«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Երկու պետություն, երկու սուվերեն հաշվեհամար

Երկու պետություն, երկու սուվերեն հաշվեհամար
01.11.2026 | 19:15

(«Եղբայրական» սիրո սակագներն ու աշխարհաքաղաքական առևտրի անբարո կանոնները)

Ն.Գ. (Նախագրություն)
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի ակադեմիական «անհավատությունը» դարձավ այն կատալիզատորը, որն ինձ ստիպեց վերադառնալ «մեկ ազգ, երկու պետություն» սենտիմենտին։ Իմ նախորդ հրապարակմանը պրոֆեսորն արձագանքել էր հստակ ու կոշտ.
«Ես չեմ հավատում․․․ Առավել հավանական է, որ Ադրբեջանն իր հաշվին բարձրացնում է Թուրքիայի հեղինակությունը, որպեսզի միասին օգտվեն։ Նկատի ունեցեք, որ ողջ իսլամական աշխարհում Թուրքիայի հեղինակությունը կտրուկ իջել էր Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ անվտանգության պայմանագիր կնքելու պատճառով, քանի որ անտեսվել էր Պաղեստինը։
Հիջաբի հարցում Ադրբեջանն էլ ոչ մի շահ չուներ․ դա ընդամենը Թուրքիային վերականգնվելու շանս էր՝ իբր սուր քննադատության տեսքով։ Բայց ճիշտ եք, որ իրենց խորքային շահերի համատեքստում կատարյալ անմիտ քայլ է սահմանափակ զիջումներով խաղաղության հույսը»։
Այս սթափեցնող հայացքն իմ մտապատկերում որոշակիորեն փոխեց աշխարհաքաղաքական թատրոնի դեկորացիաները՝ առաջ մղելով գլխավոր հարցադրումը. իսկապե՞ս ճաք է տվել «մեկ ազգ, երկու պետություն» առասպելը, թե՞ ընդամենը լավ բեմադրված «դերերի բաժանման» միամիտ հանդիսատեսն ենք։
Մենք ականատեսն ենք ոչ թե պարզունակ, կենցաղային վեճի, այլ խորամանկորեն գրված «կոոպերատիվ վոդևիլի»։ Այստեղ հանրային աղմուկն ընդամենը ծխածածկույթ է՝ աշխարհաքաղաքական մեծ խաղերում ազատ մանևրելու համար։
Այս «եղբայրական» ընդհարումն իրականում փոխշահավետ PR արշավ է. Ադրբեջանը սեփական դեմքը փրկելու գնով կենդանության շունչ է փչում իսլամական աշխարհում Թուրքիայի թոշնած հեղինակությանը։
Հակաիսրայելական կոշտ հռետորաբանության պատանդ դարձած Թուրքիան այսօր զրկված է Իսրայելի ու Արևմուտքի հետ ուղիղ խաղալու հնարավորությունից։ Ահա թե ինչու է Անկարային օդ ու ջրի պես անհրաժեշտ Բաքվի հետ «տեսանելի հեռավորությունը»։ Դա Բաքվին թույլ է տալիս հանդես գալ «չեզոք խողովակի» դերում հենց Իսրայելի և Թուրքիայի միջև։
Ու մինչ հնչում են սրտաճմլիկ և «սուր» հայտարարություններ, հետնաբեմում ադրբեջանական նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով անարգել ու հանգիստ հոսում է դեպի Իսրայել՝ սնելով հենց այն տնտեսությունը, որին Անկարան բեմից անեծքներ է հղում։
Այս բարձրակարգ ներկայացման ֆոնին, Հայաստանի որդեգրած «անկլավ-էքսկլավային» սակարկությունների ու միակողմանի զիջումների մարտավարությունը դառնում է աշխարհաքաղաքական կատարյալ տհասություն։
Քանի դեռ մենք, որպես միամիտ հանդիսատես, հուզվում ու հավատում ենք նրանց բեմականացված «վեճերին», մեծ դերասանները շարունակելու են անխնա խաղալ նախապես գրված սցենարով։ Խաղալ՝ բացառապես մեր հաշվին, սեփական շահերն ընդլայնելու և մեզնից նորանոր կապիտուլյացիոն զիջումներ կորզելու համար։
Այժմ, որքան էլ զարմանալի թվա, պարոնյանական սառնասիրտ սարկազմով եմ հետևում հայկական Արցախը ժամանակավորապես օկուպացրած «հարևանի» նավթոտ տարածքներում արդեն քանի օր շարունակվող «առնետային խրախճանքին»։ Սոցցանցերից ու պաշտոնական տեքստերից լսվող էյֆորիկ գոռոցները հասնում են աբսուրդի գագաթնակետին․
«Ադրբեջանն «ամուր ընկույզ» է. այն մնաց անհասանելի բոլոր նրանց համար, ովքեր երազում էին մեզ ղեկավարել Ստամբուլից ու Անկարայից»։
Կամ՝
«Պետությունների միջև եղբայրություն ու բարեկամություն չի լինում, կան միայն փոխադարձ շահեր։ Ադրբեջանի իսկական, մտերիմ ընկերն ու եղբայրը Ադրբեջանի ժողովուրդն է, Ադրբեջանի բանակն է և Ադրբեջանի նախագահը»։
Ահա այսպես՝ պաթետիկ հռետորաբանության բարձրախոսներով հնարավոր բոլոր ամբիոններից քննադատում ու հայհոյում են, որպեսզի հետնաբեմում, նույն այդ Անկարայի կրպակից, անարգել շարունակեն Իսրայելին նավթ վաճառելու փոխշահավետ բիզնեսը։

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ` ԼՌՈՒՄ ԵՆ «ՍՐԲԱԶԱՆ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆ» ՀԱՇՎԵԿՇԻՌՆԵՐԸ

Աշխարհաքաղաքական թատերաբեմում շարունակվում է հերթական «սրտաճմլիկ դրաման»՝ Անկարայի և Բաքվի համատեղ բեմադրությամբ։ Տարիներ շարունակ նրանք սեփական և օտար լսարաններին սնում էին այն պաթոսով, թե «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը տիեզերական անսասան օրենք է, իսկ եղբայրական սերը՝ անշահախնդիր ու հավերժական։
Բայց, ինչպես ցույց տվեց 2026 թվականի հոկտեմբերը, ամենանվիրական զգացմունքներն անգամ ունեն իրենց մաշվածության ժամկետը, հատկապես երբ խաղի մեջ են մտնում կոնկրետ թվերն ու սակագները։ Դիմակները նույնիսկ չպատռվեցին․ դրանք պարզապես վերագնահատվեցին շուկայական արդի փոխարժեքով։
Պարզվեց՝ ամենասուրբ եղբայրությունն էլ վերջում վերածվում է սովորական դիվանագիտական հաշվապահության, որտեղ հավատարմության չափը որոշվում է ոչ թե սրտի բաբախյունով, այլ հաշիվ-ապրանքագրերով ու մաքսատուրքերով։
Դերերի այս «եղբայրական» բաշխումն ունի խիստ յուրահատուկ, գրեթե կատակերգական աշխարհագրություն։ Երբ Բաքուն հանկարծ որոշում է զբաղվել բարձրագույն պետական կարևորության «գլոբալ» հարցերով՝ մանրախնդրորեն չափելով դպրոցականների կիսաշրջազգեստների սանտիմետրերն ու հիջաբի նրբությունները, Անկարայում՝ նախագահական ապարատի խորքերում, անմիջապես արթնանում է «ավագ եղբոր» սուրբ բնազդը։ Այնտեղ իսկույն վերցնում են քաղաքական քանոնն ու բարոյախոսության դասագիրքը՝ աշխարհիկ «հարևանին» ճիշտ ապրելու և հագնվելու կանոններ պարտադրելու մոլուցքով։
Իսկական աշխարհաքաղաքական հրաշքը տեղի է ունենում այն պահին, երբ բեմ է բարձրանում «ամենակարող Նավթը»։ Հենց հարցը հասնում է Իսրայելի հետ միլիարդանոց գործարքներին, Անկարայի՝ այդքան շռայլորեն շահարկվող «իսլամական համերաշխության» բարձրագոչ կոչերը հանկարծակի կորցնում են իրենց հմայքը։ Սուրբ արժեքների ալիքները շատ արագ ու անաղմուկ խորտակվում են Բաքվի պրագմատիկ հաշվարկների ափերին։
Աշխարհաքաղաքականության մեջ կա մի հին ու անժխտելի ճշմարտություն. բարոյախոսությունն անվճար է, իսկ նավթի բարելն ունի հստակ, չոր հաշվարկված սակագին։ Ու երբ խոսում են միլիարդները, «սրբազան եղբայրությունը» նախընտրում է քաղաքավարի լռել՝ դրամարկղի հաճելի չխկոցը չխաթարելու «երկյուղածությամբ»։
Ամենազավեշտալին այս աշխարհաքաղաքական «բազարի» վերջնահաշիվն է։ Խաղադրույքներն ու սակագներն այնքան բարձրացան, որ Բաքուն դիմեց դիվանագիտական դեմարշի ամենաէլեգանտ հնարքին՝ պարզապես «թռավ» Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից։ Իլհամ Ալիևը նախընտրեց մնալ տանը՝ Անկարային թողնելով կատարյալ մենության մեջ՝ իր իսկ փռած դիվանագիտական սեղանի և սեփական ամբիցիաների դատարկության ընկերակցությամբ։
Եվ ի՞նչ արեց հզոր ու անդրդվելի «Աք Սարայը»։ Գիտակցելով, որ Բաքվի նավթի ու տարանցիկ միջանցքների գինը շատ ավելի ծանր է սեփական ամբիցիաներից, Էրդողանը ստիպված եղավ կատարել դասական աշխարհաքաղաքական զոհաբերություն։ «Կրտսեր եղբոր» խռովքը կանխելու համար Անկարան դեռ գագաթնաժողովից առաջ պաշտոնանկ արեց նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին՝ նրան որպես սովորական մանրադրամ նետելով Բաքվի «կիսաշրջազգեստների ու հիջաբների» արանքը։
Ներկայացված ողջ աբսուրդի գագաթնակետն այս աշխարհաքաղաքական «բազարի» վերջնահաշիվն է։ Անկարայի ստորացուցիչ զոհաբերությունն անգամ բավարար չեղավ․ խաղադրույքներն այնքան բարձրացան, որ Բաքուն, միևնույն է, դիմեց դիվանագիտական դեմարշի ամենաէլեգանտ հնարքին՝ պարզապես «թռավ» Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովից։
Իլհամ Ալիևը նախընտրեց մնալ տանը՝ «ավագ եղբորը» մենակ թողնելով սեփական ամբիցիաների բացասական հաշվեկշռի հետ։
Արձանագրվածը խորը, տրանսցենդենտալ փիլիսոփայություն է. ինքնիշխանությունն ու սեփական թիմակիցների հավատարմությունը չափազանց առաձգական հասկացություններ են, երբ չափվում են ռազմավարական միջանցքների երկարությամբ։ Աշխարհի մեծերի ձեռքում սեփական խորհրդականի կարիերան ընդամենը սիմվոլիկ տուրք է՝ «եղբայրական» սիրո թոշնած ծաղիկը նորից ջրելու և դաշնակցային պատրանքն անորոշ ժամանակով երկարաձգելու համար։
Բեմադրված դրամատիկ կոմեդիայի վերջին արարում սպասվում է Սյունիքն իր քոչվոր նախնիների «բնօրրան» համարող Դևլեթ Բահչելիի հանդիսավոր հայտնությունը Բաքվում։ Նա գալիս է ոչ թե հանուն հուզիչ, եղբայրական գրկախառնությունների կամ արյունակցական սենտիմենտների, այլ խաղարկված աշխարհիկ-կրոնական գործարքի վերջնական կնիքը դնելու։
«Մեկ ազգ, երկու պետություն» հնամաշ ու գունաթափված կարգախոսն արդեն պաշտոնապես հանձնվել է Ադրբեջանի պատմության թանգարանի արխիվ։ Դրան փոխարինելու է եկել 2026-ի հոկտեմբերից սկզբնավորված ավելի շահավետ, արդիական ու խիստ գործնական նոր բանաձևը՝ «երկու պետություն, երկու սուվերեն հաշվեհամար»։
Դաժան, բայց սթափեցնող ճշմարտությունն այս է. որքան էլ փորձեն բարձրագոչ ճառերով ու կեղծ պաթոսով քողարկել իրականությունը, աշխարհաքաղաքականությունը սեր ու սրտի թրթիռ չի ճանաչում։ Այն առաջնորդվում է բացառապես կոշտ ու անհոգի հաշվարկով։
Այս մեծ խաղում Ադրբեջանը, «ամուր ընկույզ» ձևանալով, արհեստականորեն թանկացնում է իր շուկայական գինը։ Իսկ Թուրքիան՝ «ավագ եղբոր» երբեմնի հպարտ կեցվածքը կորցրած, ստիպված է կոպեկ առ կոպեկ վճարել այդ ստորացուցիչ գործարքի համար։
«Եղբայրների» մանկապարտեզն ավարտված է։ Բարի գալուստ մեծ, անդեմ ու անբարո առևտրի աշխարհ, որտեղ ամեն մի «սուրբ զգացմունք» ունի իր շոշափելի սակագինը, իսկ եղբայրական գրկախառնությունն ընդամենը գործընկերոջ գրպանները շոշափելու հարմար առիթ է։
Ի՞նչ ազդեցություն կունենա այս «բազարային» վոդևիլը Հայաստանի տարածաշրջանային շահերի վրա։
Սա հենց այն դասական, ողբերգական արարն է, որտեղ մեծ խաղացողները սեղանին են դնում տրանզիտային միջանցքներն ու միլիարդները։ Իսկ Հայաստանը՝ «պատերազմի եռագլուխ կուսակցությունների» ու «ֆորպոստային» հնամաշ օրակարգերի լաբիրինթոսում խճճված, շարունակում է մնալ այդ առևտրի պասիվ հանդիսատեսը, եթե չասենք՝ հերթական ավարը։ Աշխարհաքաղաքական նման տեկտոնիկ տեղաշարժերում գործում է անողոք կանոնը. եթե դու նստած չես բանակցային սեղանի շուրջ, ուրեմն մեծ է հավանականությունը, որ գտնվում ես... ճաշացուցակում։
Երբ Անկարան ու Բաքուն վերասահմանում են իրենց հարաբերությունները «երկու պետություն, երկու սուվերեն հաշվեհամար» սկզբունքով, նրանք գծում են տարածաշրջանի նոր քարտեզը։ Այնտեղ էմոցիոնալ ճառերի տեղը զբաղեցնում են կոնկրետ աշխարհաքաղաքական երթուղիները։ Բաքվի դաշնակցային խաղերը Պակիստանի հետ և «Հյուսիս-Հարավ» միջանցքի ակտիվ շահարկումը փաստում են՝ մեզնից անկախ ձևավորվում է նոր հավասարակշռություն, որտեղ Հայաստանի շահերը վերածվում են ուժեղների հերթական գործարքի մանրադրամի։
Ու քանի դեռ մեր հանրությունը խումհարի մեջ հայհոյում է Կիսելյովին կամ երազում «Թրամփի երթուղու» մասին, «ամուր ընկույզ» ձևացող հարևանը թանկացնում է իր շուկայական գինը՝ հենց մեր հաշվին։
Վոդևիլի հերոսները ժամանակավորապես կարող են վիճել, նույնիսկ կծել միմյանց կիսաշրջազգեստների երկարության կամ Իսրայելի պատճառով, բայց ի վերջո նրանք միշտ լեզու են գտնում դրամարկղի մոտ։
Իսկ հաշվից ու սեղանից դուրս մնացած կողմին մնում է միայն մեկ բան՝ սեփական գրպանից կանխիկ վճարել ուրիշների կազմակերպած խնջույքի համար։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․
Ճաշացուցակից բանակցային սեղան տեղափոխվելու ճանապարհը փակ չէ։
Ընդամենը պետք է դադարենք լինել ուրիշների բեմադրության միամիտ հանդիսատեսը և սկսենք գրել սեփական ռազմավարական սցենարը։
Ուժեղների այս անդեմ առևտրի աշխարհում հարգում են միայն նրանց, ովքեր գիտեն սեփական շահի ճշգրիտ գինը և ունակ են պաշտպանել այն։
Դիտվել է՝ 363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ