ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐԻՆՅԱՆԱԿԱՆ ԸՄԲՌՆՈՒՄՆԵՐԸ
Ակադեմիկոս, գրականագետ Ս. Սարինյանն իր «Ինչ կապ կա պետության և գրականության միջև» (2003) հոդվածում գրում է. «Բանաստեղծությամբ է արթնացել մարդկային բանականությունը, բանաստեղծությունը ծագել է էթնիկական ու պետական կազմավորման հետ և յուրաքանչյուր պետություն կամ էթնիկական միավոր, որպես տիեզերական սուբյեկտ, իրեն գիտակցել է բանաստեղծությամբ (դիցաբանություն, գրականություն)։ «Գրականությունը հայրենիք չունի, բայց ամեն մի հայրենիք իր գրականությունն ունի…», - գրում է Ավ. Իսահակյանը և հայրենիքի ֆիզիկական գոյությունն իմաստավորում հոգևոր-մշակութային բովանդակությամբ։ Հայրենիքը նույն պետությունն է, և պատկերացնել պետություն հասկացությունն առանց առարկայացված մշակութային արժեքների՝ (ավանդույթների, պատմական հուշերի և այլն - Ն. Ս. ) անհնարին է։ Այդ արժեքներն ստեղծագործում է գրականությունը (բանահյուսությունը)։ Եվ այստեղ է, որ գրականությունն ու պետությունը դառնում են համարժեք։ Կարելի՞ է պատկերացնել Հունաստանն առանց դիցարանի, չէ՞ որ հենց այս միֆերն են, որ կազմավորում են Հունաստանի պետական - էթնիկական դիմանկարը, տեղայնացնում երկիրը։ Կամ փորձենք Հունաստանն անջատել Հոմերոսից, և նա կդիմազրկվի, կտրոհվի, կկորցնի իր անունը։ …Պուշկինի մասին Դոստոևսկին ասել է, թե նա «մեր պետական բանաստեղծն է»։ Նույնպես և Տոլստոյը ռուս պետականությունն է։ …Տրամաբանական անցումը բնական է ինքնին։ Թումանյանը հայոց պետականությունն է, Նարեկը՝ հայ ոգու տիեզերական աղերսն է, Բագրատունու «Հայկ դյուցազնը» առասպելական-պատմական Հայաստանի վիպերգն է, Աբովյանի «Վերք Հայաստանին» բնաշխարհի հայկականացման և ազգային վերածննդի ազդարարն է։ Հոգևոր այս բիոսֆերայում է ձևաստեղծվել հայոց պետականության հուշն ու էթնիկական հավաքականությունը։ Այստեղ է գրականության ազգակազմիչ և պետականակազմիչ առաքելությունը։ «Առանց գրականության չկա պետություն», - ասում է գերմանացի գրող Հենրիխ Բյոլը, քանզի գրականությունը պետության հիշողությունն է, առանց որի նա վերացական գաղափար է։ Գործել պետության շրջանակներում և լինել պետությունից անկախ՝ անհեթեթություն է։ …Գրողի և գրականության պահպանությունը պետական գործ է»։ Նույն հոդվածում Ս. Սարինյանն ընդգծում է, որ անհատի կենսաբանական կազմույթը ներարկվում է միֆոլոգիական, կրոնական, մշակութաբանական առարկայություններով, որոնք ձևավորում են նրա անհատականությունը իբրև տիեզերական արարած. «Թող որևէ մեկը փորձի իր էությունից անջատել Թումանյանին (բանաստեղծությունը) կամ Կոմիտասին (երգը), և կտրոհվի նրա ամբողջությունը, նա գրեթե կմնա անպաշտպան, քանզի այդ արժեքները պահպանում են նրան ճակատագրի անակնկալներից ու պատահականություններից։ Սա չի գիտակցվում, բայց միանգամայն ստույգ է մարդաբանական վերլուծությամբ»։
Նառա ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ.
Վաստակաշատ, բազմաթիվ գրքերի հեղինակ, համաշխարհային գրականության տեսություններին քաջատեղյակ Ս. Սարինյանի գրական ժառանգության առանցքում հայրենիքը, ազգային գաղափարաբանությունը, երբեք չառանձնացան, չտրոհվեցին գրականությունից և մնացին իբրև բարձրագույն արժեք, եթե կուզեք՝ փիլիսոփայություն, որ կարմիր թելի նման ձգվեց նրա գիտական աշխատություններում։ Իհարկե, կարելի է չհամաձայնել գրականագետի այս կամ այն դրույթին, դիտարկմանը, սակայն ինձ համար առհասարակ գրականագետին, գրողին, դասախոսին, բարձր պաշտոնյային, երկրի ղեկավարին, մյուսներին գնահատելու բարձրագույն ցուցիչը հայրենասիրությունն է։ Եթե չկա այդ բարձր գիտակցությունը, պետության և գրականության կորուստն անխուսափելի է։ ՈՒստի՝ փառք ու պատիվ բոլոր այն մտավորականներին, որոնք անձնվեր ծառայել են իրենց գրականությանը՝ հավերժացնելով Ամենաթանկը՝ Հայրենիքը։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը կազմակերպել էր հոբելյանական եռօրյա գիտաժողով (նոյեմբերի 13-15)՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, գրականության տեսաբան, գրականության պատմաբան, գրաքննադատ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Սարինյանի 100- ամյակին։ Գիտաժողովը հագեցած էր, բովանդակալից։ Խորին շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին՝ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին, տնօրենությանը, Հայ նոր գրականության բաժնի վարիչ հարգարժան տիկին Սիրանուշ Մարգարյանին՝ մեծ նվիրման, գրականության Նվիրյալին վերարժևորելու ու տքնաջան աշխատանքի համար: