Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ Աբու Դաբիում կազմակերպված եռակողմ բանակցությունների առաջին օրվա ավարտից հետո որոշ պարզաբանումներ է ներկայացրել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա կառուցողական և բովանդակալից է համարել ՈՒկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող պաշտոնական հանդիպումը։
Կողմերը քննարկել են մարդասիրական հարցեր, ռազմագերիների ազատ արձակումը, ՈՒկրաինայի անվտանգության երաշխիքները և լարվածության թուլացմանն ուղղված միջոցառումները։
«Մենք ժամանակ ունեցանք քննարկելու մարդասիրական քայլերի անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր պարամետրերը։ Առաջնահերթությունը ռազմագերիների ազատ արձակումն է»,- X սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։
Նա նշել է, որ բանակցությունների մասնակիցները մանրամասն քննարկել են ՈՒկրաինայի անվտանգության երաշխիքների բովանդակությունը և դրանց երկարաժամկետ գործունեության հիմքերը։ Կիևը պնդում է գործուն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան կանխելու պատերազմի վերսկսումը։
Աշխատանքը կշարունակվի չորեքշաբթի՝ եռակողմ բանակցությունների նոր փուլի շրջանակում, ինչպես նաև առաջիկա օրերին ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների և եվրոպացի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում։
«Գլխավորը խաղաղությունը շոշափելիորեն մոտեցնելն է, և ուկրաինական կողմը զբաղվելու է բացառապես արդյունավետ, որակյալ և ազնիվ աշխատանքով»,- ընդգծել է ՈՒկրաինայի նախագահը։
irates.am