրան անզորք զորավարների երկրից:
Տխուր է, բայց փաստ, որ ծնվեցի Անդրանիկ զորավարի ողբերգությունից:
Ես Երկրապահ եմ: Իմ անունը ես չեմ գնել պատմությունից, այն ես վաստակել եմ կյանքով: Ես դափնեպսակ չեմ ուզում իմ ժողովրդից: Ամենագեղեցիկ դափնեպսակը՝ հաղթանակը, ինքս եմ պարգևել նրան: Ես ուզում եմ, որպեսզի իմ ժողովուրդն ինձ գնահատի ու հասկանա: Դա հենց ժողովրդին է պետք: Ես ուզում եմ քերել «անբանակ զորավարների երկիր» անեծք-հայհոյանքն իմ ժողովրդի ճակատագրից: Ուզում եմ, որ բոլորս՝ առևտրական, պոետ, քարագործ թե քաղաքագետ, ուսանենք Անդրանիկ զորավարի ողբերգությունը:
Ինձ խեթ աչքով մի նայիր, իմ ընդդիմություն-բարեկամ, ես պաշտպանում եմ այն պետությունը, որն այդքան հանդուրժող է քո հանդեպ: Վաղը, եթե խոհեմություն և քաջություն ունենաս արժանանալու այս երկիրը ղեկավարելու պատվին, ես եմ քեզ պարզճակատ անելու: Ուզո՞ւմ ես, պարզ կասեմ՝ այս պետությունը քեզ ավելի է գնահատում, քան ինձ: Ինձ տվել է արյուն թափելու և լռելու, իսկ քեզ՝ իրեն հայհոյելու և իշխանության տիրանալու իրավունք: Իմ երազները պատերազմական մղձավանջերն են, քոնը՝ թագավորական ճոճաթոռը:
Իմ մեջ ոստիկան մի փնտրիր, իմ իշխանություն-բարեկամ, պետության հանդեպ իմ սերն իշխանությանը նվիրվածություն մի կարծիր: Ես իմ ուժը գիտեմ, իմ սերը գիտեմ և գիտեմ այն դաշտը, ուր իմ ուժն ու սերը օգտագործելու են: Ես Երկրապահ եմ, չգնահատված լինելու փաստն իմ մեջ չարության չի վերածվում: Իշխանավորների և ընդդիմադիրների ունեցվածքին աչք չունեմ: Ես իմ ապրելու ձևն ունեմ, դուք՝ ձերը:
Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում են հաղթանակների մասին: Իմ որդին կծնվի մի երկրում, ուր հաղթում և պահպանում են այդ հաղթանակները:

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ