Մի շնչով կարդացի «Խաչատուր Աբովյանի կյանքի և գործունեության տարեգրության» առաջին հատորը. ընդգրկում է 1809–1833 թվականները (872 էջ): Գրականագետ Անահիտ Հակոբյանն անուրանալի և համբուրելի գործ է արել՝ ավարտելով հոր՝ Պիոն Հակոբյանի (1926–2000) անավարտ ուսումնասիրությունը` գերազանցելով ժանրի հնարավորությունները:
Գրական այս հուշարձանն իրո՛ք կոթողային է մի քանի առումներով, հատկապես՝ ազգային ակունքներից սնվել ցանկացող յուրաքանչյուր անհատի համար՝ անկախ նրա ազգությունից: Գերմանացի բնագետ և բժիշկ, Դորպատի համալսարանի ռեկտոր դոկտոր Ֆրիդրիխ Պարրոտը, լավ հասկանալով, որ գործ ունի մաքուր՝ ազնիվ «հումքի» հետ, արժանապատվորեն թրծել-կոփել է այդ եզակի «նյութը»: Իր սանի համար նա միայն Ուսուցիչ չէր. դարձել է անկրկնելի Ընկեր, բարեկամ, խորհրդատու, հոգևոր հայր ու պահապան հրեշտակ և անընդհատ հիշեցրել, որ նա ազգային առաքելություն ունի, և իր հոգեզավակի համար պատվախնդրորեն ստեղծել է ազգային դաստիարակության «զինանոց»:
Շնորհիվ իր ստացած կրթության ու դաստիարակության՝ Խաչատուր Աբովյանը (Մեսրոպ Մաշտոցից ու Մովսես Խորենացուց հետո) իր «կողպեքով» բացել է մեր ինքնության տաճարի ժանգոտված դուռն ու ազգակիցներին հրավիրել ներս: Պետություն չունեցող երկրում նա սկսել է կերտել Հայրենիքի ազգային քաղաքացիներ: Աբովյանն այսօր էլ սովորեցնում է ապրել ու գործել և ոչ թե ինքնախաբեության գիրկն ընկնել ու երազել:
Անանց է ամենայն բարեխղճությամբ ու պատասխանատվությամբ ստեղծված այս հրատարակության գրական, պատմագիտական, ազգային արժեքը: Պիոն և Անահիտ Հակոբյանների այս ուսումնասիրությունը հոգու պարտք է բազմաբևեռ հայ հանճարի անմահ հիշատակին…
Վարձքդ կատա՛ր, սիրելի՛ Անահիտ, անհամբեր սպասում եմ երկրորդ հատորին:
Հասմիկ ԳՈՒԼԱԿՅԱՆ