Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Նվիրյալները

Նվիրյալները
15.12.2024 | 19:57

Եթե որևէ գրականագետի մասին գրելիս` նրա նախնական կերպարը կերտելուց հետո, մի քանի պերճախոս բառ կարող ես ավելացնել ու կերպարը կամբողջանա, ապա այդպես չես կարող վարվել լեզվաբանի մասին գրելիս։ Լեզվաբանի մասին խոսելիս կամ գրելիս գործածելիք բառապաշարդ էլ պիտի լավ տնտղես և ընտրս ամենակարևորները։

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՅԱՆ

«Նվիրյալները» շարքն սկսելիս հետաքրքիր բան է անցել մտքովս։ Համալսարանի մեր մեծ լսարաններն եմ հիշել` հատ-հատ։

Զարմանալի է, բայց փաստ։ Չեմ հիշում, որ լսարան մտնող որևէ դասախոս (խոսքս վերջին մոհիկան հսկաների մասին է) ներկայանար` ինքն ով է։ Նրանք երևի գիտեին, որ իրենց վաղուց ենք ճանաչում, ճանաչում ենք դպրոցական նստարանից, իրենց հեղինակած դասագրքերից, հանրաճանսչ գիտական աշխատություններից։

Երևի իրենք էլ գիտեին, որ անհնար է չճանաչել իրենց։

Միայն պատից կախված դասացուցակով դասավանդվող առարկայի անվանումը բավական էր, որ իմանայինք` ո՞վ է կանգնած ամբիոնի մոտ, հերթական մեծը, հսկան, ճանաչված գիտնականը։

Կամ թե` երևի ավելի շատ մտքներովն անցնում էր, որ պահը բաց չթողնենք իրենց լսելու, իրենց խոսքն ըմբոշխնելու, իրենց գիտելիքները մեզ փոխանցելու պատեհ առիթը վայելելու։ Չգիտեմ։ Բայց որ լսարան մտնող յուրաքանչյուր դասախոսի իրենց արժանի հարգուկարգով ու սիրով ենք ընդունել, հաստատ է։

Իմ սերնդակից բանասերներները համալսարանում առաջինների թվում հանդիպել են մարդկանց, ում երբեք չեն կարող մոռանալ։ Նրանցից էր ակադեմիկոս Էդուարդ Աղայանը։

Մինչ համալսարան ընդունվելն այն ժամանակ արդեն մեզ ծանոթ «Ընդհանուր լեզվաբանություն», «Լեզվաբանության ներածություն» աշխատություններով մեզ հայտնի հայոց լեզվի առաջին դասախոսը, որ եկավ մեզ հայերենի ակունքները մեր առջև բացելու, Էդուարդ Աղայանն էր։ Թեև մենք նրան էլ, մյուսների պես, գիտեինք մեր դասագրքերից։ Նա մեր դպրոցական 4-7-րդ դասարանների «Հայոց լեզու» դասագրքի համահեղինակն էր` գրեթե ամեն օր հանդիպող ազգանունով։

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Անթիվ են նրա կոչումներն ու պարգևները։

Մեր ուսումնառության տարիներին ընկեր Աղայանը բանասիրական ֆակուլտետի «Ընդհանուր լեզվաբանության» ամբիոնի վարիչն էր։

Կան լեզվաբանության ոլորտի գիտնականներ, որ այդ ոլորտում անհերկ տարածքներ չեն թողել։ Ավելի ճիշտ` չեն կարողացել անտարբերությամբ անցնել։ Այն ձգել է, հմայել։ Նրանցից է Էդուարդ Աղայանը։

Նրա գիտական գործունեությունը կապված է ընդհանուր լեզվաբանության, հայ լեզվաբանության պատմության, հայոց լեզվի պատմության, քերականագիտության (համեմատական քերականություն, նկարագրական քերականություն, պատմական քերականություն), բառագիտության (բառաքննություն և ստուգաբանություն), բարբառագիտության, ժամանակակից հայոց լեզվի, Արևելքի գրականության պատմության, գրաբանության (նաև ուղղախոսություն, ուղղագրություն) և այլ հարցերի գիտական ուսումնասիրության հետ։

Շուրջ երկու տասնամյակ նա եղել է լեզվաբանության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, թեկնածուական և դոկտորական գիտական թեզերի ղեկավար։

Լեզվաբանության` որպես գիտակարգի ձևավորման ակունքներում թողել է գիտական հարուստ, բացառիկ արժեքավոր ժառանգություն։

Այս ոլորտում էլ անհերկ տարածք մնա՞ց։

Երբ մենք արդեն Էդուարդ Աղայանի ուսանողներն էինք, 1976-ին լույս տեսավ նրա «Արդի հայերենի բացատրական բառարան» սև կաշվե կազմով երկհատորյակը (135 600 բառ, 11 000 դարձված, 15 000 նորաբանություն)։ Սա բառարանագիտության բացառիկ նմուշ է և այն դարձավ մեզնից յուրաքանչյուրի սեղանի գիրքը և ուղեցույցը։ Այդպես է մինչ օրս։

Առաջին պահին դժվար է պատկերացնել. մի կյանք ու այսքան որոնումներ, ուսումնասիրություններ, աշխատություններ։ Սակայն բավական էր ընդամենը նրան տեսնել, թեթևակի ուշադրություն դարձնել նրա շարժուձևին, մեկ անգամ լսել նրան և ամեն ինչ մոռացվում էր։

Երևանի պետական համալսարանի (սև շենքի) դիմացի փողոցում բարձր առաստաղով եռահարկ շենք է։ Դա Երևանի պետհամալսարանի դասախոսների շենքն է։ Առիթ եմ ունեցել լինելու նրանցից ոմանց բնակարաններում (նաև` Էդուարդ Աղայանենց տատը) և ուշադրությունս առաջին հերթին գրավել է նրանց բնակարանի գրքերով ծանրաբեռ տարածուն դիմապատը։ Այն ժամանակ, հիմա էլ, գրքի հարգն իմացող ընտանիքներում նրանց նկատմամբ հարգանք տածելու և պատակառանքով լցվելու առաջին նախապայմանն էր։

Հաճելի, հմայիչ արտաքինով տղամարդ էր մեր ընկեր Աղայանը։ Արագաշարժ, փարթամ մազերով, շարժուն աչքերով։ Այնքա՜ն, իրեն այնքա՜ն սազացող բարեկրթությանը գալիս էր լրացնելու նրա անհանգիստ, հախուռն բնավորությունը, որ, կարծում եմ, չտեսնելն անհնար էր։

Սիրված մարդ էր, սիրված դասախոս։

Նաև` խիստ պահանջկոտ, եթե խոսքը վերաբերում էր լեզվին, մասնավորապես` հայոց լեզվին։

Նրան լսելը իսկապես հաճույք էր, մասնագիտական վայելք։

Դասախոսելիս իր տարերքի մեջ` հաճախ մեզ էլ էր տանում դեպի մեր ակունքները, որ պեղել էր ինքը, պեղել սկզբից։ Հերկել ու հունդերը շաղ տվել մեր առջև։

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի նախասրահում հայոց կաճառի մյուս մեծերի կողքին նրա բրոնզաձույլ արձանն է։ ՈՒ թվում է` եթե հրաշքով տարիները հետ գնան ու դու մտնես այն լսարանը, որտեղ երբևէ եղել ես, պիտի հանդիպես պատասխանիցդ գոհացած, ժպտացող ընկեր Աղայանին, լեզվաբանության գիտակ հսկային, որին այնքան համահունչ էին իր անունն ու ազգանունը։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3453

Մեկնաբանություններ