Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Հայաստանի բնակիչների ընտրական «պարտավորությունները» բավականին շատ են

Հայաստանի բնակիչների ընտրական «պարտավորությունները» բավականին շատ են
21.02.2026 | 12:38

Հայաստանի նման պետություններում, մասնավորապես` Հայաստանում, ընտրությունները երբեք չեն սահմանափակվում նախընտրական քարոզչությամբ և քվեարկությամբ: Ի տարբերություն այլ պետությունների, Հայաստանի բնակիչների ընտրական «պարտավորությունները» բավականին շատ են: Նախ` անհրաժեշտ է հսկել նախընտրական գործընթացները, այնուհետև` գնալ քվեարկության, հետևել ընտրության օրինականությանը: Հետո` «տեր կանգնել ձայնին»: Հայաստանցի միջին վիճակագրական ընտրողին անհրաժեշտ է անցնել այդ բոլոր փուլերը: Այս իմաստով, մարդկանց մոտ տրամաբանական հարց է առաջանում. ինչու՞:

Ինչու՞ սովորական ընտրողը պետք է այդպիսի երկար ճանապարհ անցնի: Վերջինս կարող է, չէ՞, գնալ քվեարկության, իր ընտրությունը կատարել և վերջ: Ինչու՞ է ընտրողը պարտադրված հսկել, հետևել, «ձայնին տեր կանգնել»: Ի վերջո, ընտրողն այդ գործողությունների ընթացքում և արդյունքում ժամանակ է կորցնում, շատ անձանց մոտ «վատամարդ» դառնում, երբեմն առողջություն, ազատություն, նույնիսկ` կյանք կորցնում:

Իսկ ի՞նչ է շահում սովորական ընտրողը, երբ անցնում է «հսկելու», «հետևելու» և «ձայնին տեր կանգնելու» ընտրական փուլերը:

Անկեղծ` 1990 թվականից ի վեր, ես չեմ հիշում գեթ մեկ համապետական ընտրություն, որի արդյունքում հայաստանցի միջին վիճակագրական ընտրողն ինչ-որ բան շահի: Իհարկե` 5 կամ 10 հազարական դրամները հաշիվ չեն:

Շուտով հերթական համապետական ընտրություններ են: Վստահ եմ` այդ ընտրությունները բացառություն չեն լինելու: Այնպես, ինչպես միշտ ընտրողը պարտադրված է լինելու «հսկել», «հետևել», «ձայնին տեր կանգնել»: Հետո՞: Հետո լինելու է այն, ինչ եղավ 1995-ին, 1996-ին, 1998-ին, 2003-ին, 2008-ին, 2013-ին, 2021-ին: Հետընտրական` «լայն կոնսոլիդացիա» ունեցող, դաշինքները սովորական ընտրողին կմեղադրեն, որ «լավ չի հսկել», «լավ չի հետևել» և, ի վերջո, «ձայնին տեր չի կանգնել»: Այդ դեպքում, ինքնըստինքյան հարց է առաջանում. իսկ կլինի՞, որ գոնե այս անգամ ընտրությունների իրական շահառուներն ավելի լավ պատրաստվեն, ավելի լավ հսկեն և հետևեն, որպեսզի սովորական մահկանացուներից «ձայնին տեր կանգնելու» պահանջ չներկայացնեն: Ի դեպ, դրա համար շատ բան պետք չէ, օրինակ` հետընտրական դաշինքների փոխարեն նախընտրական դաշինք ձևավորել: Ընդ որում, դա հաղթանակի հասնելու ամենապարզունակ օրինակն է:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ