CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Պատերազմն Իրանում. ապրիլի 21

Պատերազմն Իրանում. ապրիլի 21
21.04.2026 | 16:35

Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից՝ այս չորեքշաբթի։ Թրամփը հայտարարել է, որ զինադադարի վերականգնման հեռանկարը խիստ անհավանական է, և սպառնացել է «պայթեցնել ամբողջ երկիրը», եթե Իրանը համաձայնագիր չստորագրի ԱՄՆ-ի հետ։

Թրամփը նաև հայտարարել է, որ «չի շտապում» համաձայնագիր ստորագրել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Պակիստանում բանակցությունները շուտով կշարունակվեն, և ԱՄՆ պատվիրակությունը, Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, արդեն ճանապարհին է։

Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի բանակցություններին հարձակումների վերսկսման սպառնալիքի տակ։ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր և իրանցի վերլուծաբան, պրոֆեսոր Մարանդին գրել է.

«Ես խորհուրդ եմ տալիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դատարկել ճամպրուկներն ու չմեկնել Իսլամաբադ։ Հաշվի առնելով ներկայիս զառանցագին ու անիրատեսական պահանջները և շարունակվող ծովային շրջափակումը՝ Թեհրանում ոչ ոք չի ցանկանում բանակցել նրա հետ»։

Հրադադարի ռեժիմը խախտվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գնդակոծեց գրավված իրանական նավը, որը փորձում էր ճեղքել շրջափակումը։ Ի պատասխան՝ Իրանը կրակ բացեց ամերիկյան նավերի վրա և ետ դարձրեց ֆրանսիական նավը, որը փորձում էր անցնել Հորմուզով։

Չինաստանն անհանգստություն է հայտնել նավերի գրավման կապակցությամբ։ Չինաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրենց 48-րդ էսկորտային նավատորմը շարունակում է գործել Ադենի ծոցում։ Սա լուրերի տեղիք է տվել, որ Չինաստանը կարող է ռազմական ուղեկցություն տրամադրել Պարսից ծոցում գտնվող իր լցանավերին։ Պաշտոնական Պեկինը հերքել է այս լուրերը։

Թրամփը սպառնացել է ռմբակոծել իրանական էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքներին, ինչը կհանգեցնի հում նավթի համաշխարհային առևտրի 34%-ի վերացմանը, որի 90%-ը մատակարարվում է Ասիա։

Իրաքն ու Սիրիան դիտարկում են նավթի արտահանման նոր երթուղու բացման հնարավորությունը՝ շրջանցելով Պարսից ծոցը։

Հազարավոր չվերթներ են չեղարկվել ամբողջ աշխարհում այնպիսի ավիաընկերությունների կողմից, ինչպիսիք են Air Canada-ն, Scandinavian-ը, KLM-ը, United Airlines-ը և այլն։

Պահպանվում է Իրանում ցամաքային օպերացիայի հավանականությունը։ Տեղեկություններ են ստացվում, որ ԱՄՆ-ը շարունակում է ուժեր կուտակել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հարվածային ռազմածովային խմբավորում, որը բաղկացած է երեք ավիակրից, ավելի քան մեկ տասնյակ էսկադրային ականակիրներից և այլ ռազմանավերից։ Տարածաշրջանում նկատվում է հետախուզական գործունեության, ինչպես նաև ուժերի ու միջոցների տեղաշարժի ակտիվացում։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ