Այժմ, ընդդիմության առաջնորդությամբ, Հայաստանի բնակչության զգալի մասը լծվել է տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցելու, համապետական ընտրություններին նախապատրաստվելու և անկլավների չփոխանակելու համար «սուրբ» պայքարի գործին: Սրանք են այսօրվա հայաստանյան քաղաքական օրակարգի հիմնական երեք հարցերը: Նախապես ասեմ, որ երեքն էլ ֆիկտիվ բնույթ են կրում:
Սկսեմ ՏԻՄ ընտրություններից: Ինչու՞ է ընդդիմությունն ու բնակիչների զգալի մասը մասնակցում այդ ֆիկցիային: Ենթադրենք` ընդդիմությունը հաղթի ինչ-որ քաղաքում կամ գյուղում: Հաշվի առնելով առկա փորձը, դժվար չէ կռահել, որ, օրինակ` Վաղարշապատում, հաղթած ընդդիմադիր թեկնածուն, ի վերջո, արժանանալու է կամ Ղուկասյան Վարդանի և Մամիկոն Ասլանյանի ճակատագրին, այն է` կալանավորվելու է, կամ Քաջարանի քաղաքապետ Փարամազյան Մանվելի ճակատագրին, այն է` Հակոբյան Աննային ծաղկեփունջ է նվիրելու: «Նոր Հայաստանում» այլ տարբերակ չկա: Գիտե՞ն դրա մասին ՏԻՄ ընտրություններին որպես ընդդիմադիր ընտրազանգված մասնակցողները: Իհարկե, գիտեն: Այնուամենայնիվ, մասնակցում են:
Նույնը` համապետական ընտրությունների պարագայում: Իմանալով, որ նորանկախ Հայաստանում երբեք ընտրությունների արդյունքում իշխանափոխություն չի եղել, ընդդիմությունը բնակչության ընդդիմադիր զանգվածին պարբերաբար «հորդորում է» մասնակցել ֆիկցիային:
Անցնեմ առաջ: «Հերթով, կարգով, շարքով» ընդդիմադիրները դեմ են արտահայտվում անկլավների փոխանակմանն իմանալով հանդերձ, որ իրենց դեմ լինելը «ՀՀ իշխանություն-պաշտոնական Բաքու» տանդեմի համար որևէ նշանակություն չունի, այսինքն` ֆիկցիա է:
Այդ դեպքում, ընդդիմությունն ու բնակչության ընդդիմադիր հատվածն ի՞նչ անեն: Պատասխանը մեկն է` ինչ-որ ձևաչափով, միավորելով ուժերն ու ռեսուրսները, օգտագործելով քաղաքական առկա ողջ գործիքակազմը, հասնել իշխանափոխության: Հակառակ դեպքում` վերջիններիս ողջ կարողությունները կսպառվեն ֆիկցիայի վրա, դրանց կրողները կհայտնվեն բանտերում: Կա մեկ տարբերակ ևս. իսկ, միգուցե ընդդիմադիրները ցանկանում են հայտնվել Քաջարանի քաղաքապետի դերու՞մ, այն է` ծաղկեփնջեր նվիրել Հակոբյան Աննային: Ի դեպ, վերջին տարբերակը ֆիկտիվ չէ` իրական է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ