Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սահմանադրական մեծամասնության բացակայությունը փորձելու են փոխհատուցել քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ

Սահմանադրական մեծամասնության բացակայությունը փորձելու են փոխհատուցել քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ
06.07.2026 | 16:06

Լռությունը՝ որպես իշխանության ռեսուրս

Կան քաղաքական պահեր, երբ իրադարձությունները պետք է դիտարկել ոչ թե առանձին-առանձին, այլ որպես մեկ ամբողջական պատկերի մաս։

Սահմանադրական դատարանի որոշումը, խորհրդարանական ընդդիմության վարքագիծը, հանրության լռությունը, ուժային կառույցների ակտիվացումը, առավոտյան լրահոսում հայտնված խուզարկությունների ու փաստաբանների մուտքը խոչընդոտելու մասին տեղեկությունները տարբեր դրվագներ չեն։ Դրանք նույն գործընթացի տարբեր արտահայտություններն են։

Ինստիտուցիոնալ ճանապարհը փաստացի փակվեց։ Սահմանադրական դատարանը ոչ թե փարատեց ընտրությունների շուրջ առկա կասկածները, այլ խորացրեց դրանք։ Այն չպատասխանեց գլխավոր հարցին՝ արդյո՞ք ընտրությունները եղել են ազատ, հավասար և լեգիտիմ։ Փոխարենը՝ իրավական ձևակերպմամբ փորձ արվեց փակել քաղաքական ճգնաժամը, որը հենց այդ որոշմամբ ավելի խորացավ։

Բայց ճգնաժամերը միայն դատարաններում չեն լուծվում։ Դրանք լուծվում կամ խորանում են քաղաքական դաշտում, հանրային գիտակցության մեջ, մարդկանց վարքագծում և ընդդիմության պատասխանատվության չափի մեջ։

Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի համար այսօր ամենակարևոր հարցը նույնիսկ այն չէ՝ վերցնում են մանդատները, թե ոչ։ Մանդատ վերցնելն ինքնին դեռ պայքարի ավարտ չէ։ Բայց մանդատ վերցնել և դրանից հետո պայքարը չկազմակերպել՝ նշանակում է հետընտրական ճգնաժամը նորմալացնել։ Նշանակում է հասարակությանը ուղերձ հղել, որ կարելի է բողոքել, դատապարտել, հայտարարություններ տարածել, բայց հետո վերադառնալ սովորական քաղաքական ռեժիմին։

Իսկ սովորական ռեժիմ այլևս չկա։

Երբ ՍԴ որոշումից հետո իշխանությունը կարող է անցնել ուժային գործողությունների, երբ քաղաքական դաշտի նկատմամբ ճնշումը դառնում է ոչ թե բացառություն, այլ կանխատեսելի շարունակություն, երբ իրավական գործընթացը կարող է վերածվել քաղաքական ազդակի, ապա ընդդիմության լռությունը կամ ձևական արձագանքը այլևս միայն թուլություն չէ։ Այն դառնում է իշխանության հաշվարկի մաս։

Իշխանությունը շատ լավ կարդում է լռությունը։ Լռությունը նրա համար դիմացինի վախն է։ Լռությունը նրա համար հաշտություն է։ Լռությունը նրա համար առաջ գնալու թույլտվություն է։

Բայց այստեղ պետք է լինել ազնիվ նաև հանրության հետ։

Ժողովրդին անտարբեր անվանելը հեշտ է։ Բայց այդ լռության տակ հաճախ ոչ թե անտարբերություն է, այլ հոգնածություն․ պարտությունների, հիասթափությունների, կիսատ թողնված պայքարների, չիրականացված խոստումների և մենակ մնալու կրկնվող զգացողության կուտակված հոգնածություն։

Մարդիկ շատ անգամ լսել են մեծ խոսքեր, տեսել բարձր կոչեր, հավատացել, որ այս անգամ ինչ-որ բան մինչև վերջ կգնա, բայց շատ անգամ մնացել են նույն փակուղու մեջ։

Այդ պատճառով այսօր հանրության հետ պետք է խոսել ոչ թե մեղադրանքի, այլ պատասխանատվության լեզվով։ Ոչ թե՝ «ինչո՞ւ չեք դուրս գալիս», այլ՝ «ինչպե՞ս ենք միասին վերականգնում վստահությունը»։ Ոչ թե՝ «ժողովուրդը լուռ է», այլ՝ «քաղաքական ուժերը ի՞նչ են անում, որ լռությունը վերածվի կազմակերպված կամքի»։

Ինքնաբուխ ընդվզումների ժամանակը, կարծես, անցել է։ Այսօր պետք է ոչ թե հույս դնել հուզական պայթյունի վրա, այլ ստեղծել կազմակերպված դիմադրության ենթակառուցվածք։ Պայքար, որը չի ավարտվում մեկ հայտարարությամբ, մեկ հավաքով կամ մեկ դատապարտմամբ։ Պայքար, որը կարողանում է փաստը դարձնել օրակարգ, օրակարգը՝ կազմակերպում, կազմակերպումը՝ քաղաքական ճնշում, իսկ քաղաքական ճնշումը՝ փոփոխության հնարավորություն։

Այսօր ընդդիմադիր դաշտի ամենամեծ խնդիրը ոչ թե միայն իշխանության դեմ խոսելն է, այլ սեփական իմաստը վերագտնելը։

Ընդդիմությունը չի կարող լինել միայն խորհրդարանում նստող ուժ, միայն հայտարարություն տարածող ուժ, միայն ընտրությունից ընտրություն ակտիվացող ուժ։ Ընդդիմությունը պետք է լինի հանրային կամքի կազմակերպիչը, իրավունքի խախտման արձանագրողը, մարդկանց վախի հաղթահարման ճանապարհը, հիասթափության մեջ ապրող քաղաքացուն նորից քաղաքական սուբյեկտ դարձնելու գործիքը։

Եթե դա չի լինում, իշխանությունը շատ արագ հասկանում է, որ իր առջև ոչ թե քաղաքական դիմադրություն կա, այլ հատվածական դժգոհություն։ Իսկ հատվածական դժգոհությունը կառավարելի է, քանի որ այն կարելի է բաժանել, վախեցնել, չեզոքացնել, զբաղեցնել, հոգնեցնել և վերջում ներկայացնել որպես մարած աղմուկ։

Այսօր մեկի տուն են մտնում, վաղը մեկ ուրիշի դեմ գործ կհարուցեն, մյուս օրը որևէ համայնքապետի, գործարարի, լրատվամիջոցի, ակտիվիստի կամ քաղաքական գործչի հերթը կգա։ Եվ եթե ամեն անգամ հասարակությունը դա դիտարկի որպես «նրա խնդիրը», ոչ թե որպես ընդհանուր քաղաքական միջավայրի հարց, ապա մի օր բոլորը կհասկանան, որ այլևս որևէ մեկի համար տեղ չի մնացել ազատ շնչելու։

Այստեղ խնդիրը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանում քրեական վարույթը կարող է վերածվել քաղաքական դաշտի վերաձևավորման գործիքի։ Արդյո՞ք իշխանությունը կարող է ընտրություններով չստացած քաղաքական արդյունքը փոխհատուցել ճնշումներով, ռեպրեսիաներով, գլխագողությամբ և վախի մթնոլորտով։

Մենք հենց սա էինք ասում ՍԴ որոշումից հետո։ Այդ որոշումը ՔՊ-ն ծառայեցնելու է իր նեղ քաղաքական շահերին և օգտագործելու է որպես հենարան՝ քաղաքական դիկտատուրայի ամրապնդման համար։ Սահմանադրական մեծամասնության բացակայությունը փորձելու են փոխհատուցել ոչ թե հանրային վստահությամբ, այլ քաղաքական դաշտի բռնի վերաձևավորմամբ։

Այսօր այդ գործընթացի առաջին տեսանելի նշաններն արդեն կան։

Եվ հիմա հարցը շատ պարզ է՝ ինչպե՞ս է արձագանքելու ընդդիմությունը․ միայն խոսքո՞վ, վրդովմունքո՞վ, հերթական հայտարարությա՞մբ, թե՞ այլևս կազմակերպված քաղաքական վարքով։

Խորհրդարան անցած ուժերը պետք է հստակ ասեն՝ իրենց մանդատները դառնալո՞ւ են պայքարի գործիք, թե՞ համակարգի ներսում հարմարվելու միջոց։ Արտախորհրդարանական ուժերը պետք է հստակ ասեն՝ պատրա՞ստ են արդյոք ձևավորել երկարաժամկետ, համառ, խաղաղ և կազմակերպված պայքարի նոր օրակարգ։ Հանրային գործիչները պետք է որոշեն՝ շարունակում են դիտորդի կարգավիճակո՞վ հետևել, թե՞ ստանձնում են իրենց բաժին պատասխանատվությունը։

Իսկ քաղաքացին պետք է տեսնի, որ այս անգամ իրեն չեն կանչում հերթական հուզական պոռթկման։ Պետք է ցույց տալ, որ կա ծրագիր, կազմակերպում, հետևողականություն և պատասխանատվություն։ Կա մեկը, ով սկսածը կիսատ չի թողնելու։

Այսօր պայքարի լեզուն պետք է փոխվի։

Պետք է պակասեն դատարկ սպառնալիքները և ավելանան կոնկրետ քայլերը։ Պետք է պակասեն ընդհանուր կոչերը և ավելանա կազմակերպված աշխատանքը։ Պետք է պակասի հիստերիան և ավելանա սառնասրտությունը։ Պետք է պակասի փոխադարձ մեղադրանքը և ավելանա պատասխանատվության պարզ բաշխումը։

Քանի դեռ իշխանությունը մենակ է, բայց կազմակերպված, իսկ ընդդիմությունը՝ հատվածական, իշխանությունն ունի առավելություն։ Քանի դեռ իշխանությունն ունի օրակարգ, իսկ ընդդիմությունը միայն արձագանքում է, իշխանությունն ունի նախաձեռնություն։ Քանի դեռ իշխանությունը գիտի, թե ինչ է ուզում, իսկ հասարակությունը չի տեսնում, թե ով և ինչպես է իրեն առաջնորդելու, լռությունը շարունակելու է մնալ իշխանության ամենամեծ ռեսուրսը։

Այդ լռությունը պետք է կոտրել ոչ թե աղմուկով, այլ վստահությամբ։ Ոչ թե զայրույթի հերթական ալիքով, այլ կազմակերպված կամքով։ Ոչ թե մեկօրյա պոռթկումով, այլ երկար շնչով։

Այս պահին Հայաստանի խնդիրը միայն իշխանության հարցը չէ։ Հայաստանի խնդիրը քաղաքական իմաստի վերականգնումն է։ Քաղաքացին պետք է նորից զգա, որ ինքը ոչ թե դիտորդ է, ոչ թե պարտված կողմ, ոչ թե մանիպուլացվող զանգված, այլ պետության իրական տերը։

Իսկ դա չի լինելու ինքն իրեն։ Դա պետք է կազմակերպել, պետք է վաստակել ու ամեն օր կառուցել։

Այսօրվա իրավիճակում լռությունը այլևս չեզոքություն չէ։ Լռությունը դառնում է դիրքորոշում։ Իսկ եթե լռությունը դառնում է իշխանության ռեսուրս, ապա կազմակերպված խոսքը, կազմակերպված կամքը և կազմակերպված պայքարը պետք է դառնան հասարակության ինքնապաշտպանության միջոցը։

Սա արագ հաղթանակի ճանապարհ չէ։ Սա հեշտ ճանապարհ չէ։ Բայց սա այն միակ ճանապարհն է, որով հնարավոր է դուրս գալ հուսահատության, վախի և ձևական քաղաքականության այս փակ շրջանից։

Հիմա պետք է ոչ թե սպասել, թե ով առաջինը կշարժվի։

Հիմա պետք է հասկանալ, որ ով չի շարժվում, ինքն է դառնում ստեղծվող իրականության մի մասը։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ