Վիրաբույժի մասնագիտությունը բժշկության ամենաբարդ և պատասխանատու ոլորտներից է, որտեղ պահանջվում են ոչ միայն խորը և ճշգրիտ գիտելիքներ, այլև հոգեբանական կայունություն, ֆիզիկական դիմացկունություն, շարունակական ուսուցում, կլինիկական փորձ ու նաև շարունակ զարգացող տեխնոլոգիաներին մշտապես տիրապետելու ձգտում: Այս սկզբունքները դարձել են Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի և ընդունարանի վարիչ, ինչպես նաև Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի բժիշկ, ուռուցքաբան վիրաբույժ Հրայր Սամվելի Հակոբյանի մասնագիտական նշանաբանը:
Արմատներով արցախցի Հրայր Հակոբյանը ոսկե մեդալով ավարտելով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի դպրոցը, որոշում է ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում՝ նախընտրելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Բուհն ավարտելուց հետո կլինիկական օրդինատուրա է անցնում ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնում։ 2001 թվականից ապագա բժիշկն իր գիտելիքները ներդնում է Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում և արդեն քառորդ դար է, ինչ իր մասնագիտական գործունեությամբ օգնում է հազարավոր
բուժառուների: Մասնագիտացած է ընդհանուր ուռուցքաբանական վիրահատությունների, մաշկի նորագոյացությունների (մելանոմա, խալեր), փափուկ հյուսվածքների և գլխի-պարանոցի շրջանի ուռուցքների վիրահատական բուժման մեջ։
Սպիտակ խալաթի պատիվը
Մենք սովոր ենք սպիտակ խալաթը դիտել որպես բժշկության խորհրդանիշ, սակայն հազվադեպ ենք խորհում այն մասին, թե որքան արժե այն հագնելու իրավունքը: Մինչդեռ սպիտակ խալաթի իրական արժեքը չափվում է ոչ թե կտորի մաքրությամբ, այլ այն հագնողի խղճի, գիտելիքի և մարդասիրության խորությամբ: Այսպիսի բժշկի համար սպիտակ խալաթը պարզապես մասնագիտական համազգեստ չէ, դա ամենօրյա ուխտ է՝ ծառայելու մարդուն, ամենախոցելի պահին լինելու նրա կողքին ու երբեք չդավաճանել թե՛ իր և թե՛ Հիպոկրատի երդման բուն էությանը:
Ահա թե ինչով է առանձնանում սպիտակ խալաթի հարգն ու արժեքը գնահատող բժիշկը: Նա համարձակորեն հանձն է առնում հիվանդի կյանքի ու առողջության պատասխանատվությունը, անգամ եթե վիրահատության սեղանի մոտ նրա անխոս ու զուսպ հայացքի տակ թաքնված մտահոգությունը տեսանելի չէ հիվանդին: Իսկ հիվանդի համար սպիտակ խալաթը հույս է և փրկություն:
Հրայր Հակոբյանի աշխատանքային օրը սկսվում է հիվանդների ընդունելությամբ ու խորհրդատվությամբ, ապա շարունակվում վիրահատված պացիենտների շրջայցով, վիրակապարանով և վիրահատություններով։ Եվ այս հագեցած ռիթմով՝ մինչև օրվա ավարտը, որը կրկին եզրափակվում է հիվանդների ընդունելությամբ։
Հարցին, թե ամեն օր ծախսած ահռելի էներգիան ինչպես է վերականգնվում, պատասխանն ավելի քան զուսպ ու համեստ է.- Հանգստյան օրերին ընտանիքի, դե, նաև ընկերների շրջապատում:
Խոսքի ուժը
Բժշկի խոսքը բուժման գործընթացի ամենակարևոր բաղադրիչներից է, որը կարող է արագացնել ապաքինումը: Երբ բժիշկը բացատրում է խնդիրը պարզ ու հասանելի լեզվով, բուժառուի մոտ ձևավորվում է վստահություն մասնագետի նկատմամբ, ինչը բարձրացնում է բուժման արդյունավետությունը։
«Վիրահատությունը բարեհաջող է անցել»: Այս խոսքերը բուժառուի հարազատներին ասելու առիթներ բժիշկ Հրայր Հակոբյանն ունեցել է տասնյակ հազարավոր վիրահատությունների դեպքում:
-Իմ կատարած վիրահատությունների ստույգ թիվը չեմ կարող ասել, սակայն վերջին 3-4 տարում, յուրաքանչյուր տարի շուրջ 1000 վիրահատություն եմ կատարել: Ամենաշատ վիրահատությունը կատարել եմ 2023 թվականին, համարվել ՈՒԱԿ-ում ամենաշատ վիրահատություն կատարած բժիշկը,- «Իրատես»-ի հետ զրույցում պատմում է Հրայր Հակոբյանը:
Տարեկան մոտ 1000 վիրահատություն կատարելը և այդ տեմպը 3–4 տարի պահպանելը բացառիկ մասնագիտական ծանրաբեռնվածության ու բարձր վարպետության վկայություն է: Ուստի զարմանալի չէ, որ անվանի բժիշկը բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր է ստացել, 2019 թ. արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի, իսկ 2022 թվականին «Որակի նշան» մրցանակաբաշխության շրջանակում՝ մասնագիտական հաջողությունների և ոլորտում ունեցած ավանդի համար նրան շնորհվել է «Տարվա բժիշկ 2022» մրցանակը:
Ծանրաբեռնված առօրյան երբեմն ընդմիջվում է մասնագիտական զարգացման և փորձի փոխանակման նպատակով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից միջազգային ու նաև տեղում կազմակերպված կոնֆերանսներով ու սեմինարներով, արտերկրի բժիշկ մասնագետների հետ հանդիպումներով, երբեմն նաև արտասահմանյան ու մարզային գործուղումներով:
21-րդ դարի չարիքը
Հայաստանում և աշխարհում ուռուցքաբանական հիվանդությունները մահվան հիմնական պատճառներից են, ուստի հաճախ «դարի հիվանդություն» են անվանում հենց քաղցկեղը կամ ծանր ուռուցքային ախտորոշումները։ Սակայն բժիշկները հավաստիացնում են, թե քաղցկեղը դեռևս դատավճիռ չէ:
Ուռուցքաբան վիրաբույժ Հրայր Հակոբյանի խոսքով ժամանակակից ուռուցքաբանության մեջ քաղցկեղը հաճախ բուժելի է կամ հաջողությամբ վերահսկելի, հատկապես՝ վաղ հայտնաբերման դեպքում։ Բուժման ելքը կախված է ուռուցքի տեսակից, փուլից և օրգանիզմի առանձնահատկություններից։
«Քաղցկեղի ամենատարածված տեսակներից է մաշկային քաղցկեղը, որոնցից ավելի հաճախ հանդիպողը բազալ բջջային քաղցկեղն է, այն բնութագրվում է դանդաղ աճով: Բազալ բջջային քաղցկեղն առաջանում է մաշկի վերին շերտի բազալ բջիջներից և հիմնականում պայմանավորված է արևի ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների երկարատև ազդեցությամբ։ Ժամանկին դիմելու դեպքում լիովին բուժվում է: Հաջորդը տափակ բջջային քաղցկեղն է: Եթե բազալ բջջային քաղցկեղին բնորոշ է տեղային տարածման պրոցեսը, ապա երկրորդի դեպքում բնորոշ է նաև մետաստազավորումը: Նախորդի համեմատ սա ավելի ագրեսիվ է: Ռիսկի գործոններից են ուլտրամանուշակագույն ճառագայթումը, իմունային համակարգի թուլացումը, տարիքը, նախաքաղցկեղային վիճակները: Պակաս վտանգավոր չէ նաև մաշկի մելանոման, որն ագրեսիվ ուռուցքի տեսակ է: Դա խալից առաջացող չորորակ ուռուցք է կամ ի սկզբանե մաքուր մաշկից առաջացած պիգմենտային գոյացություն: Առհասարակ մեխանիկական տրավմայի կամ շփման ենթարկվող խալերը խորհուրդ է տրվում հեռացնել: Քաղցկեղը կարող է առաջանալ մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններում և հյուսվածքներում, քանի որ այն բջիջների անվերահսկելի բաժանման հետևանք է: Բացի մաշկից գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տեսակներ՝ դասակարգված ըստ օրգան-համակարգների»:
Հրայր Հակոբյանը մաշկային քաղցկեղից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը համարում է ուլտրամանուշակագույն (ՈւՄ) ճառագայթների ազդեցության սահմանափակումն ու մաշկի կանոնավոր ինքնազննումը։
«Աշխատեք մնալ ստվերում ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ արևի ճառագայթներն ամենաինտենսիվն են։ Հայաստանի նման բարձրադիր և արևոտ երկրներում ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակն էլ ավելի բարձր է>,- ասում է բժիշկն ու հավելում, որ նաև արևապաշտպան քսուքները, գլխարկը, արևային ակնոցը և մարմինը ծածկող հագուստը պարտադիր են մաշկի քաղցկեղի կանխարգելման, ինչպես նաև հիվանդության ընթացքում և բուժումից հետո մաշկի հետագա վնասումից խուսափելու համար: Ի դեպ քսուկների կիրառումը պարտադիր է ոչ միայն ամռանը, այլև ողջ տարվա ընթացքում: Մաշկի վրա երկար ժամանակ չանցնող խալերի փոփոխություն, անսովոր բծեր, վերքեր, բորբոքումներ նկատելիս դիմել մաշկաբանին, անհրաժեշտության դեպքում հետազոտվել»:
Հրայր Հակոբյանի խոսքով Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համալրված է ժամանակակից գերմանական ֆոտոդերմատոսկոպով: Արհեստական բանականությամբ օժտված թվային այս սարքը կիրառվում է մաշկի նորագոյացությունների, խալերի և պիգմենտային բծերի խորացված, բազմակի խոշորացմամբ հետազոտման ու լուսանկարահանման համար։ Այն թույլ է տալիս առանց մաշկը վնասելու հայտնաբերել մաշկի քաղցկեղը (այդ թվում՝ մելանոման) ամենավաղ փուլում։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մաշկի քաղցկեղից տարեկան բուժվում է 700-1000 բուժառու:
«Շնորհակալություն»-ը բանալի է, որը բացում է սրտերը և դարձնում փոքրը՝ մեծ, իսկ սովորականը՝ արժեքավոր:
Եթե բժշկի խոսքի ազդեցությունը հիվանդի վրա ունի զորեղ հաբի ազդեցություն, ապա հիվանդի երախտիքի խոսքը բժշկի մոտ նույնքան արժեքավոր զգացում է ծնում: Երախտիքի խոսքերը տալիս են հոգևոր ուժ և հիշեցնում նրա աշխատանքի կարևորության մասին: Գնահատված լինելու զագացումը ամենաուժեղ խթաններից է՝ գործը սիրով և նվիրումով շարունակելու համար:
Եթե ամփոփելու լինենք Հրայր Հակոբյանին ուղղված հազարավոր հիվանդների երախտիքի խոսքերը, այն կհնչի այսպես. «Շնորհակալություն Ձեզ բժիշկ՝ Ձեր բարձր պրոֆեսիոնալիզմի, հոգատարության և մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Ձեր նվիրված աշխատանքի, համբերատարության, ճիշտ ցուցումների շնորհիվ ավելի լավ ու ապահով զգալու համար: Անչափ գնահատում ենք Ձեր ներդրած ջանքներն ու ժամանակը: Մաղթում Ձեզ ուժ ու եռանդ և բազում հաջողված վիրահատություններ Ձեր մարդասիրական ու պատասխանատու առաքելության մեջ»:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ