Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

«Թմրանյութ», որ կսինթեզի հիասթափված և անտարբեր հասարակություն

«Թմրանյութ», որ կսինթեզի հիասթափված և անտարբեր հասարակություն
28.01.2026 | 20:15

«Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ նախկին իշխանությունների խնդիրն է»,- հունվարի 28-ի՝ ինձ համար շա՜տ ցավոտ օրվա, մի հատվածում «փայլատակեց» Սասունը, նույն ինքը՝ Միքայելյան։

Հայհոյանքի ու անեծքի հորդահոս հեղեղում անտեսվեց, թերևս, գլխավորը՝ առաջին հայացքից ապուշություն թվացող տողերում, առկա է ո՛չ միայն տրամաբանական կապի բացակայությունը, այլև քաղաքական պատասխանատվությունից խուսափելու քողարկված միտումը։

Երբ իշխանության ներկայացուցիչը, որքան էլ տհաս, շեփորում է «փայլուն հաղթանակից»՝ իրենց «կառուցած» ու տեղը- տեղին թալանած «իրական Հայաստանում», որն Արցախ է կորցրել, ունի տասնյակ հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր տնանկներ, օկուպացված տարածքներ, նրա խոսքը սեփական ժողովրդի հասցեին հնչող սարկազմի է վերածվում։

Սա այն նույն «հեքիաթից» է, երբ Սասունի շեֆը՝ Պոլիշինել էֆենտին, հանրությանն է ներկայացնում զուգահեռ այն «իրականությունը», որտեղ՝

պատերազմը խաղաղություն է,

պարտությունը՝ հաղթանակ,

կորուստը՝ ինքնիշխանություն,

իսկ տգիտությունը՝ ուժ։

Զարմանալի չէ, որ հենց սույն տգետին են դարձրել «պատասխանատվության պասը» նախկինների դաշտ նետող։

Չեմ զարմանում, որ իրենց կազմալուծած-փոշիացրած երբեմնի հզոր բանակի տոնական օրն է սա կրկին «քոքում»

արդեն վեց տարի պտտվող մաշված ու ցեցոտած վինիլային «պլաստինկան»։

Սրա կլկլացրած մուղամի առաջին մասում՝ իրենք են «հաղթել»։

Ե՞րբ, որտե՞ղ։

Անհայտ է՝ չի պարզաբանում։

Թերևս, միտքը «խիստ գաղտնի» գրիֆով» է։

Փորձենք գաղտնազերծել թաքնագիրը։

«Մուղամի» առաջին մասը, որքան էլ անհավատալի թվա, պարզունակ, բայց գարշելի տրամաբանություն է քողարկում։

«Մենք հաղթել ենք»-ը չի ենթադրում ռազմաճակատը, ա՞յլ՝ 2018 թվականի «հաղթանակը» Երևանի փողոցներում։

Սա շարունակությունն է այն նույն կեղտոտ մանիպուլյացիայի, որն այս լիբերալ ֆաշիստները հետևողականորեն ներարկում են հանրությանը՝ փորձելով հավասարության նշան դնել իրենց «թավշյա» իշխանափոխության և ազգային-պետական հաղթանակների միջև։

Ահա, թե ինչու է այդ «հաղթանակը» մնում անհայտ ու «գաղտնի»։

Հիշյալ բաշիբոզուկների տրամաբանությամբ՝ որոշիչ ճակատամարտը ոչ թե ռազմի դաշտում էր, ա՞յլ․․․ Երևանի փողոցներում։

Հենց այդտեղ են իրենք «հաղթել» իրենց գլխավոր թշնամուն՝ «նախկիններին»։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ սահմանին, Արցախում, հազարավոր զոհերի ու կորուստների տեսքով, իրենց «հաղթանակը» ստվերող անցանկալի հետևանք է։

Ընդանենը։

Իրենց «հաղթանակի» մանրամասները չեն բացահայտում, լռում են։

Ինչու՞։

Որովհետև ցանկացած պարզաբանում կբախվի քարտեզին։

Իսկ քարտեզի վրա ժապավենակապ սկուտեղով թշնամուն մատուցված Արցախն է՝ Շուշի, Հադրութ, Քարվաճառ, Ջերմուկի ու Վարդենիսի օկուպացված բարձունքները։

Ի՛նչ մնա՞ց։

Սասունի լոզունգային կլկլոցը։

Երգել մուղամ, որը չունի փաստական հիմք, բայց բարձր է հնչում։

Որովհետև հավաքական «մենք»-ի անունից է հրամցվում։

Սասուն «տեսակին» հրահանգված է տեղը-տեղին խառնել խաղաթղթերը՝ իրական պատերազմը և «հեղափոխությունը»։

Նպատա՞կը։

Կեղծ պատարագներին դեռևս մասնակցող սեփական ընտրազանգվածի ենթագիտակցությունը ախտահարել թուրք եղբայների PR զինանոցից ներմուծված վիրուսով. «Մենք լավն ենք, մենք հաղթող տեսակ ենք, քանի որ իշխանություն ենք վերցրել, իսկ այսօրվա ողբերգությունը մեզ հետ կապ չունի»։

Կլկլոցի այս «գաղտնի գրիֆը», սակայն, ոչ թե ռազմական, այլ քարոզչական ծածկագիր ունի:

Իսկ ավելի ստույգ՝ դա «սեփական հաստ կաշին փրկելու» գրիֆն է, որի պին-կոդն է՝

«Իշխանազավթման հաղթանակ՝ պետության կործանման գնով»։

Սասունի ու խմբիշխանության մյուս պատեհապաշտների նշանաբանն է՝ աթոռը պահելը հաղթանակ է, եթե անգամ այդ աթոռի տակ հայրենիքն է վառվում։

Ցավոք։

Սասունն ու նրա նմանները միշտ էլ օգտագործվում են որպես «հայկական ռադիո»՝ ամենաաբսուրդ և վտանգավոր թեզերը հանրային դաշտ նետելու համար։

Նպատակը մի քանի շերտ ունի։

Կոլեկտիվ հիշողության կազմաքանդում

Մարդը, որը ժամանակին մասնակցել է Արցախյան ազատամարտին, այսօրվա զառանցանքով՝ «հաղթել ենք, իսկ մնացածը նախկինների մեղքն է», քայքայիչ հարված է հասցնում հավաքական հիշողությանը։

Սասունի պատվիրված մուղամը լավ ծրագրված քայլ է՝ ջնջել պատճառահետևանքային այն բոլոր իրական կապերը, որոնք աղետ դարձան։

Եթե իրենց ընտրողին կարողանան համոզել, թե պարտությունը «նախկինների» ժառանգությունն էր, իսկ իրենք «ինչ-որ տեղ» հաղթել են, ապա ներկայիս ձախողումների պատասխանատվությունը պարզապես ի չիք կդառնա։

Արժեքների սրբապղծում

Հենց «Սասուն տեսակի» միջոցով է իրականացվում «հին» ընկալումների՝ հաղթանակ, հող, Արարատ, Արցախ, հայրենիք արժեզրկումը։

«Սասուն զենքով» փորձում են ցույց տալ, որ նույնիսկ նախկին հրամանատարները կարող են այսօր խոսել «նորմալ» լեզվով։

Ճշմարտությունն ակնհայտ է՝ Սասուն վիրուսով են հանրության մեջ առաջացնում հուսահատություն և զզվանք, ինչը հենց այն «թմրանյութն» է, որ կսինթեզի հիասթափված և անտարբեր հասարակություն, որին ավելի հեշտ է կառավարել։

«Տերերի» թելադրանքը

Այս իրողությունն ամենացավոտն է։

Ինչու՞։

Թելադրանքի հռետորաբանությունն ամբողջովին տեղավորվում է համաշխարհային գլոբալ այն օրակարգում, որտեղ Հայաստանը ո՛չ թե սեղանի շուրջ է, այլ «меню»-ում՝ առանց հավակնությունների, առանց հաղթական անցյալի և առանց պահանջատիրության։ Սասունի «աբսուրդներն» այդ մեծ պլանի փոքրիկ դետալներն են։

Ցինիկների իշխանությունը ոչ միայն զինվորի կյանքն է փորձում փոխարինել փողով՝ 700 հազար դրամով, ինչպես ասվում էր օրվա «ուղերձում», այլև «կոլեկտիվ հիշողությունն» է ձգտում փոխարինել կեղծիքով։

Սրանք հոգեբանական պատերազմ են սկսել սեփական ժողովրդի դեմ։

Մահաբեր զենքն էլ ոչ թե ԱԹՍ-ն է, կամ «Калашников»-ը, այլ սուտը և ցինիզմը։

Տհասությունն այս պատերազմում ընդամենը դիմակ է կամ՝ սասունակերպ գործիք, որի տակ թաքնված է պետականության հիմքերը քանդելու հստակ հրամանը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ