ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Իշխանության ներկայացուցիչների լկտի ու ցինիկ վերաբերմունքը Ազգային ժողովում վերջ պիտի ունենա

Իշխանության ներկայացուցիչների լկտի ու ցինիկ վերաբերմունքը Ազգային ժողովում վերջ պիտի ունենա
20.08.2026 | 20:03


Երբեմն բառեր չեմ գտնում զայրույթս ու զարմանքս հայտնելու, երբ ժամանակակից «իրական Հայաստանի» ՔՊ քաղաքական դեմքերը անցնում են բարոյական անթույլատրելի սահմանները։ Այդպիսի դեպքերը շատ են, բայց երեկ նրանցից մեկը` անունն Արայիկ, պետական պաշտոնյայի ողջ ուժով հարձակվեց արցախցի կնոջ` պատգամավոր Արեգա Հովսեփյանի վրա, քամահրանքով ու քմծիծաղով, Արցախը, դիտավորյալ, Ղարաբաղ անվանելով ու ակնկալելով, որ բնիկ արցախցի երիտասարդ հայուհին կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում։

Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, կայացել է Արցախյան շարժումի ու Ազատամարտի արդյունքում։ Այս արարածները եկել են իշխանության մեր Երկրում, Արցախը հայտարարել են Հայաստան, որպես քաղաքական ուժ` կայացել են Արցախի հերոսական պաստառին, ապա հանձնել են մեր սուրբ հողը թուրքին, ու հիմա պահանջում են, որ բնիկ արցախցի հայուհին ճանաչի իրենց դավաճանությունը որպես պետական ռեալ քաղաքականություն ու հայ ժողովրդի համար փրկօղա՞կ։

Արեգա Հովսեփյանը իրեն բարձր պահեց։

Բայց իշխանության ներկայացուցիչների այս լկտի ու ցինիկ վերաբերմունքը Ազգային ժողովում վերջ պիտի ունենա։ Ազգային ժողովը մեր ազգային ժողովն է, մեր պետության ու ժողովրդի, հայության մայր խորհրդարանը։ Մենք պահանջում ենք` հարգել այս պառլամենտը և հայ մարդու արժանապատվությունը, անկախ նրանից, թե քաղաքական ինչպիսի կուրս եք որդեգրել։ Գալիս եք, փռվում աթոռներին ու ամբարտավան կեցվածքով, անամոթ հարցերով վիրավորում մարդկանց ու ընտրողների արժանապատվությունը։

Եվ, ընդհանրապես, վախի ու բռնության մթնոլորտը, որ փորձում եք ներարկել բարձր ամբիոններից, դահլիճ հրավիրվող պահպանության զինյալ խմբերը, ովքեր պատրաստ են ընտրյալ պատգամավորներին անմիջապես անհարգալից դուրս դնել, իսկ պառլամենտի շենքից դուրս` ձերբակալություններն ու քաղաքական հաշվեհարդարի պրակտիկան արժանապատիվ հայրենասեր մարդկանց կյանքը դարձրել են զզվելի ու անտանելի։ Դուք կարող եք նրանց հետ համաձայն չլինել։ Դուք կարող եք հավերժ մեծամասնություն լինել, բայց աշխարհում գաղափարները, նաև` ազգային, գեներացնում են ինքնաբավ փոքրամասնականները։ Բարեկրթության ձեր կոչերը ի՞նչ արժեք ունեն, երբ խախտողները Ալեքսանյանն ու Կոնջորյանն են, Ռուբինյանն էլ՝ նրանց հետ։ Այսինքն` դուք եք։ Ու եթե այս հարցերում ձեզ ծափահարում է մեծամասնությունը, ապա դա ամոթ է, որովհետև, դուք իջել եք ամբոխի մակարդակին։

Ալեքսանյանը դիմում է «Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանին, նրան խոսելու իրավունք է տալիս, իբրև թե կատակով ասելում. «Խոսեք, քանի դեռ ազատ եք»։ Սա կատակ չէ։ Սա լկտիացած պետության չափի անցնում է։ Եվ դուք, ովքեր ծափահարում են այս երևույթներին, մնալու եք այս մամլիչի տակ։

Ես դեմ չեմ, որ ձեր ղեկավարած Հայաստանը լինի հզոր ու տնտեսապես կայուն։ Ես կծափահարեմ ու կուրախանամ, եթե այդպես լինի։ Բայց արևելյան մեր տարածաշրջանում, որտեղ մեզ շրջապատում են ասիական բարոյահոգեբանական տեսակն ու հոգեբանությունը, իսլամը, արևելյան բռնատիրությունն ու սուր ատամների քաղաքականությունը, հասնել տնտեսական հրաշքի անգամ, սակայն, ինքնության ու պատվախնդրության կորստի գնով՝ նշանակում է` տանուլ տալ մեր ապագան։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 274

Մեկնաբանություններ